Աննա Հակոբյան. պարտված «թագուհին»

Մհեր Արշակյան

Վերջերս վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, «Կանայք հանուն խաղաղության» արշավի ձախողումը պարզաբանող մի տեքստ է հրապարակել, որում մուննաթ է եկել հայ կանանց վրա, իբր ինչո՞ւ չմիացաք արշավին, զոհվողները ձեր որդիները չե՞ն:

Արշավը, ըստ Աննա Հակոբյանի, տապալվեց, որովհետև բախվեց հայ կանանց մեռելային լռությանը: Այսպիսով, հայ կանայք 44-օրյա պատերազմում ուղղակի մեղավոր են: Որովհետև չմիացան այդ արշավին: Եթե հայ կանայք միանային, պատերազմը, միևնույն է, լինելու էր: Ու ինչո՞վ էին մխիթարվելու որդեկորույս մայրերը՝ որ միացա՞ն: Տիկին Հակոբյանն անգամ իր ամուսնուն ուշադիր չի լսում: Իսկ ամուսինն ասում է, որ այս պատերազմն անխուսափելի էր, անկախ նրանից, թե ինչ էր պատրաստ զիջել Հայաստանը:

Հայ կանայք վերջինն էին, որ պետք է միանային տիկին Հակոբյանի կոչին, որովհետև հայ կանայք այս պատերազմում նախահարձակ չէին և վերջ: Նա, ի դեպ, կոչ էր անում, որ ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետությունների ղեկավարների տիկինները միանան իր նախաձեռնությանը: Եվ ի՞նչ: Միացող եղա՞վ:

Ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Աննա Հակոբյանը: Հայ կանայք ունեի՞ն Աննա Հակոբյանի տեղեկատվական բազան, որպեսզի հասկանան, թե ինչի կոչ է անում վարչապետի կինը: Նրանց ասե՞լ էր ինչ-որ մեկը, որ զոհվելու են ոչ թե պայքարի մեջ, այլ «Բայրաքթարների» ռմբակոծությունների հեղեղի տակ: Չէին ասել:

Եթե հայ մայրերը միանային, ու պատերազմը չկանխվեր, նրանք ի՞նչ պիտի անեին՝ չթողնեի՞ն, որ իրենց որդիները կռվի դաշտ մեկնեն, ինչ է թե խաղաղություն են ուզում: Կամ եթե չեն միացել՝ խաղաղություն չե՞ն ուզում:

Որևէ հայ մայր ե՞րբ ասաց, որ՝ ո՛չ, տիկին Հակոբյան, իմ որդին պիտի կռվի, պիտի զոհվի: Նույնիսկ եթե ասել է, գնացել են, չէ՞, կռիվ: Որդեկորույս հազարավոր մայրեր ունենալուց հետո ինչպե՞ս կարելի է այսպիսի տեքստ գրել: Այսինքն՝ հիմա նրանք ի՞նչ անեն, քարը գլուխներով տան, որովհետև չե՞ն միացել այդ կոչին, հույսի այդ փուչիկից չե՞ն կախվել: Ի՞նչ է ստացվում՝ պատերազմը չեն կանխել հայ մայրե՞րը: Իսկ որքանո՞վ են պատերազմը կանխել միացողները՝ 790 անհատն ու 17 կազմակերպությունը:

Տիկին Հակոբյանն արշավի տապալումը բացատրում է նրանով, որ իր, այսինքն՝ նախաձեռնողի հանդեպ վերաբերմունքը շատ կանանց կողմից միանշանակ չէր, նրանք ասում էին, թե այդ ո՞վ եղավ Աննա Հակոբյանը, որ հայ կանանց անունից խաղաղություն է մուրում:

Կներեք, մի կերպ եմ ինձ զսպում, որ չասեմ՝ հորս արև: Սա ի՞նչ մտածողություն է: Արշավի տեքստում բացարձակապես տագնապ չկա, որ վատ է լինելու: Այն, որ պատերազմը վատ բան է, բոլորը գիտեն:

Պատերազմը մանրամասներով է վատ բան, պատերազմը վատն է, երբ չգիտես՝ քո որդին տանջվե՞ց, թե անմիջապես մահացավ, երբ չգիտես՝ գերի՞ է ընկել, թե զոհվել է, երբ չգիտես՝ գերության մեջ խոշտանգե՞լ են, թե սիրտն անմիջապես է կանգնել: Պատերազմը սարսափելի է, որովհետև դու այն չես կառավարում: Տիկին Հակոբյանի մուննաթը իրադարձությունների վրա իշխանություն ունեցողի մուննաթ է, որի ամբողջական հաջողությանը խանգարել են հայ կանայք:

Ես դեռ չեմ ասում, թե ազդեցիկներից Մեհրիբան Ալիևան ինչո՞ւ չմիացավ այդ արշավին: Նա գիտեր, որ պետություն ու ազգ դառնում են հաղթանակով ու իր ժողովրդի համար հաղթանակ էր կռում: Բայց 2020-ի հուլիսյան «հաղթական» պատերազմից հետո Աննա Հակոբյանը մի գրառում արեց, որտեղ ասվում էր. «Խաղաղությունն այլընտրանք չունի»:

Ո՞ւմ էր ասում:

Մհեր Արշակյան

MediaLab.am