Կեղտոտ ընտրություններ

Վահրամ Թոքմաջյան

Արտահերթ ընտրությունների քաղաքական տրանսֆերային պատուհանը փակվեց։

Հայրենիքի փրկության սրբազնագույն գործին են լծվել 4 կուսակցությունների դաշինք և 23 կուսակցություն։ Հիրավի անձնուրաց առաքելություն է։ Եթե անգամ մեր վարդագույն երազներում պատկերացնենք, որ Հայաստանում ապրում է 3.000.000 մարդ, ապա յուրաքանչյուր հազար մարդուն բաժին է ընկնում մեկ թեկնածու։ Պարապությունը և բանականությունը երբեք այսքան հակոտնյա չեն եղել։ 

Աննախադեպը կազմակերպում է աննախադեպ ընտրություններ. փաստ 101. Հայաստանում երբեք այսքան քաղաքական ուժ չի առաջադրվել ընտրությունների ժամանակ։ Փաստ 102. ՀՀ-ն մեկ քառակուսի կիլոմետրին բաժին ընկնող թեկնածուներով ամենախիտ բնակեցված երկիրն է։

Իսկ ի՞նչ սպասել այս ընտրական գործընթացից։ Նախաքարոզարշավային խոսույթը, հանրային տրամադրությունները, քաղաքական ուժերի ծայրահեղ բևեռվածությունը որևէ դրական ակնկալիքի հույս չեն ներշնչում։

Մենք երբեք չենք ունեցել այսպիսի չարացած մթնոլորտ, գոնե խոսակցության մակարդակում։ Հայհոյանքը, պիտակավորումները, արժանապատվության ստորացումը, ձեռնածությունները, ստի ու կեղծիքի հսկայական չափաբաժինների տարածումը երբեք այսքան լեգիտիմ չեն եղել։ 

Նման ջրբաժան չի եղել ոչ 1996-ին, ոչ 2003-ին և ոչ էլ 2008-ին։ Էության մեջ 2008-ն ավելի վտանգավոր էր, քանի որ իշխանությունը ռեսուրս ուներ սպանելու և սպանեց։

Սակայն խոսույթի և քաղաքական խոսքի բացակայության առումով քննարկվող ժամանակահատվածը որևէ աղերս չունի նախորդ ճգնաժամային իրավիճակների հետ։

Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում երբեք չեն եղել ընտրություններ կազմակերպող այսքան թույլ իշխանություն և ընտրություններ կեղծելու ռեսուրսներ ունեցող ընդդիմություն։ 

Այս ամենն ունի իր օբյեկտիվ պատճառները. ծանր պարտությունը պատերազմում, հեղափոխությունից չարդարացած հույսերը, որոշ գործիչների արյունարբու քինախնդրությունը և հսկայածավալ ռեսուրսները, քաղաքական օրակարգերի բացակայությունը, սխալները տեսնելու և քննարկելու անզորությունն ամբողջացնում են պատկերը։

Նախընտրական ամբողջ խոսույթը պտտվելու է «կապիտուլյանտ», «դավաճան», «վիժվածք», «թալանչի նախկիններ», «զինվորի հաց գողացող նախկիններ», «մարդասպան նախկիններ» ապաքաղաքական շառլատանության առանցքի շուրջ։ 

Այս ամենին լրացնելու է գալու «կամուֆլյաժ փարթին», որտեղ խառնվելու են իրական կռվողն ու պատմական գիտությունների թեկնածուի հիմքով բանակ չգնացած, բայց այլոց որդիների արյան հաշվին պահանջատեր խաղացող մաուզերիստները։ 

Իհարկե կլինեն որոշ ուժեր, որոնք կփորձեն քաղաքական օրակարգ բերել ու ելքեր առաջարկել, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանց ձայնը կկորչի հայհոյանքի փոշու մեջ։

Մենք տեսնելու ենք ամենասարսափելի երևույթները, որոնք հաստատապես չեն պատշաճի «բարոյական ճամարտակումների» սիրահար քրիստոնյա ազգին։ Բայց վիճակն արդեն նետված է։ Հասարակական լայն խմբերն անդառնալիորեն խրված են այս ամենի մեջ։

Հիմնական կողմերից որևէ մեկը չունի քաջություն և սթափություն՝ մի պահ կանգ առնելու, սխալներն ընդունելու, եղածը քննարկելու համար։

Բայց արդյոք արժանի՞ է հայ հասարակությունն այս ամենին։ Մի կողմից արժանի է, որովհետև ժամանակին մերժել է բանականությունը։

Մյուս կողմից արժանի չէ, քանի որ մեր ժողովրդի էլիտաների զգալի մասը մերժել է բանականությունը՝ ստորադասելով այն մեդալներին, կարմիր գորգերին, պալատական քստմնելի ծափահարություններին։

Այդ էլիտաները հայտնի առակի ուղտն են դարձել ու չորեքթաթով ոչնչացրել ամեն մի բանական։ Ազգին առանց հենարանի երկինք են հանել, որպեսզի ընկնելն ավելի ցավոտ ու ողբերգական լինի։

Ես հույս ունեմ, որ նոր ձևավորվելիք խորհրդարանը երկար կյանք չի ունենա։ Այն կփակի անցյալի գործիչների քաղաքական էպոխան, ուրացողների դարաշրջանը և այդ հատիկ լավությունը կանի այս ժողովրդին։ 

Հեռու կտանեք երեխաներին էկրանների մոտից քարոզարշավի ժամանակ։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am