Տոն. Հունվարի 28-ը ՀՀ Բանակի օրն է

Տոն. Հունվարի 28-ը ՀՀ Բանակի օրն է
Տոն. Հունվարի 28-ը ՀՀ Բանակի օրն է

Այսօր` հունվարի 28-ին Հայաստանի հանրապետությունը նշում է Բանակի օրը: Հայոց բանակի 19-ամյակի կապակցությամբ իրենց խոսքն են ասել երկրի նախագահը, ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական ուժերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւներ է հանձնել մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների:
Իսկ տոնի նախօրեին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Բանակի օրվա առթիվ Սուրբ Պատարագ մատուցվել:
«Մեր բանակի ներկա հնարավորությունները համեմատելի չեն Արցախյան ազատամարտի ժամանակների հնարավորությունների հետ:

Այսօր մենք ունենք որակապես բոլորովին այլ մակարդակ, եւ ամենակարեւորը` ռազմական աննահանջ ոգին ու կամքը: Այսօր անհնար է պատկերացնել մեր տարածաշրջանն առանց հայկական բանակի, որ գրավականն է մեր խաղաղության, անվտանգության ու հավերժության», – Բանակի օրվան նվիրված իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ  Հայկական բանակն անցել է ծանր կորուստների եւ փառավոր հաղթանակների ուղի, որը  երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է:

«Մեր ներկա ազատությունն ու մեծ հաշվով խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում` ազգովի: Ոչ ոքի տրված չէ մեր փոխարեն որոշել մեր արյան գինը: Փորձություններից մենք դուրս ենք եկել պարզ ճակատով, եւ այդ ճակատը Հայոց բանակն է` բառի ե’ւ ուղղակի, ե’ւ փոխաբերական իմաստով»,-նշել է Սարգսյանը:

© Medialab.am