Նրան լարված վիճակում գտնվել չի կարելի․ փաստաբանը՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավարի առողջական վիճակի մասին․ Factor.am

Երեկ երեկոյան «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ մինչև կալանավորման որոշման հրապարակումը, շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Շենգավիթ» բժշկական կենտրոն, գրում է Factor.am-ը։

Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նա վերջերս է ծանր վիրահատության ենթարկվել և նրան լարված վիճակում գտնվել չի կարելի, այժմ գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության ներքո։

«Հիմա գտնվում է լարված, մտահոգ վիճակում։ Արդեն 20 տարի է՝ շաքարային դիաբետ ունի, և, բնականաբար, այդ հիվանդության պայմաններում իրեն լարված վիճակում գտնվել չի կարելի, այսինքն՝ ինչ-որ էմոցիոնալ սթրես չի կարող տանել, իսկ կալանավորումից ավելի բարդ էմոցիոնալ սթրես չեմ պատկերացնում»,- ասաց Ալեքսանյանը։

Նշենք, որ երեկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը Արմեն Չարչյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դիմել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի Չարչյանը կարողանա օգտվել իր լիազորությունից, և վերացնեն կալանավորումն ու խափանման միջոց ընտրեն գրավը։

Այս պահին Չարչյանի պաշտպանները դատախազից պատասխան դեռ չեն ստացել։ Նշենք նաև, որ օրենքը նման դեպքերի համար 5-օրյա ժամկետ է պահանջում։  Չարչյանի պաշտպաններն այսօր դիմելու են Վերաքննիչ դատարան՝ կալանքի որոշումը վերանայելու հայցով։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում տարածվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը պարտադրում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Ձայնագրության մեջ նա սպառնում էր աշխատակիցներին՝ ասելով, թե ինքը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, և եթե որևէ մեկը չկատարի իր «խնդրանքն ու պահանջը» և չմասնակցի ընտրություններին, ապա կարժանանա «շատ կոշտ վերաբերմունքի և համարժեք պատասխան կստանա»։

«Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները և տեսնելու եմ՝ ով է գնացել ընտրության և ով չի գնացել»,- հրապարակված ձայնագրությունում ասում է Արմեն Չարչյանը։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց, իսկ հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։  Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ ԲԿ ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: