Նիկոլ Փաշինյան. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական հովանավորը

Մհեր Արշակյան

Չորս մարզում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է Toyota Fortuner մակնիշի 175 ավտոմեքենա ձեռք բերել։ Մեքենաները գնվելու են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից: Գրեթե անմեղ լուր է, չէ՞։ Նույնիսկ ուրախանում ես մեր պարեկների համար։ 

Բայց ուրախանալ պետք է Ռոբերտ Քոչարյանի համար։ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն նրանն է։ Ու Փաշինյանը, որը 2000-ականներից Քոչարյանին համարում է ՀՀ ամենակոռումպացված պաշտոնյան, ըստ էության, ջրում է նաև այս մեղադրանքը։

Քոչարյանն իր օրոք էլ էր այսպես հարստանում, ի՞նչ տարբերություն այն ժամանակվա և այսօրվա միջև։ Եվ, ընդհանրապես, հեղափոխությունից 4 տարի անց արդեն պետք է մտածել՝ իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանը լատենտ սու՞րբ է։

Քոչարյանն էլ էր քրեական հեղինակությանը դարձնում քաղաքապետ (Արտաշատում ու Գորիսում), Փաշինյանն էլ (Վանաձորում), Քոչարյանի օրոք էլ էին ազգականները դառնում ՊՈԱԿ-ի տնօրեններ, Փաշինյանի օրոք էլ («Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի կնոջ քեռորդին է), Քոչարյանի օրոք էլ էր քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանն անում քաղաքականության հետ կապ չունեցող խելքին փչածը, Փաշինյանի օրոք էլ։

Մի փոքրիկ տարբերություն հեղափոխությունից առաջի ու հետոյի միջև, իհարկե, կա, շատ փոքրիկ, գրեթե աննշան տարբերություն, որին նույնիսկ անդրադառնալ չարժի, բայց կեսբերան ասելն էլ չի խանգարի։

Բանն այն է, որ 2018-ի ապրիլին Փաշինյանը հեղափոխություն արեց, որի էական հիմնավորումներից մեկն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը հարստացել է հայաստանցի հարկատուի հաշվին։

Ինչո՞ւ է Փաշինյանն արել այդ հեղափոխությունը։

Եվ այսուհետև ո՞վ ինչ իրավունք ունի Քոչարյանին մեղադրել որևէ բանում։

Մարտի 1-ը նա չի արել, արդեն գիտենք։ Տնտեսական աճի մասին խոսելիս որպես ուղենիշ վերցնում են հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք գրանցված երկնիշ աճերը։ Մնում է Աֆրիկայում վայրի կենդանիների սպանդը համարել առաքելություն ուղղակիորեն Քրիստոսից ու ցրվել տներով։ 

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը լրագրողներին ասել է, որ «հայտարարված տեխնիկական բնութագրով, քանակով՝ 175 միավոր մեքենա և մինչև նոյեմբերի 15-ը մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել միայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, մյուսները հրաժարվել են»։ 

Հասկացաք, չէ՞, հիմնավորումները կան։

Հիմա նույնիսկ ավելորդ է հարցնել՝ իսկ ինչի՞ մասին էր հեղափոխությունը։ Պետք է ուղղակի վախենալ, թե էլ ում ինչում է ժամանակին մեղադրել Նիկոլ Փաշինյանը։

Դուք նկատու՞մ եք՝ կամաց-կամաց ջնջվում են նախկիններ-ներկաներ սահմանները։ Մեկ անձից կատարվող գնումներում շահում է, ասենք, ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող ՍՊԸ-ն, հետո դա կոմպենսացնում են «Տոյոտայով»։ 

Իսկ գուցե կոռուպցիայի մասին մեր պատկերացումնե՞րը փոխենք։ Չէ՞ որ, ինչպես պարզվում է, թալանելն ու հարստանալը, իշխանությանը «խնամի-ծանոթ-բարեկամ» լինելը դեռ մեղք չէ։

Գուցե իշխանությունը մի նախագիծ մշակի, որով կհստակեցնի, թե ինչու պաշտոնյաների հանկարծակի հարստանալը կոռուպցիա չէ։ Այս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ համարյա որպես սրբազան առաքելություն է ներկայացվում, թե ինչու պետք է պետական բյուջեից օգտվեն նաև այն քաղաքական գործիչները, որոնց գործունեությունը քաղաքականության հետ կապ չունի։ 

Ես դեմ չեմ, որ Ռոբերտ Քոչարյանը հարստանա։ Ես դեմ եմ, երբ նրան այս իշխանությունը ներկայացնում է հրեշ ու կերակրում ու կերակրում։ Որովհետև բնական հարց է առաջանում՝ դո՞ւք եք ապուշ, թե՞ մեզ եք ապուշի տեղ դրել։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am