Ռոբերտ Քոչարյան. Թարս խոստովանողը

Ռոբերտ Քոչարյան. Թարս խոստովանողը
Ռոբերտ Քոչարյան. Թարս խոստովանողը

2009-ի ապրիլի 30-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մարտի 1-ի խորհրդարանական նիստում հայտարարում է, որ ո՛չ Քոչարյանը, ո՛չ ինքը ժողովրդի վրա կրակելու հրաման չի տվել:

2011-ի մայիսին Ռոբերտ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին ասում է՝ կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը այս ամենին ավելացնում է ևս մեկ բան՝ Քոչարյանը հրաման չի տվել, որ հատուկ ուժերը առավոտյան ցուցարարներին ցրեն Ազատության հրապարակից:

Մի խոսքով, մինչ Ռոբերտ Քոչարյանը վերահսկում էր սահմանադրական կարգը, երկրում բարդակ էր:

Եթե համարենք, որ նա մարտի 1-ի առավոտյան ժողովրդին ամենադաժան հետապնդումներով հրապարակից դուրս մղելու գործողությունների հետ իսկապես կապ չունի, նշանակում է այնպիսի վիճակ չէր երկրում, որ ինքը սթափվեր ու խառնվեր:

Ուրեմն սահմանադրական կարգն ապահովված չէր, եթե մարդը տեղյակ չէր, որ ոստիկանության հատուկ ուժերն ինչ-որ գործողություն են իրականացնում:

Իսկ ճշմարտությունն էն է, որ հենց նախորդ օրը համալսարանում Ռոբերտ Քոչարյանն ուսանողներին ասում էր, որ իրենք ստիպված կլինեն մաքրել հրապարակը ցուցարարներից:

Ուրեմն տեսեք՝ ինքը մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած բռնությունների հետ կապ չունի, ինքը կապ չունի նաև սպանությունների հետ:

Էդ դեպքում ինչպե՞ս են վերականգնել սահմանադրական կարգը, եթե երկու ամենակարևոր գազանությունների հետ իրենք կապ չունեն: Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ստում էր մի իրավիճակում, երբ ճշմարտությունը գրողի ծոցում էր:

Նրա համար առ այսօր դեռ պահը չի եկել, որ ստիպված լինի ասել, թե ով է տվել հանրահավաքը բարլուսախառն ցրելու հրամանը և ով է տվել ցուցարարներին սպանելու հրամանը:

Արամ Օրբելյանը փաստաբան տղա է, կարող է հանուն իր պաշտպանյալի խեղաթյուրել փաստը:

Ռոբերտ Քոչարյանն էլ հո փաստաբան չէ՞:

Եվ նա էլ հո չի՞ կարող ասել, թե կրակելու հրամանը, ասենք, տվել է ոստիկանության ներքին զորքերի 4-րդ վաշտի մի ենթասպա: Ինքն էլ գիտի, որ էդ օրը շտաբ է գործել, որն արդեն նախապես գծված սցենարով է իրականացրել նույնիսկ մեկ փամփուշտի կրակոցը:

Փաստաբանի համար պետությունը սկսվում է իր պաշտպանյալի իրավունքներից և նրան որևէ պետական հանցանքից պլստացնելուց:

Որտեղի՞ց է սկսվում պետությունը 10 տարի այն ղեկավարած մարդու համար:

Էս մարդը ժամանակին շատ հստակ հրաման է տվել ուտել մի քանիսի գլուխը և փակել ընտրությունների թեման:

Ինքը հրամանը տվել է:

Էն ժամանակ նման հրամանը նույնքան օրինաչափ էր, որքան ասելը՝ կնի՛կ, հա՛ց դիր, ուտեմ:

Հիմա էդ երկու հրամանները տարանջատված են: Հիմա հստակ է, որ առաջին հրամանը հանցագործություն է: Ընդ որում, հանցագործություն է սահմանադրական կարգի անունից: Ինքը հետո ավելի հանճարեղ է ձևակերպում, երբ լսում է, որ իրեն մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Ասում է՝ էդ կարգը ես էի, ես ո՞նց կարող էի ինքս ինձ տապալել:

Սա լավագույն խոստովանությունն է, այսինքն՝ ես սպանել եմ ինձ համար: Կամ, որ նույնն է, Սերժ Սարգսյանի համար:

Իսկ էսպիսի խոստովանություններն անխուսափելի են հենց էն պարզ պատճառով, որ սուտը ստիպում է իր մասին խոսել պաճուճանքներով, իսկ պաճուճանքը սրբություն չունի, ինքն իրեն մատնում է առաջին պատահած մի կիսագրագետի «աչքերի մեջ նայելով»:

Այսինքն՝ աչք ունեցողը կտեսնի, որ սպանություններով պահպանվեց իշխանությունը, և ականջ ունեցողը կլսի, որ ջրի երես ելած ճշմարտության առջև ցանկացած սուտ թարս խոստովանություն է:

Մհեր Արշակյան

MediaLab.am