ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են առայժմ դադարեցնել փոխադարձ հարվածները՝ մինչև Կատարում նախատեսված հանդիպումը, որտեղ կքննարկեն Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման հարցը։ Այդ մասին, հղում անելով Վաշինգտոնի աղբյուրին, հայտնում է Axios-ը։
Ներկայումս նեղուցը միայն մասամբ է բաց, իսկ Իրանը պահանջում է, որ նավերը իրենց երթուղիները համաձայնեցնեն երկրի ռազմական ղեկավարության հետ։
Թեհրանը դեռևս թույլտվություն չի տվել արևմտյան երկրներին Հորմուզի նեղուցի ամբողջական ականազերծման համար։ ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ պատճառով նավերը կարող են տեղաշարժվել միայն երկու նեղ երթուղիներով՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե նեղուցն ամբողջությամբ բաց է։
Հունիսի 26-27-ին, չնայած հայտարարված հրադադարին, ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի է ունեցել լայնածավալ հարվածների փոխանակում։ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի մի քանի ափամերձ ռազմական բազաների, այն բանից հետո, երբ Իրանը երկու օրվա ընթացքում հարվածել էր նեղուցով անցնող երկու առևտրային նավի։ Թեհրանը հայտարարել է, որ նավերը շեղվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ համաձայնեցված երթուղուց, իսկ Վաշինգտոնի գործողությունները գնահատել է որպես նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը թուլացնելու փորձ։
Ի պատասխան ամերիկյան հարվածների՝ իրանական ուժերը թիրախավորել են Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ Բահրեյնում գտնվող ռազմական օբյեկտը զգալի վնասներ է կրել։
Բախումներից հետո կողմերը սպառնացել էին դադարեցնել հրադադարի պահպանումը։ Հրադադարը պաշտոնապես գործում է հունիսի 17-ից, սակայն այդ ընթացքում երկու կողմն էլ բազմիցս մեղադրել է միմյանց դրա խախտման մեջ։



















