Գյումրիի երկու արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է․ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել․ Factor.am

Գյումրիում գործող  «Լենտեքս» ու «Սվետտեքս» ընկերություններում մի շարք աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու ընկերություններում իրականացվել են նմուշառումներ։ Արդյունքում յուրաքանչյուր ընկերությունում 20-ից ավելի վարակակիրներ են հայտնաբերվել։ Այս պահին կարի երկու արտադրամասն էլ փակ են։

«Սվետտեքս»-ի գործունեությունը դադարեցված է, իսկ «Լենտեքսում» այդ հարցը դեռ քննարկման փուլում է։ Նշենք, որ Հունիսի 9-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, որից 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Հրապարակված տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 192 բնակիչ։ Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք:

Արձանագրվել է մահվան 10 դեպք։ Վերջին դեպքը գրանցվել էր Երևանում ախտորոշված ու այնտեղ բուժվող քաղաքացիների շրջանում, մահվան ևս երկու դեպք էլ արձանագրվել էր Գյումրիից Երևան տեղափոխված հիվանդների շրջանում, որոնք եղել էին ծանր վիճակում։ Մյուս դեպքերը գրանցվել են Անի համայնքում ու Գյումրիում։ Նշենք, որ Շիրակի մարզում կորոնավիրուսային իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է։ Վարակի հիմնական օջախները շարունակում են մնալ Գյումրին ու Անի համայնքը։