Մովսես Հակոբյանի նկատմամբ կարելի է քրեական գործ հարուցել՝ իմանալ չհայտնելու հոդվածով, որը բերել է ծանր հետևանքների. Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը

– Պարո՛ն Բադասյան, հայտարարություն տարածեցիք, որ վերառնում եք Արցախ, որից հետո նշանակվեցիք ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։ Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել։

– Հիմա եկել եմ Երևան՝ ընտանիքս Արցախ տեղափոխելու։ Առաջին գործս Արցախում պետք է սկսեմ նրանից, որ աշխատանք տանեմ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, որ մարդն իրեն Արցախում անվտանգ զգա։ 

Ես գիտեմ, թե ինչ պետք է անել դրա համար, բայց դա գաղտնիք է, դեռևս չեմ բացահայտի. կան մի քանի գործողություններ, որոնք ոչ թե խոսքով, այլ գործով իրականացնելու դեպքում մարդիկ կհամոզվեն, որ անվտանգ են։ 

Սա իմ ծրագիրն է, բայց այն գաղտնիք է, դրա համար չեմ կարող շատ բան բացահայտել, քանի որ անվտանգության հետ է կապված։ 

Հաջորդը կսկսենք փախստականների վերադարձի գործընթացը։ Եվ եթե անվտանգ լինի, մարդիկ հաստատ կվերադառնան։ Հիմա ինձ զանգողներ շատ կան՝ հադրութցիներ, որոնք ցանկանում են վերադառնալ, և նրանց աջակցություն է պետք։ 

Բոլորին պատասխանում եմ, չեմ զլանում, ամեն մեկին անհատապես եմ մոտենում, և երբ աշխատասենյակ ունենամ, գործի կլծվեմ, որ մարդիկ հավատ ունենան վաղվա օրվա նկատմամբ և գան այնտեղ բնակվեն։ 

Կարևոր է, թե ինչ գործով պետք է զբաղվեն. Արցախը ագրարային երկիր է, մարդիկ արդեն նախկին ոռոգման տարածքներում,  որտեղ անասնապահությամբ էին զբաղվում, այլևս չեն կարող, քանի որ այդ տարածքները հանձնված են, և պետք է նախալեռներում իրականացնել, այսինքն՝ եղածի սահմաններում պետք է կարողանանք մտածել ապահովելու տնտեսական ոլորտներ՝ այգեգործություն, անասնապահություն, մեղվաբուծություն։ Հիմա պետք է նաև շինարարական աշխատանքներ ընթանան, և ընդամենը պետք է գործել և աշխատել։

– Իսկ ինչպե՞ս էր Արցախում տրամադրվածությունը, ասում են, որ նոր պատերազմ է սկսվելու, խուճապ են տարածում։

– Ես միայն Երևանում եմ դրա մասին լսում, Արցախում ընդհանրապես այդպես չէ, քանի որ այնտեղ արցախցին, մոտ լինելով Ադրբեջանին, դրա մասին չի մտածում, բայց, իհարկե, արցախցին մեծ մտավախություն ունի անորոշության։ 

Եվ եթե մի տեղ անորոշություն կա, անորոշությունը մթություն է, մարդիկ վախենում եմ մթությունից, քանի որ մեջն անորոշություն կա։ Հիմա պետք է հավատ ներշնչել, որ մթին որպես մութ վերաբերվեն։ Եվ պետք է այս անորոշությունը հաղթահարենք։

– Արցախի իշխանությունների և մյուս գործիչների միասնականությունը արդեն փաստ է։ Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին։ Ինչո՞ւ։

– Այո՛, մենք հանուն Արցախի միավորվում ենք, սա օրվա խնդիրն է, մենք բոլորս, մի կողմ դնելով մեր անձնական հավակնությունները, պետք է միասնական լինենք։ Այլ հարց է, որ Հայաստանում դա չի ստացվում, քանի որ Հայաստանում հանրությունը բաժանվել է սևերի և սպիտակների, կառավարությունը հայտարարել է, որ մենք սպիտակ ենք, դուք՝ սև, բայց իրականության մեջ սևը իրենք են, դրա համար մի քանի ապացույցներ ունեմ։ 

Հայաստանում կան քաղաքական այլասերված մասսաներ, մանկուրդներ, նրանք իրենց սպիտակ են անվանում, բայց իրականում սև են, և ներկայիս կառավարությունը քաղաքական այլասերվածների վրա է հենվում, և Արցախի մոդելը հնարավոր չէ այստեղ կիրառել, քանի որ Հայաստանի հայրենասեր մասսան համոզված է, որ սևերը, այսինքն՝ կառավարությունը, ԱԺ-ն, որ իրեն դավաճանել են, և դավաճանի հետ չեն համագործակցում, դավաճանին հեռացնում են, չեզոքացնում։

– Լուրեր են շրջանառում, որ գերիների վերադարձի գինը կլինի Կարմիր Շուկան, որ ուր որ է դա էլ կհանձնեն Ադրբեջանին։ Ի՞նչ է կատարվում։ 

– Ես այսօր եմ լսել դրա մասին, դա անհեթեթություն է, թե Կարմիր Շուկան իբր պետք է հանձնվի։ Նշվում է, որ հայկական բանակի զինվորները ադրբեջանցիներին ստուգում, նոր են թողնում, դա իսկապես այդպես է։ 

Այն, որ Արայիկ Հարությունյանը, Մուրադովը և Հայաստանի ԱԱԾ-ն պահանջում են, որ դուրս բերեն այնտեղից, անհեթեթություն է, նման բան չկա: Ես համոզված ասում եմ, որ սա կառավարության ֆեյքերն են տարածում, որպեսզի սրեն իրադրությունը Հայաստանում։

– Պարո՛ն Բադասյան, միայն Հայաստանի իշխանությա՞նն եք դավաճան որակում, որքանո՞վ են հիմնավոր նման գնահատականները։

– Այո՛, Արցախի իշխանությանը ես երբեք դավաճան չեմ համարել, նրանք ամենաշատը կարող են լինել պարզապես դավաճանին սպասարկող։ Արցախի իշխանություններն ընդամենը զոհ են, որովհետև մինչև պատերազմը նրանք գիտեին, թե մենք հակաօդային պաշտպանություն ունենք և այլն։ Հայտարարում էին, թե ի տարբերություն նախկինի, մենք ունենք գերժամանակակից հակաօդային համակարգեր, բայց փաստորեն խաբել են, իսկ Արցախի իշխանությունները հավատացել են։ 

Բայց պատերազմի հենց առաջին վայրկյաններին թշնամու անօդաչուները առաջինը հենց դրանք ոչնչացրին։ Ի դեպ, Մովսես Հակոբյանի նկատմամբ կարելի է քրեական գործ հարուցել՝ իմանալ չհայտնելու հոդվածով, որը բերել է ծանր հետևանքների։

Մանե Հարությունյան

MediaLab.am