Կամավոր ատեստավորվելու համար այս տարի հայտ է ներկայացրել շուրջ 5000 ուսուցիչ. ցուցանիշը դեռ գոհացուցիչ չէ

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար այս տարի հայտ է ներկայացրել շուրջ 5000 ուսուցիչ։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ տարեց տարի ուսուցիչների շրջանում նկատվում է մասնակցության ակտիվություն։

«Այս տարի կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները, այդ թվում՝ դասվարները։ Կարող են մասնակցել նաև որևէ տեղ չաշխատող կամ մանկավարժի կրթություն ունեցող անձինք։ Ատեստավորմամբ բարձր միավորներ ունենալու դեպքում կարող են բարձր աշխատավարձով աշխատանքի անցնել դպրոցներում։ Այս տարի նաև կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն ունեն նաև հանրապետության ուսումնական հաստատություններում աշխատող 1300-ից ավելի այն ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն։ Անհրաժեշտ շեմն ապահովելու դեպքում կարող են շարունակել իրենց գործունեությունը դպրոցներում»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։ Այս տարի կարող են մասնակցել նաև այն ուսուցիչները, որոնք նախորդ տարի մասնակցել են, սակայն բավարար արդյունք չեն ստացել։ Այս ուսուցիչներին աջակցելու նպատակով, հանրապետության 4 բուհեր իրականացնում են վերապատրաստման դասընթացներ։

Թեպետ ատեստավորմանը մասնակցելու առումով ակտիվություն այս տարի նկատվում է, սակայն, ընդհանուր առմամբ, ցուցանիշը գոհացուցիչ չէ։ Հանրապետությունում առկա է 37 հազար ուսուցիչ, որից դեռ 13 տոկոսն է մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Դա այն դեպքում, երբ կամավոր ատեստավորումը ենթադրում է աշխատավարձի բարձրացում՝ համապատասխան շեմը հաղթահարելուց հետո։  ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը, որը մասնակցել է ատեստավորմանը և հաղթահարել անհրաժեշտ շեմը, նշեց, որ ընդհանուր առմամբ, ծրագիրը գոհացուցիչ է, սակայն խնդիրներ կան։

«Այս ծրագիրը դեռ շատ կատարելագործելու կարիք ունի։ Ճիշտ է,աշխատավարձները որոշ չափով բարձրանում են, բայց արդյո՞ք սա ապահովում է նոր ուսուցիչների մուտքը դպրոց, արդյո՞ք այս գործընթացը կրթության որակը բարձրացնում է։ Արդեն երկու տարի է ծրագիրն իրականացվում է, սակայն դեռ մեր երկրում ուսուցչի պակասը կա։ Դեռ ուսուցչի աշխատավարձը, աշխատանքը գրավիչ չէ երիտասարդների համար»,-ասաց Տիգրան Սարդարյանը։

29 ավագ դպրոց ուսուցչուհի Նաիրա Կոսյանը նույնպես մասնակցել է կամավոր ատեստավորմանը։ Նա դրական է գնահատում այս գործընթացը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ուսուցիչներին գնահատվել ու վարձատրվել։

«Վերջապես այս աշխատավարձների քարացած ստանդարտներն ինչ-որ չափով փոխվեցին։ Կարծում եմ, որ ամեն դեպքում ատեստավորման գործընթացը լավարկելու տեղ ունի։ Մասնավորապես, ատեստավորման համար նախատեսված 60 առաջադրանքը շատ է և երեք ժամվա ընթացքում դժվար է ուսուցիչը հասցնում։ Լավ կազմված 20 առաջադրանքը բավարար է ուսուցչի գիտելիքները ստուգելու համար։ Ավելին, ուսուցիչը ժամանակ կունենա իր գրած աշխատանքը ևս մեկ անգամ ստուգել»,-ասաց Նաիրա Կոսյանը։

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցչները կարող են դիմել մինչև հուլիսի 15-ը։