«Ռոբերտ Քոչարյանի արձանագրած պարտությունները հօգուտ հեղափոխության են՝ 4:0 հաշվով». Ստյոպա Սաֆարյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Պարո՛ն Սաֆարյան, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել և ասել, որ հավանական է համարում այս տարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինչո՞ւ են այս թեզն առաջ քաշում այս փուլում։

– Բա ի՞նչ ասի։ Ռոբերտ Քոչարյանը քանի անգամ փորձել է հույս տալ իր աջակիցներին, որ իրենց պայքարն անիմաստ չէ, շուտով պսակվելու է հաջողությամբ, և ինքն իշխանության է գալու։ Մենք մեկ տարուց ավելի է՝ նրա կողմնակիցների շուրթերից լսում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը շատ մեծ ուժ է և շուտով իշխանության է գալու։

Երբ նրան փորձում էին դուրս դնել Հայաստանի արդարադատությունից ու օրինական պատժելիության դաշտից, դա նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներին էր, չստացվեց։ Դա գիտակցելով և որոշելով չկոտրել սեփական թիմը և նրանց մոտիվացիան, հայտարարեց, թե աշունն է թեժ լինելու, փողոցում իշխանափոխություն է լինելու, և ինքը տարբեր օղակները կապող կարևորագույն հանգույցն է լինելու։ Դա էլ չստացվեց։Հիմա հո չի հայտարարի՝ մի՛ հավատացեք իմ ազատությանը, պարզ է, որ քաղաքական հնարք է կիրառվում, որ ինքը դեռևս գործոն է։

Կարծում եմ՝ ժամանակը ցույց տվեց, որ նա, որքան էլ փորձում է իրեն ներկայացնել հայ-ռուսական հարաբերություններում որպես առանցքային գործոն, դա հերքվեց։ Կարծում եմ՝ այն ուժեղ գործչի կերպարը, որ փորձում էին ստեղծել, տապալվեց։ Եվ ընդամենն ամբողջ ուժը կայանում է նրանում, որ դատական նիստերը տարբեր պատրվակներով հետաձգում են։ Նա այդ հայտարարություններն անում է, որպեսզի իր աջակցներին իր կողքին պահի, ոչ թե հանրությանը հուսադրի, որ ինքն իշխանության է գալու։

Բացի հայտարարություններից, նաև որոշ ուժերի կողմից գործողություններ են եղել կարծես։ Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսեց այն մասին, որ պետական հեղաշրջման փորձ է եղել, Նիկոլ Փաշինյանը դա անվանեց հիբրիդային պատերազմ։

– Այո՛, իհարկե կային գործողություններ, բայց դրանք բոլորը տապալվեցին։ Իրենք պատկերացնում էին, որ իշխանության մարմինները, առաջին հերթին Սահմանադրական դատարանը, դատարանները, անգամ Հանրային խորհուրդը, այսպես ասած, կհակադրվեն կառավարությանն ու հասարակությանը կհանեն կառավարության դեմ, և Քոչարյանին ազատ կարձակեն, բայց դա չստացվեց։

Դրանից հետո փորձեցին դատավարությունների ձգձգման տակտիկան։ Այդ ամենը, իհարկե, ուղեկցվել է իշխանության մեջ եղած վերջին ռեսուրսների օգտագործումով։ Կլիներ դա որևէ բարձրաստիճան պաշտոնյա՝ ԱԱԾ-ում, ՍԴ-ում, թե Հանրային խորհրդում, նրանք բոլորը պետք է այդ սցենարի մի մասը կազմեին, ամեն մեկն իր փոքր ու մեծ դերը կատարեր։ Հետևաբար, ես չեմ ասում, որ ինքը միայն իր աջակիցներին պահելու համար է այս ամբողջն արել, ինքը փորձեր կատարել է, բայց այդ փորձերը տապալվել են։

Եվ այժմ, քանի դեռ նա չգիտի, թե ինքն ինչ է անելու, և այլևս նախկին ռեսուրսները չկան, նույնիսկ այդ եզակի մարդիկ չկան իշխանության մեջ, նրան մնում է միայն ուտոպիստական հայտարարություններ անել՝ հուսադրելով իր շահառուներին ու աջակիցներին։

Հիմա կարո՞ղ ենք ասել, որ վերացված են այդ հեղաշրջման վտանգները, որ ավելի վստահելի իրավապահ համակարգ ունենք։

– Իհարկե ո՛չ։ Մենք չորս սցենարի տապալում ունենք այս դեպքում։ Մեկը Նիկոլ Փաշինյանի ընտրությունն էր, երբ փորձում էին Նիկոլ Փաշինյանին օգտագործել որպես միջոց՝ Սերժ Սարգսյանից ազատվելու և իշխանության գալու համար։ Երկրորդ փորձը 2018-ի հոկտեմբերին էր, երբ Ազգային ժողովը փորձում էր այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ հնարավոր չլիներ հանրության կողմից ճնշում գործադրել։

Բայց Ազգային ժողովն արձակվեց։ Երրորդ փորձը դատարանների մոտ ակցիայի իրականացման հետ էր կապված, որը փակեց ըստ էության դատարաններն օգտագործելու պատուհանը։ Չորրորդը ԱԱԾ նախկին տնօրենի հետ կապված դեպքն էր։ Բոլոր դեպքերում էլ պարտություն արձանագրվեց, չորս պարտություն՝ ուղեկցված հիբրիդային պատերազմի գործիքներով։

Այսինքն՝ ուշադրություն դարձրեք՝ խորհրդարան, դատարաններ, ուժային կառույցներ, այս մեթոդներն են օգտագործվել։ Ինչքան էլ քարոզչության նպատակներով հաղթական պատկեր ստեղծվի, միևնույն է, փաստն այն է, որ երեք մարմիններն օգտագործելու փորձը տապալվել է։ Եվ սա արդեն նախադեպ է դառնում։ Եվ մենք չենք կարող ասել, որ հաջորդ փորձը չի լինի։ Բայց արձանագրված պարտությունները հօգուտ հեղափոխության են՝ 4:0 հաշվով։

– Կան տեսակետներ, որ իշխանության թուլությունը կար այս հարցում, դուք ի՞նչ կասեք։

– Խոշոր առումով այդ թուլություններն այնքան աննշան են եղել, որ հակառակ կողմն է պարտվել։ Բայց ասել, թե թուլություններ ու բացթողումներ չեն եղել, իհարկե եղել են։ Եթե դրանք չլինեին, բանը չէր հասնի այդպիսի հանգուցալուծումների, ինչպես, օրինակ՝ դատարանների մոտ մարդկանց ակցիան էր կամ խորհրդարանի պաշարումը։

Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am