Ադրբեջանցիների սադրիչ քայլերի հետևանքով արցախցի 4 կնոջ ինքնազգացողությունը վատացել է․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ԱՀ ԱՆ

Ռուս խաղաղապահները փորձել են ՀՀ Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոամտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից

Տեղում ադրբեջանցիների միջամտության պատճառով վատացել է մեր քաղաքացիներից չորսի ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահները ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը և նշված չորս քաղաքացիները (կանայք)  տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։ 

Բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն և նրանք այս պահի դրությամբ գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում։