Սա երկրորդ «պատժամիջոցն» է, երբ ՄԻՊ-ի աշխատանքը լուսաբանվում է թերի կամ ընդհանրապես չի լուսաբանվում, ինչը չի բխում ժողովրդավարությունից. Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումը արգելափակելու վերաբերյալ։ Համակարծի՞ք եք տարածած հայտարարությանը:

– Խնդիրը, իհարկե, ակնհայտ ուսումնասիրության կարիք ունի: Հանրայինի հետ կապված կան մտավախություններ, որ ամբողջական լուսաբանում չկա: Որոշ խնդիրներում կան վերապահումներ, ու դա երևում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարածած հայտարարության մեջ, որը պատասխանել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրությանը, որով վերջինս դիմել էր Հանրային հեռուստաընկերությանն ու Հանրային հեռարձակողի խորհրդին՝ որպես հրատապ հարց պարզաբանումներ պահանջելով «Լուրեր» ծրագրի թողարկումներում պաշտպանի հրապարակումները անտեսելու և դրանք չլուսաբանելու հարցով:

Օրենքի պահանջն է, որ Հանրայինը պետք է ամբողջ ծավալով բավական զգայուն լուսաբանում իրականացնի օմբուդսմանի աշխատանքի մասով, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը բավական բարդ է, նա մարդու իրավունքները պաշտպանում է պետական տարբեր մարմինների ոտնձգություններից:

Ի դեպ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը սահմանադրական օրենք է, իսկ սահմանադրական օրենքները Հայաստանում ընդամենը 7-ն են, այսինքն՝ ՄԻՊ-ը հատուկ կարգավիճակով մարմին է, որի վերաբերյալ Հանրայինն ուղիղ պարտավորություն ունի ամբողջ ծավալով ուղիղ լուսաբանում իրականացնելու, տարբեր կարծիքների պարագայում պարտադիր ներառելու նաև օմբուդսմանի կարծիքը, իսկ Հանրային հեռարձակողի խորհրդի այդ պատասխանում շատ վտանգավոր մի բան կար, որ իրենք դիտարկել են, և, օրինակ՝ ՊՆ-ի հայտարարությունն առավել հավաստի է համարել: Սա նշանակում է, որ օմբուդսմանի ինստիտուտի հանդեպ նրանք կասկած են սերմանում:

Լրատվամիջոցի հիմնական, անկյունաքարային պարտավորությունը հանրությանը տեղեկություն հայտնելն է, հատկապես Հանրայինինը, որովհետև այն սփռվում է ամբողջ Հայաստանով ու քիչ թե շատ համարվում է հավաստի աղբյուր: Բացի այդ, այն սնվում է հանրային միջոցներից, այսինքն՝ մենք այստեղ ունենք նաև հանրային միջոցների ոչ պատշաճ կամ ոչ նպատակային օգտագործման հետ կապված մտավախություն:

Որպեսզի այս ամբողջ ծավալով ուսումնասիրություն կատարվի, ինքս դիմել եմ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին, որպեսզի փորձագետների խումբը դիտարկի այս խնդիրը ու հատկապես խորհրդի պատասխանը, որում ես լուրջ էթիկական խնդիր տեսա՝ չընկալելու, թե Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն ինչի՞ համար է, ինչո՞ւ է կարևոր, որ Հանրայինը հեռարձակի ու լուսաբանի պաշտպանի աշխատանքը, ինչո՞ւ է կարևոր ՄԻՊ-ի տեսակետի հրապարակումը, եթե նույնիսկ դա հակասում է պետական այլ մարմինների հայտարարություններին:

Ըստ ձեզ՝ խնդիրը ո՞րն է, որ ՄԻՊ-ի աշխատանքներն ամբողջությամբ չեն լուսաբանվում Հանրայինով:

– Մարդու իրավունքների պաշտպանը ազգային կանխարգելման մեխանիզմ է, նա փաստացի պետական մարմինների ու քաղաքացիների միջև վերահսկող օղակ է, ու պետական տարբեր մարմիններ բավական շահագրգիռ են իրենց նկատմամբ որևէ վերահսկողություն չունենալու առումով, հատկապես ուժային կառույցները, կառավարությունը, որպեսզի չլինի որևէ քննադատություն:

Նրանք փորձում են այն ինստիտուտների, կազմակերպությունների, որոնք անցանկալի կլինեն այս կամ այն հարցում խնդիրը բարձրաձայնելու տեսանկյունից, աշխատանքները կանխարգելել, ինչը Հայաստանում գործող շատ արատավոր պրակտիկա է:

Արման Թաթոյանը միակ օբուդսմանն է, որը պաշտոնավարում է իր ողջ ժամանակահատվածը՝ վեց տարին: Մինչ այդ երեք օմբուդսմանները ժամկետից շուտ դուրս են եկել տարբեր ճնշումների պատճառով: Լարիսա Ալավերդյանին մի ձևով են փորձել ճնշել, շատ լավ հիշում ենք՝ Արմեն Հարությունյանին մարտի մեկի զեկույցից հետո ինչպես Ռոբերտ Քոչարյանն անվանեց անհաջող կադր, ու դրանից հետո Արմեն Հարությունյանը լքեց պաշտոնը: Երրորդ պաշտպանը ներկայիս արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էր, որը հրապարակեց կոռուպցիոն սարսափելի ռիսկերի հետ կապված իր աղմկոտ զեկույցը, որը նաև բացահայտում էր դատական համակարգի ամբողջ արատավոր պրակտիկաները: Նա ևս այդ զեկույցից հետո ստիպողաբար կամ տարբեր ճնշումների տակ հրաժարական ներկայացրեց, ու ընտրվեց Արման Թաթոյանը:

Ցանկացած իշխանություն փորձում է իր համար ավելի հարմար Մարդու իրավունքների պաշտպան ընտրել, ինչն արատավոր պրակտիկա է: Բնավ նկատի չունենալով անձերին՝ կարծում եմ, որ ՄԻՊ-ը պետք է անկախ անձ լինի: Արդարադատության փոխնախարար լինելուց հետո դառնալ օմբուդսման՝ բավական մեծ ջանք ու ռիսկ է պարունակում, հատկապես եթե դու նշանակվում ու ընտրվում ես հենց այն քաղաքական ուժի կողմից, որն այդ պահին իշխանություն է, այսինքն՝ դու դառնում ես այդ իշխանության կախյալ անձը՝ ընտրվելով նրա կողմից և ունենալով բավական սերտ կապեր նաև արդարադատության նախարարության ամբողջ աշխատակազմի հետ:

Հանրապետականի ժամանակ ունեցել ենք նույն պրակտիկան, երևի օմբուդսմանը քիչ թե շատ ազատագրվեց հեղափոխությունից հետո, ամենևին չեմ ասում, թե լավ կամ վատ էր աշխատում, բայց այդ ճնշումը, որն առկա է իշխող ուժի կողմից, որ իրեն ընտրել են, ու ինքը, կարծես թե, պարտավորված է, կաշկանդում է:

Այնուամենայնիվ, որքան էլ փորձ կատարվի ճնշել ՄԻՊ-ին, անհնար է, որովհետև մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ շատ բարձր սահմանադրական ու միջազգային չափանիշներ են սահմանված, այնպես որ, նրանց սպասելիքները չեն արդարանալու նույն Քրիստիննե Գրիգորյանի տեսանկյունից, որքան էլ նրանք փորձել են ընտրել ամենահարմար թեկնածուին, որովհետև այս պաշտոնը իր օրենքով պարտադրում է անաչառություն, պետական մարմինների նկատմամբ սուր քննադատություն, վերահսկողություն ու մարդու իրավունքների վերաբերյալ բավական ակտիվ աշխատանք:

Տիկի՛ն Հովհաննիսյան, կոնկրետ այս արձանագրումը ինչի՞ մասին է վկայում: Նման գործելաոճը որքանո՞վ է բխում ժողովրդավար պետության սկզբունքներից:

– Օմբուդսմանի գրասենյակի նկատմամբ սա արդեն երկրորդ ճնշումն է: Առաջինն այն էր, որ հայտարարեցին, թե փորձ է արվելու նվազեցնել կառույցի ֆինանսավորումը, որը ևս արժանացավ թե՛ ՀՀ-ի ներսում իրավապաշտպանների ու քաղաքացիական հասարակության բավական կոշտ արձագանքին, թե՛ միջազգային բավական կոշտ գնահատականի:

Հիմա սա երկրորդ «պատժամիջոցն» է, երբ աշխատանքը լուսաբանվում է թերի կամ ընդհանրապես չի լուսաբանվում: Սա ստեղծում է նաև մեկ այլ պատրանք, որ հեռավոր մարզերի բնակիչները երկար ժամանակահատված կարող են համարել, որ ՄԻՊ-ը բոլոր հարցերի վերաբերյալ լռում է, այսինքն՝ հանրային որոշակի տրամադրություններ ևս ստեղծում են:

Միգուցե նոր պաշտպանի պարագայում քաղաքականությունը փոխվի, բայց, միևնույն է, քանի որ կա նախադեպ, դա որպես մահակ է դիտարկվելու այս իշխանության ձեռքին, և եթե այն մեկ-երկու անգամ աշխատել է, երրորդ անգամ ևս կաշխատի: Այս հարցը պետք է անպայման հանրայնացվի, որպեսզի կանխարգելվի այս ամենը, ինչը, իհարկե, չի բխում ժողովրդավարությունից:

Սա երկրորդ նման ծավալով ոտնձգությունն է, և դա նշանակում է, որ մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեսանկյունից երկրում էլի կոշտացումներ ու հետընթաց են գրանցվում:

Քրիստինե Աղաբեկյան   

MediaLab.am