Մարդիկ պատվաստմանը վերաբերվում են որպես վտանգավոր երևույթի, բայց չեն պատկերացնում՝ դա ազատություն է. մասնագետ

Հայաստանում ոչ մասսայական, բայց պատվաստումների գործընթացը մեկնարկել է. ապրիլի 13-ից՝ Երևանում, ապրիլի 14-ից՝ մարզերում: Այս փուլում AstraZeneca-ով պատվաստվում են միայն 55 տարեկանից բարձր խոցելի խմբի քաղաքացիները։ Իսկ Sputnik V պատվաստանյութի սահմանափակ լինելու պատճառով պատվաստվում են 18-54 տարեկան բուժաշխատողները, քրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները։

Պատվաստման գործընթացին մասնակցության մասին առողջապահության նախարարության տրամադրած տվյալները հուսադրող չեն. ապրիլի 13-ից մինչ օրս պատվաստվել է շուրջ 500 քաղաքացի: 

Այն, որ պատվաստման գործընթացը ակտիվ չի ընթանում, ընդունում է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն (քովիդ-կենտրոն) մանկաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Նունե Բաղդասարյանը: Պատճառը, նրա կարծիքով, «անհասկանալի կամ ոչ հիմնավորված վախն է»:

«Այո՛, գործընթացն ինտենսիվ չէ, որովհետև ես կարծում եմ՝ կա անհասկանալի, ինձ համար անբացատրելի վախի ու չցանկանալու իրավիճակ: Ես ենթադրում եմ: Բայց, ի վերջո, բոլորը պետք է հասկանան, որ հենց պատվաստումն է, որ լուծելու բոլոր հարցերը»,- «Մեդիալաբին» ասում է մասնագետը:

Ինքն էլ, ասում է՝ երկար է մտածել՝ ինչո՛ւ այդուհանդերձ մարդիկ չեն դիմում պատվաստվելու: «Հավանաբար, պատվաստանյութերի մասին իրազեկման խնդիր կա, կամ գուցե ժամանակի հարց է, ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ համոզվեն, որ պատվաստումից խնդիրներ չեն առաջանում»,- ասում է մասնագետը:

Նկատենք՝ «ՍիվիլՆեթի» պատվերով «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» (CRRC Armenia) հիմնադրամը վերջերս անցկացրել է հետազոտություն Հայաստանում կորոնավիրուսի համավարակի և պատվաստումների մասին հանրային ընկալումների թեմայով և պարզել՝ հարցվածների 49%-ը չի պատրաստվում դիմել պատվաստման համար, քանի որ ընդհանրապես չի վստահում պատվաստանյութերին: Պատվաստվելու մտադրություն չունեցողների ևս 44%-ը չի դիմի պատվաստման համար, մինչև չլինեն տվյալ պատվաստանյութի անվտանգության երաշխիքները:

Նունե Բաղդասարյանը պնդում է՝ չպատվաստվելու հիմքում ընկած վախերն արհեստական են, հիմքեր չունեն և զուտ ենթադրություններ են: Նրա խոսքով՝ AstraZeneca-ով պատվաստման համար ընտրված տարիքային շեմը՝ 55 տարեկան և ավելի, զգուշության համար է, և դա ամենևին էլ խտրականություն չէ: Իսկ զգուշությունն էլ այն բանի համար է, որ երիտասարդ կանայք ունենում են արյան մակարդելիության տարբեր խանգարումներ, իսկ մեծահասակների մոտ նման երևույթներ չեն լինում: 

«Եթե կորոնավիրուսը չլիներ, մարդկանց մոտ արյան մակարդելիության խնդիրը, որը վաղ թե ուշ գլուխ է բարձրացնում, այդպես անհայտ էլ կմնար, չէինք իմանա: Գիտեք՝ սա բժշկություն է, զարգանում է: Պետք չէ այս գործընթացը դիտարկել որպես դիվերսիա, որ մեկը մեկին ուզում է վնասել: Ուղղակի փորձը ցույց է տվել, որ մինչև 55 տարեկան կանանց մոտ առաջացել են արյան մակարդելիության՝ թրոմբոտիկ խանգարումներ: Ես ուղղակի երազում եմ, որ մեր հանրության գոնե կեսից ավելին պատվաստվի»,- նշում է մասնագետը:

Մասնագետները նշում են, որ վիրուսին հնարավոր կլինի դիմակայել, եթե պատվաստված լինի բնակչության 70 տոկոսը, ինչի հետևանքով ձևավորվում է իմունային շերտ, սակայն Հայաստանի առողջապահության նախարարը հայտարարում է, որ մինչև տարվա վերջ պետք է պատվաստվի բնակչության 20 տոկոսը: Ռուսաստանում զանգվածային պատվաստումների երրորդ ամսում 9.3 մլն-ից ավելի մարդ կորոնավիրուսի դեմ առնվազն մեկ չափաբաժին ստացել է, ինչը բնակչության շուրջ 6.3 տոկոսն է: 

Իսրայելում, ըստ լրատվամիջոցների, կտրուկ նվազել են կորոնավիրուսով վարակվածության դեպքերը: Դա կապված է զանգվածային պատվաստումների հետ՝ 9,3 միլիոն բնակչության շուրջ 54 տոկոսը արդեն երկու դեղաչափ Pfizer/BioNTech պատվաստանյութ է ստացել: 

Բաղդասարյանը դժվարանում է ասել՝ արդյոք հնարավոր կլինի՞ մինչև տարեվերջ նման տեմպերով հասնել նախանշված գոնե 20 տոկոսին, բայց պնդում է՝ պետք է ինտենսիվացնել պատվաստման գործընթացը: 

«Դա ուղղակի հրաշալի է: Ես կարծում եմ՝ պատվաստումները պետք է ինտենսիվացնել, պետք է մարդկանց անընդհատ քաջալերել ու չվախեցնել: Մարդիկ պատվաստմանը վերաբերվում են որպես վտանգավոր երևույթի, բայց չեն մտածում՝ դա ազատություն է, դա առողջություն է: Եթե այդպես խրախուսվի, մարդկանց մեջ վախը կկոտրվի»,- նշում է նա:

Այսուհանդերձ, կա մեկ այլ երևույթ. կան մարդիկ, որոնք որևէ խոցելի խմբում ընդգրկված չեն, սակայն անհամբեր սպասում են պատվաստվելու իրենց հերթին: Այդ խմբի մարդկանց պատվաստումները, ենթադրվում է, կիրականացվեն վճարովի հիմունքով: 

«Կարծում եմ՝ դրան երկար սպասել չի լինի, ենթադրում եմ, որ արագ կլինի գործընթացը»,- նշում է Նունե Բաղդասարյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am