Ապօրինի գույքի բռնագանձման վարչությունն ուսումնասիրություն է սկսել 214 սուբյեկտի գույքի առնչությամբ

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2020-ին ուսումնասիրություն է սկսել 214 սուբյեկտի պատկանող գույքի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Բադասյանը հիշեցրեց, որ 2020-ի ապրիլի 16-ին ընդունվել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:

2020-ի սեպտեմբերի 3-ից Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը գործարկվել է:

«Ստեղծումից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են»,-ասաց նախարարը: