Mitsubishi Heavy Industries Russia ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորությամբ։ 

Նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, զարգացումներն ու մարտահրավերները, մատնանշել հնարավոր համագործակցության ուղիները: 

Յասուշի Կակիտսուկան իր հերթին մանրամասնել է ընկերության գործունեության ուղղություններն ու ոլորտները, նախանշել փոխգործակցության հնարավոր սցենարները: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է լուրջ կամուրջ հանդիսանալ նոր բիզնես կապերի ձևավորման և գործունեության ծավալման համար: Կարծիքներ են փոխանակվել նաև տեխնոլոգիական ընկերությունների հետ հանդիպումներ կազմակերպելու, ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու հնարավորությունների վերաբերյալ։ 

Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերությունը մտադիր է ՀՀ Կառավարության հետ գործակցության ուղիներ նախանշել, որոնց հստակեցումից հետո անմիջապես գործունեություն ծավալել Հայաստանում։