Հովհաննես Թումանյան. Հայից մինչև «ոչ Հայ»

Հովհաննես Թումանյան. Հայից մինչև «ոչ Հայ»
Հովհաննես Թումանյան. Հայից մինչև «ոչ Հայ»

Միշտ կա մի հեղինակ, որից սկսվում ես որպես ընթերցող: Եվ կան գրողներ, որոնցից սկսվում ես իբրև ազգ: Իսկ կան գրողներ, որոնք ապրում են որպես քո արդարացում: Նրանց հանդեպ դու ոչ մի պարտավորություն չունես: Ահա ինչու նրանք միշտ վերադառնում են նույն խոսքով և գնում առանց վերստին իմաստավորվելու:

Մենք ունենք դեռևս իր խոսքը «չասած» Թումանյան, և Թումանյան, որին անգիր գիտենք:

Հովհաննես Թումանյանը հայ գրող է, բայց մենք նրա ընթերցողը չենք: Նա մեր արդարացումն է, բայց մենք նրա արժանապատվությունը չենք: Նա մեր քաղցրությունն է, մենք՝ նրա դառնությունը: Նա մեր ինքնաճանաչողությունն է, մենք՝ նրա ուրացումը: Մեր Հովհաննես Թումանյանը դեռ չի ծնվել: Բայց սա այն դեպքում, եթե մենք վստահ ենք, որ կանք, ինչպես ավելի ուշ համոզված էր Պարույր Սևակը:

Լոռեցի բանաստեղծի «Դառնացած ժողովուրդը» մանկապարտեզի մասին է: Եվ այդ տեղապտույտի մեջ գտնվող մանկապարտեզին աճի ազդակ հաղորդելու համար նա ունի մի «լայն ու խաղաղ հայացք», որով Գյոթեն Մեֆիստոֆելին է տեսնում: Նա չի հասկանում՝ այդ մեկ հոգու մեջ ցաքուցրիվ մարդը չի՞ ուզում պետություն ունենալ, չի՞ ուզում լինել ազգ, չի՞ ուզում դառնալ ընտանիք: Նա գրում է խոսքեր, որոնք Հին Կտակարանում Աստծո հորդոր են:

Ինչո՞ւ էր Թումանյանն Արարատ լեռ: Որովհետև նա մեր բնական հմայքն է, Արարատի ներքո լեզու և ազգ է ստեղծվում: Մենք թումանյանացու ազգ ենք: Մենք այնքան առօրեական ենք սիրո մեջ, որից առաջ և հետո ոչինչ չի եղել և չի լինի:

Սա բանաստեղծը տեսել է: Ավելի ճիշտ՝ հայել է: Կյանքի վերջում Թումանյանի գրականությունն ինքնամփոփ գիր է, նա այլևս պատասխանատու չէ նրանց համար, որոնք կարդալու են իր տեքստը: Նա դառնում է «Փոքր Մհեր» տեքստի մեջ: 1915 թվականին նա գրում է «Հայրենիքիս հետ» «ուտոպիան»՝ Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած: Նա տեսնում է այդ Հայրենիքը: Բայց դա իր հայացքի «տեսողության» սահմանը չէ:

Նա այստեղ դեռ հռչակում է լավագույն Հայաստանը, որը, այնուամենայնիվ, ընդհանուր չէ իր «հայացքի» հնարավորությունների հետ՝ Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում, Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում: Սա նրա հրաժեշտն է «ազգային թեմային»: Գուցե հետո էլի մի երկու տեքստ գրում է, բայց մեծ հաշվով ազգայինը դուրս է մղվում: «Անհայտն ու հեռուն» կանչում են: Մոտավորապես նույն զգացումներով նա գրում է «Բարձրից» ստիխը՝ մի քիչ ավելի հասցեական առ դահիճը: Բայց ցեղասպանության տարում գրված այդ գործում արդեն Հայաստանը չկա: Նա արդեն հրաժեշտ էր տվել ազգին, բայց ոչ լեզվին:

Հետո նա գրելու է «Սիրիուսի հրաժեշտը»: Ընդհանրապես, աստղերը, «երկինքը» դառնալու են նրա թեման: Սա արդեն «Փոքր Մհերի» գիր է, այստեղ դուք ազգ չփնտրեք, ճիշտ այնպես, ինչպես Քառյակներում պետք չէ անել դա: Հովհաննես Թումանյանը հրաժեշտ է տալիս Հային:

Նա հեռանում է «հայոց լեռներից, դըժար լեռներից»: Ահա այս հրաժեշտի վրա էլ պետք է կանգ առնել: Ի՞նչ է տեղի ունենում: Այս ճանապարհը, ի դեպ, անցնում է նաև Եղիշե Չարենցը: Նաև՝ Կոմիտասը, բայց որպես Լռություն: Մեծ լոռեցին միայն լեզու է: Նա ուժասպառ է որպես Հայ:

Այս մասին որևէ «մատնություն» նրա բովանդակություններում չկա: Այդ «մատնությունն» այն լռության մեջ է, որը մենք այլևս չենք անվանում «ազգային թեմա», և որը մեծ հաշվով սկսվում է 1915-ից: Սա նրա «խաչելության» տարին է: Ահա այս Խաչի վրա է ստեղծվում հետագա ամբողջ գրականությունը:

Այս Խաչի վրա է Չարենցը կառուցում իր պոեզիան Կապուտաչյա Հայրենիքից մինչև «Նավզիկե»: Այս Խաչի վրա է «ծնվում» Հրանտ Մաթևոսյանը: Թումանյանը հեռանում է կամավոր…

Մհեր Արշակյան

MediaLab.am