Հուլիսի 25-ին տեղի ունեցավ «Կորոնավիրուսային համավարակ – քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը, որը կազմակերպվել էր Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի կողմից՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկ-մասնագետների միության (AAHPO) և Հայ-Ամերիկյան Բժշկական Միության ֆինանսական աջակցությամբ։
Գիտաժողովը համախմբել էր ավելի քան 850 մասնակիցների, այդ թվում՝ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբույժներ, նյարդաբաններ, մանկաբարձ-գինեկոլոգներ, թոքաբաններ, վարակաբաններ, շտապ և անհետաձգելի բժշկության մասնագետներ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապևտներ, հանրային առողջապահության և կանխարգելիչ բժշկության մասնագետներ, բուժքույրեր։ Առցանց գիտաժողովի նպատակն էր քննարկել COVID-19-ի էպիդեմիոլոգիան, համավարակի պատճառով առաջացած կլինիկական խնդիրները երեխաների, հղիների, ինչպես նաև մեծահասակ բուժառուների մոտ, ինչպես նաև հասկանալ, թե ինչ նորույթներ կարելի է արձանագրել, ինչպես վերադառնալ առօրյա աշխատանքին և բնականոն կենսագործունեությանը և այլն։
Բացման ուղերձում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին, կազամերպիչներին ու աջակիցներին՝ կարևորելով նման ֆորմատով փորձի ու գիտելիքի փոխանակումը. «Կորոնավիրուսային համավարակը նոր մարտահրավերներ է նետել աշխարհին և ստեղծել է մի իրավիճակ, երբ այս հիվանդությամբ պայմանավորված՝ աշխարհը պատերազմի մեջ է: Վերջին ամիսների օրակարգային հարց է դարձել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը, և ամիսներ շարունակ համակարգը լծված է համաճարակին դիմակայելու, ավելի ու ավելի արդյունավետ մեթոդներ կիրառելու, կյանքեր փրկելու և իրավիճակը կայունացնելու գերնպատակին»:
«Համավարակը ոչ ցանկալի, բայց հստակ ցուցիչ է ոչ միայն առողջապահական, այլև բոլոր համակարգերի գործունեության վերաբերյալ։ Այդ պայքարում քիչ կորուստներ ունենալու համար պետք է դասեր քաղել և միշտ պատրաստ լինել հաջորդ մարտահրավերներին», – նշել է ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը։
«Կորոնավիրուսային համավարակ – քաղած դասեր» թեմայով գիտաժողովի բոլոր մասնակիցները ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ստացել են ՇՄԶ (Շարունակակն մասնագիտական զարգացմում) 4 տեսական կրեդիտ։
Այս մասին տեղեկացնում են ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղից։