Ավելի նպատակային քաղաքականություն է երևում Թուրքիայի կողմից՝ մեր տարածաշրջանում իրենց դերակատարության աճի մասով. Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, Անկարայում դեսպանների 14-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ «Հարավային Կովկասում կայունություն, բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար կարևոր է, որ զուգահեռաբար զարգանա թուրք-հայկական և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Սա նշանակում է, որ Թուրքիան մեր տարածաշրջանում իր ներկայությունն ավելի՞ է փորձում ընդլայնել:

– Վերջին շրջանում, պայմանավորված աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրողություններով, Թուրքիան ակնհայտորեն, առնվազն հռետորաբանության մակարդակով, մեծացրել է հետաքրքրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, այսինքն՝ առնվազն նոր կառավարության ձևավորումից հետո Թուրքիայի կողմից ավելի նպատակային քաղաքականություն է երևում մեր տարածաշրջանում իրենց դերակատարության աճի մասով: 

Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ Թուրքիան, բնականաբար, գնահատում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության պակասով պայմանավորված՝ հնարավոր վակուումը իր ազդեցությամբ լցնելու հնարավորությունը ու առնվազն բանակցային տարբեր օրակարգերում հիմք է ստեղծում դրա համար: 

Մի կարևոր նրբություն էլ պետք է արձանագրել, որ վերջին շրջանում Անկարա-Մոսկվա բանակցություններում և նաև Թուրքիա-ԱՄՆ բանակցություններում քննարկվող տարբեր հարցերի կողքին շեշտվում է նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման թեման, ամենավառ ապացույցը Բլինքեն-Ֆիդան վերջին հեռախոսազրույցն է: Այսինքն՝ թուրքական կողմը իր միջազգային բանակցությունների օրակարգի հարց է դարձրել նաև Հարավկովկասյան տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը նպաստելու իր ջանքերը, որով փորձում է նոր խաղաթղթեր ու հնարավորություններ ստանալ՝ Հարավային Կովկասում ազդեցության աճի ուղեգիծն ամրապնդելու համար: 

– Թուրքիայի պատկերացումը խաղաղության մասին և՞ս նույնն է, ինչ Ադրբեջանինը, եթե այդպես է՝ միջազգային խոշոր խաղացողները համակարծի՞ք են, որ նման խաղաղություն հաստատվի տարածաշրջանում:

– Եթե գնահատում ենք արևմտյան խաղացողների դիրքորոշումը, այն, մեծ հաշվով, հայտնի է: Մենք գիտենք, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման, թե ո՛ւմ շահերի հաշվին կլինի, կամ ո՛վ առավելապես կշահի այդ գործընթացից, այնքան էլ էական չէ: Արևմուտքի համար կարևորը խաղաղության հաստատումն է, որը ռազմավարական բնույթի խնդիր է, դրանով իրենք կլուծեն իրենց այդ խնդիրը՝ հիմքեր կստեղծեն տարածաշրջանից Ռուսաստանի դուրս գալու համար: 

Թուրքիա-Ռուսաստան շփման պարագայում այդ հարցի քննարկումը Թուրքիայի համար օգտագործվում է թուրքական հայտնի մանևրի տրամաբանության մեջ՝ այս տարածաշրջանում խնդիրներն ընդհանուր լուծելու ուղեգծի սահմանման համատեքստում, այդ հայտնի 3+3 ձևաչափը:

Այսինքն՝ Թուրքիան Արևմուտքի հետ խոսում է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը նպաստելու և Ռուսաստանի ազդեցության հնարավոր բացը իրենով լցնելու մասին, որն Արևմուտքի համար կարող է ընդունելի լինել, իսկ Ռուսաստանի հետ էլ համագործակցային այդ միջավայրում ընդհանուր խնդիրները լուծելու տրամաբանությամբ է առաջնորդվում: Այս ամենի արդյունքում ո՛ր խաղացողի կամ ինչպիսի՛ պայմաններում կողմերը կգան համաձայնության՝ երկրորդական է, որովհետև արդյունքը մեկն է՝ Թուրքիայի ազդեցության աճը տարածաշրջանում:

– Պարո՛ն Պետրոսյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռուսաստանը, մեծ հաշվով, դեմ չէ, որ Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում աճի:

– 44-օրյա պատերազմի մեկնարկը, ընթացքը, ավարտն ու հետևանքները նոր օբյեկտիվ իրողություն ստեղծեցին, որով Ռուսաստանն ըստ էության կանգնեց փաստի առաջ: Բացի Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունից, որը բավականաչափ կարևոր իրողություն էր, պատերազմից հետո Ռուսաստանը, փաստացի, նաև այդ համաձայնությունը տվեց, որ Թուրքիան ներկայանա նաև մեր տարածաշրջանում՝ ի դեմս Աղդամում ստեղծված համատեղ մոնիթորինգային կենտրոնի: Հետևաբար, մեծ հաշվով, 44-օրյա պատերազմի իրողությունները Ռուսաստանին ստիպեցին տարածաշրջանում իր ազդեցության դերաբաշխում կատարել ու դա կիսել Թուրքիայի հետ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am