Ինչպես հայկական մեդիան Պատրուշևի նկարին «վերագրեց» Գրիգորյանի հայտարարությունը․ FIP.am

Նոյեմբերի 16-ին, երբ ադրբեջանական զինված ուժերն ակտիվ գործողություններ էին սկսել Սյունիքում, Առաջին ալիքին տված հարցազրույցում  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ 

«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով …»,- ասել էր նա։

Գրիգորյանի հայտարարությունից շատ չանցած՝ այդ մասին տեղեկությունը հայտնվեց ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության կայքում: Գործակալությունը մեջբերել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքերը, սակայն հոդվածին կցել էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի նկարը՝ նշելով, որ հոդվածը շարունակում է թարմացվել:

Այնուհետև կայքը նյութը թարմացրել էր․ Պատրուշևի նկարը հեռացվել էր, փոխարենը կցվել էր Արմեն Գրիգորյանի նկարը: 

Սրանից հետո մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Civic.am-ը և Lragir.am-ը, հղում անելով «ՏԱՍՍ»-ին, տարածեցին Արմեն Գրիգորյանի հայտարարությունը՝ այն վերագրելով ՌԴ ԱԽ քարտուղարին:

Առանց «ՏԱՍՍ»-ին հղում անելու տեղեկությունը արտատպեցին Times.am-ը և 24news.am-ը:

Ուշագրավ է, որ գրեթե միաժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանից պաշտոնական դիմում չի ուղարկվել Ռուսաստան: 

«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարություն է արել, շփումն ընթանում է, սակայն պաշտոնական դիմում դեռ չի եղել։ Եղել է միայն բանավոր դիմում, առայժմ գործընթացը շարունակվում է»,- նշել էր Տողանյանը:

Այսպիսով, հայաստանյան լրատվամիջոցների պնդումը, թե նոյեմբերի 16-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարություն է արել Հայաստանի՝ Մոսկվային դիմելու մասին, սխալ է:

Փաստերի ստուգման հարթակ