«Հարձակում ա եղել, տղաս միայնակ կարողացել ա պահի ամբողջ ճակատը, որ մնացածը կարողանան անվնաս նահանջել»․ Արիության մեդալ՝ 20-ամյա Սամոյին հետմահու

20-ամյա Սամո Ղազարյանը զորամասում ծաղկամանով ծաղիկ էր աճեցրել, որպեսզի զորացրվելուց իր հետ տուն բերեր, պատերազմի ժամանակ ծառայակից ընկերներին ասել էր․ 

«Տղե՛րք, եթե իմ հետ մի բան պատահի, խնդրում եմ՝ էս ծաղիկը հասցնեք մորս»,- հուզմունքով պատմում է 43-ամյա Անուշ Հովսեփյանը ու ավելացնում, որ որդու զոհվելուց հետո այդպես էլ եղավ․ «Ծաղիկը ընկերները բերեցին, ծաղիկն անվանել էր Մոր սիրտ»։

Ծաղիկը, որն աճեցրել էր Սամո Ղազարյանը

Սամո Ղազարյանը ժամկետային զինծառայող էր՝ սերժանտ, ծառայել է Ստեփանակերտում, երբ սկսվեց Արցախյան պատերազմը։

Մայրն ասում է՝ տղան հեռախոսով խոսելիս մշտապես հանգիստ ու խաղաղ ձայնով էր խոսում, ու երբեք իր մտքով չէր անցնի, որ տղան թեժ կետերում է լինում ու կռվում հակառակորդի դեմ։

«Հենց առաջին օրվանից իրան տեղափոխել են թեժ կետեր, եղել ա Ջաբրայիլում, Զանգելանում, Աղդամում։ Ես չեմ իմացել, բայց բարեկամները, իրա պապան իմացել են։ Դրանից հետո մի անգամ ինձ ասեց՝ մա՛մ, ինձ հետ են բերում, ասեցի՝ որտե՞ղ են բերում, ասեց՝ առաջվա տեղ: Մտածում էր՝ ինձ արդեն ասել ա, որ Մարտունիում ա եղել, ասեցի՝ Ստեփանակերտ, ասեց՝ չէ՛, մա՛մ, Մարտունի, Մարտունի 3-ում ա եղել, հետո Մարտունի 2 են իրեն տեղափոխել»։

Մայրը հիշում է, որ տղան վերջին օրերին զանգում էր ու ասում, որ իր տեղը շատ հանգիստ է. «Ասեց՝ մա՛մ, կարո՞ղ ա՝ հրադադար ա, նենց խաղաղ ա, մի հատ կրակոց չկա: Ես էնքան անհանգստացա էդ խաղաղությունից, ասեցի՝ Սամո՛ ջան, ավելի լավ ա կռիվ լինի, կրակոց լինի, քան սենց տարօրինակ լռություն լինի: Եթե խաղաղ ա, ուրեմն մի վտանգավոր բան սպասվում ա, զգո՛ւյշ եղի»։

Այդ զրույցից չորս օր անց՝ նոյեմբերի 1-ին երեկոյան, որդին զանգում է մորն ու ասում, որ գնում է հանգստանալու, մի փոքր քնելու, քանի որ գիշերը պետք է դիրքում հերթապահեր: 

Բարի գիշեր է մաղթում մորն ու անջատում հեռախոսը․ «Ամբողջ ծառայության ընթացքում մինչև ինքը չզանգեր, բարի գիշեր չմաղթեր, չասեր՝ վաղը կզանգեմ, չէր քնի: Ուզում ա՝ գիշերվա մեկը լիներ, գիտեր, որ ես սպասում եմ զանգին։ Էդ էլ իրա հերթական զանգն էր, ասեց՝ բարի գիշեր, վաղը կզանգեմ… ու չզանգեց․․․»- պատմում է մայրը ու հուզվում։

Անուշն ասում է՝ որդին պետք է ժամը 12-ից մինչև 4-ը հերթապահեր, բայց, չգիտես ինչու, ժամերը փոխվել են, և տղան ժամը 4-8-ն է հերթապահել: Հերթապահությունը հանձնելիս նկատել է, որ հակառակորդը տարբեր կողմերից մոտենում է դիրքին։

«Իր հետ ծառայող ընկերներն են պատմել, որ հեռադիտակը վերցրել է, նայել կողքերը, որ ստուգի տարածքը՝ մաքո՞ւր ա, թե՞ չէ, որ պոստը հանձնի, ու էդ ժամանակ տեսել ա, որ չորս կողմից սև շորերով մոտենում են պոստին:

Տղաս հետի կանգնած զինվորին ասել ա՝ գնա արթնացրու, քնած են կոմբատն ու երեք զինվորը, ասա, որ հարձակում կա։ Էդ ընթացքում որ իր ծառայակից ընկերը գնացել ա,  ինքը երեք անգամ կապ ա տվել կոմբատին, որ հարձակում ա, մոտենում են, պատասխան չի եղել, քնած ա եղել։

Հարձակում ա եղել, իմ տղան կարողացել ա պահի էդ ամբողջ ճակատը, որպեսզի մնացածը կարողանան անվնաս նահանջել»։

Մոր խոսքով՝ որդին միայնակ է կռվել, զինակից ընկերների հետ պայմանավորվել են, որ ինքը ճակատը պահի, իրենք բլուրն անցնեն, հետո իրենք կպահեն, Սամոն կանցնի։

«Դիրքավորման ժամանակ 5 թուրք զինվորի հատիկ-հատիկ կրակոցով խփել ա, երեխեքը տեսել են։ Թուրքերը հասկացել են, որ դիմադրություն կա, մի պահ դադար են տվել, իրենց զենքն են փոխել, երեխեքը փախել են։ 

Հետո թուրքերը սկսել են մինամյոտով կրակել: Իմ տղեն երևի հենց մինամյոտից ա մահացու վիրավորում ստացել։ Կոմբատն էդպես պատմեց՝ բլուրն անցնելուց հետո փոշի դուրս եկավ, մենք էլ չտեսանք»,- հուզմունքով նշում է մայրը, որ դեպքից հետո որդին Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է  Արիության մեդալով։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Մայրն ասում է՝ չէր սպասում, որ նման դժբախտություն կպատահի իրենց հետ։ Երբ տղան հաջորդ օրն առավոտյան չի զանգում, մոր սիրտն արդեն վախ ու կասկած են մտնում:

Ասում է՝ հնարավոր չէր, որ որդին ողջ լիներ ու կապ չհաստատեր։

«Նոյեմբերի 3-ի առավոտվա ժամը 9-ից մենք սկսեցինք զանգել, կոմբատի հեռախոսի համարը ճշտեցինք, հետո՝ մյուս դասակի հրամանատարի հետ տղաս մտերիմ էր, զանգեցինք, չպատասխանեցին։ Ժամը 12-ի կողմը կոմբատը զանգեց, ասեց՝ նենց բան ա պատահել, մենք փախանք, քո տղեն մնաց թուրքերի կողմ… Էդ առաջին զանգն ա եղել, դրանից հետո ինքը նույն բանը չասեց, փոխեց պատմությունը, որ իրեն արդարացներ»։

Անուշն ասում է՝ վիշտը ծանր է, որդու հետ շատ կապված էր․ «Ես աղջիկ ունեմ, բայց իմ տղայով էի ապրում, իմ տղան համ ընկեր էր, համ ծնող, համ ուսուցիչ էր, խորհրդատու, իմ տղայի հետ ամենավերջին գաղտնիքը կիսվում էի, նույնն էլ՝ ինքը»։

Սամո Ղազարյանը Վարդենիսի Նորակերտ գյուղում սովորելիս դպրոցի միակ աշակերտն է եղել, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ 

Անուշը կսկիծով հիշում է՝ 2019-ի Նոր տարվա նախօրեին տղայի անգլերենի ուսուցչուհին Ֆեյսբուքում գրառում էր կատարել և կցել տղայի նկարը: Մայրը գրառման վերջին խոսքերն է մեջբերում ու հուզվում. «Գրված էր՝ ցանկանում եմ, որ էն դուռը, որ դուք փակել եք, դուք էլ բացեք, ներս մտնեք։ Բայց իմ տղան չկարեցավ բացեր»։

Որդուն նկարագրելիս մայրն ասում է՝ շատ համեստ էր, զուսպ ու մաքրասեր։

«Համեստություն որ ասում են, ճանաչողներն իմ տղուն են պատկերացնում։ Վերին աստիճանի մաքրասեր էր, իր ծառայակից ընկերները որ գալիս, հանդիպում են, ասում են՝ պատերազմի ամենաթեժ պահին իրա բատինկեքի վրա փոշի չէիր տեսնի։

Մեր ընտանիքի միակ տղան էր, չափից դուրս արտոնություններ էինք տվել, բայց երբեք առիթից չօգտվեց, կյանքում իրա պապայից 100 դրամ փող չի ուզել, իմ հետ խոսում էր հեռախոսով, անջատում էր, SMS էր գրում՝ կարա՞ք մի քիչ փող ուղարկեք, իրան թույլ չէր տալիս բառացի ինձանից փող խնդրեր»։

Մայրն ասում է՝ որդին շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլն իր տարերքն էր։ Հիշում է՝ ամուսնու ընկերներից մեկը Սամոյին Դուբայից ֆուտբոլիստի մարզաշապիկ էր ուղարկել, բայց տղան այդպես էլ դա չհագավ։ 

«Տղաս «Ռեալին» էր շատ սիրում ու Ռոնալդուին, Ռոնալդուի շորերն էր էդ տղան ուղարկել իմ Սամոյին նվեր, էդքան սիրում էր: Ափսոսաց, որ մի օր հագնի, ֆուտբոլ խաղա։ Մասունքի նման պահել էդ մարզաշապիկը, իրան վերաբերող ամեն ինչ ափսոսում էր»։

Լուսանկարում՝ Սամո Ղազարյանի մարզահագուստը

Մայրն ասում է՝ անհաղթահարելի ցավ է որդուն կորցնելը, սակայն փորձում է ցավը իր մեջ թաքցնել, քանի որ գիտի՝ որդուն դուր չէր գա, եթե ինքն ընկճված ու կոտրված լինի։

«Գիտակցում եմ, որ պիտի ապրեմ, ես աղջիկ ունեմ, իմ տղեն ինձ ուժ ա տվել, չեմ կարա կոտրվեմ։ Պիտի ձիգ մնամ, տղուս պատիվը պահեմ, դրանից վեր բան չկա իմ համար»,- ասում է Անուշը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am