Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու քննարկումներ չունի

Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի թվերի աճով պայմանավորված լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու քննարկումներ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու մասին քննարկումներ չունենք: Մեր քաղաքականությունն ուղղված է արդեն իսկ սահմանված սահմանափակումները ճիշտ կերպով իրագործելուն: Ունենք սահմանված ռեժիմ, որ այն դպրոցները, որտեղ վարակման ցուցանիշները մեծանում են և ունենք բռնկում, անցնում են օնլայն ռեժիմի, որպեսզի ընդհանուր դասապրոցեսը չխաթարվի, այսպիսի լոկալ լուծումները հնարավորություն են տալիս կանխել վարակի տարածումը»,- ասաց Ավանեսյանը: