«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը
– Տիկի՛ն Ղազարյան, Փարաքար համայնքի ղեկավարի սպանությանը հաջորդած քննարկումներում կարմիր թելի նման անցնում է այն դիտարկումը, որ կատարվածի համար պատասխանատուն օրվա իշխանությունն է, ընդ որում՝ ոմանք ուղիղ պատասխանատվություն են դնում իշխանության վրա: Ինչպե՞ս կարձագանքեք:
– Բնականաբար համաձայն չեմ, բազմիցս ականատես ենք, երբ մի դժբախտ դեպք է լինում, որոշ ուժեր անմիջապես փորձում են դրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել, ինչն արդարացի չէ: Գործը դեռ նախաքննության փուլում է, իսկ նրանք արդեն մեղավորներ են կարգում։ Ես նաև քննադատում եմ լրագրողներին, որոնք չհարգելով այդ մարդկանց վիշտը, մտել էին տուն ու փորձում էին ինչ-որ բաներ կորզել: Տեղի է ունեցել սպանություն, բայց առանց փաստական հիմքերի սլաքներն ուղղել իշխանության կողմը, իրականում անում են այն մարդիկ, որոնք ուզում են քաղաքական դիվիդենտներ շահել: Այդ մարդիկ սպանության ֆոնին քաղաքական դիվիդենտներ հավաքողներ են, որոնք, իմ բնորոշմամբ՝ ստահակներ են:
– Իսկ անուղղակի մեղադրանքներին համաձա՞յն եք, որ, օրինակ՝ երկրում բարձիթողի վիճակ է, ներքին անվտանգությունը խարխլված է, ապօրինի զենք ունեցողների, թմրանյութ օգտագործողների թիվն ավելացել է, իսկ իրավապահ համակարգը, ըստ քննադատողների, ոչինչ չի անում՝ բացի իշխանականների անվտանգությունն ապահովելուց:
– Թմրամոլների հայտնաբերումը շատ դժվար է իրականում, վերջերս այդ ուղղությամբ տարվող աշխատանքն ավելի արդյունավետ է, բայց դեռևս չկա այն արդյունքը, որը իսկապես կգոհացնի: Ինչ վերաբերում է զենքի շրջանառությանը. հաճախ ենք տեսել, որ մեքենաներ են ստուգվում, օրական նաև բացահայտումներ են լինում, բայց միևնույն է, չենք կարողանում այդ ամենի դեմն առնել: Այսինքն՝ ասել, թե ոչինչ չի արվում, սխալ է: Քննադատությունների անտեղի լինելը միանշանակ է:
Ողբերգության վրա դիվիդենտներ հավաքելը հասարակության ու բարոյականության դեմ ուղղված քայլ է, նման վարքագիծը նախ անարգանք է զոհվածի ու նրա ընտանիքի հանդեպ: Իրավապահ համակարգը պետք է գործի շատ արագ ու անի ամենը, որպեսզի այդ հանցագործությունը բացահայտվի, պատկերացնո՞ւմ եք, եթե այս անհիմն մեղադրանքների ֆոնին մի հատ էլ գործի բացահայտումն ուշանա, շարունակելու են մեղադրել իշխանությանը ու իրավապահ համակարգին:
Իմ կարծիքով, ինչպես երևում է այդ տեսանյութից, բավականին պրոֆեսիոնալ կազմակերպված սպանություն էր, ինչի բացահայտումը դժվար է լինելու, բայց լինելու է: Իրապես ցավում եմ կատարվածի համար ու ցավակցում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին ու հարազատներին ու միաժամանակ ցավում եմ, որ մարդիկ դրանից փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել, հատկապես Վարդան Ղուկասյանի նման չկայացածները:
– Տիկի՛ն Ղազարյան, իսկ այս դեպքը ձեր մեջ մտավախություններ, մտահոգություններ առաջացրե՞լ է, որ հնարավոր է մեր երկրում զենքի միջոցով հարց լուծելը օրինաչափ դառնա:
– Չէ՛, չեմ կարծում: Իրավապահ համակարգը պետք է էլ ավելի խիստ սկսի գործել, սա թող լինի զգոնության կոչ, որպեսզի իրավապահներն ավելի խիստ լինեն, որպեսզի նման բան այլևս չլինի: Որովհետև նման ցանկացած դեպք հանրության շրջանում վատ զգացումներ է առաջացնում:
– Ձեր գնահատմամբ՝ այս դեպքին պե՞տք է հաջորդեին պաշտոնանկություններ:
– Այս պահին նման խոսակցություններ առհասարակ չկան, բայց պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել, իսկ հետագայում կառավարությունն արդեն իր որոշումները կկայացնի, ես այս պահին գնահատական տալ չեմ կարող:
– «Եթե Հայաստանում ընդդիմադիր ես, ապա կա՛մ քաղբանտարկյալ պիտի դառնաս, կա՛մ սպանվես»․ դեպքից հետո հնչող տարածված միտքը սա էր, տիկի՛ն Ղազարյան:
– Ամբողջ ցավս գիտե՞ք՝ ո՛րն է, որ իրենք իրենց արշինով են չափում այս պահի իշխանություններին: Շատ լավ գիտեն, որ գործող իշխանությունը նման քայլի երբեք չէր գնա ու չի գնա, դա մեզ համար ընդունելի չէ, փորձել իրենց արատավոր պրակտիկան տարածել մեզ վրա, անիմաստ է: Ամեն կերպ փորձում են այս իշխանությանը հավասարեցնել իրենց, դա իրենց բնորոշ արատավոր երևույթ է, որը փորձում են մեզ վրա տարածել: Այս շահարկումներն ուղղակի արվում են նրա համար, որ արատավորեն իշխանությանը՝ առանց փաստական հիմքերի: Այդ մարդկանց ես ուզում եմ հարցնել՝ էլ ինչո՞ւ ենք կազմակերպում արդար ընտրություններ, եթե, ըստ ձեզ՝ պետք է նման քայլի գնանք: Հասկանո՞ւմ եք, ուղղակի տրամաբանություն չկա իրենց ասածների մեջ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















