Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունները ԱԺ հանձնաժողովը հաստատել է

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Այդ մասին տեղեկացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները:

Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաեւ պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել եւ որոնց հետեւանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել պարտավորությունները: Այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում իրավունքի ժամկետները երկարաձգվում են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով, ինչը հնարավորություն է տալու ընկերություններին պատշաճ կատարել այն պարտավորությունները, որոնք չէին կատարվել աշխարհում եւ ՀՀ-ում վերջին տարիներին ստեղծված անկանխատեսելի եւ արտակարգ պայմաններում:

Այս դրույթի առնչությամբ փոխնախարարը նշել է, որ այն ներդրողների համար կապահովի գործունեություն կազմակերպելու կանխատեսելիությունը, ինչպես նաեւ կբարձրացնի ներդրումային գրավչությունը:

Օրենքի նախագծով ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման առնչությամբ ընկերություններին առաջարկվում է դիմում ներկայացնել լիազոր մարմին, որն էլ պարզելու է փոխանցման հետ կապված բոլոր հարցերը:

Կարգավորվելու են նաեւ ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի հետ կապված իրավահարաբերությունները: Ամրագրվելու է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգի, ձեւերի եւ լրացման ուղեցույցների, ինչպես նաեւ մասնագիտական առումով ավելի ճշգրիտ կտրվի «օգտակար հանածոյի կանխատեսումային ռեսուրսներ» հասկացության սահմանումները:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցին ի պատասխան Հովհաննես Հարությունյանը նշել է, որ հարցերը նախօրոք քննարկվել են ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել: