Խարդախություն՝ ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար կազմակերպելու միջոցով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խարդախության փորձի, այն է՝ ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար կազմակերպելու միջոցով գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները:

Կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ախթալա և Շնող համայնքների երկու բնակիչներ, իրար հետ նախնական համաձայնության գալով ապահովագրական ընկերությունից խաբեության եղանակով զգալի չափերով՝ 286.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու շուրջ, 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 21:55-ի սահմաններում, իրենց կողմից վարած  «Մերսեդես-Բենց Ե320» և «Մերսեդես-Բենց Ե220» մակնիշի ավտոմեքենաների օգտագործմամբ, Վանաձոր-Վրաստանի սահման Մ6 ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում, կազմակերպել են ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար:

Հաջորդ օրը՝ 2021 թվականի ապրիլի 30-ին, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչը, չիմանալով վերը նշված անձանց՝ կեղծ վթարի շուրջ պայմանավորվածության մասին, կազմել է իրավունք վերապահող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող արձանագրություն, որը ստորագրությամբ հաստատվել է «պատահարի» մասնակիցների կողմից և ուղարկվել ապահովագրական ընկերություն:

Այնուհետև՝ 2021թ. մայիսի 14-ին, կեղծ պատահարի կողմերից մեկը գույքային պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ կեղծ դիմում է ներկայացրել հիշյալ ապահովագրական ընկերություն, որն ստորագրությամբ հաստատվել և հանձնվել է օգտագործման, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ ապահովագրական ընկերության կողմից պատահարների առաջացման պատճառների առաջնային փորձաքննություն նշանակելու ու դրա արդյունքների հիման վրա փոխհատուցում տրամադրելուց հրաժարվելու պատճառով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ախթալա և Շնող համայնքների բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։