«Մ2 ճանապարհին ադրբեջանցիները առնվազն մի տեղ դրել են հենակետ՝ բլոկ պոստ, դա եղել է իրենց պայմանը»․ Վահե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, երեկ ժամը 20։00-ից վերականգնվեց Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը։ Տեղյա՞կ եք, թե ինչ բանակցություններ են եղել, և այժմ ի՞նչ վիճակ է Գորիս-Կապան ճանապարհին։

– Ռուսների միջնորդությամբ ադրբեջանցիները բարեհաճել են բացել ճաանապարհը, բայց ճանապարհին երկու կամ երեք տեղ դրել են այսպես կոչված հենակետեր՝ բլոկ պոստեր, որով ստեղծել են արհեստական արգելքներ՝ ստիպելով, որ երթևեկող տրանսպորտը շարժվի զիգզագաձև։

– Այսինքն՝ դա՞ է եղել ադրբեջանցիների պայմանը, ինչի դիմաց համաձայնել են բացել ճանապարհը։

– Այո՛, ճանապարհը բացելուց առաջ այդպիսի պայման են ներկայացրել։ Մերոնց հետ որևէ բանակցություն չեն անցկացրել, արհամարհել են, խոսել են միայն ռուսական կողմի հետ։ Հիմա էլ ցանկացած պահի կարող են ճանապարհը նորից փակել։

– Պարո՛ն Հակոբյան, ձեր ասած ադրբեջանական այդ հենակետերը Կապան- Գորիս ճանապարհի՞ն են տեղակայված։

– Այո՛, Մ2 միջպետական ճանապարհի մասին է խոսքը։ Տրանսպորտը կուտակվել էր, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցրած անձի ասած՝ ալտերնատիվ ճանապարհը անանցանելի է բեռնատարների համար։ Եթե անգամ այդ բեռնատարները փորձեն ինչ-որ կերպ հետ ու առաջ անելով՝ ամեն մի ելևէջը հաղթահարել, դիմացից, հետևից եկող մեքենաների կուտակում կառաջանա։

Ու այդ H46-ը, որ այս կառավարությունն այդպես ամպագոռգոռ հայտարարություններ է անում, թե նախագիծն արել ենք, հեսա ասֆալտապատում ենք, իրենք դա արել են անհեռատեսորեն, շատ նեղ՝ միայն մարդատար մեքենաների համար, իսկ հիմա, ըստ իմ տեղեկությունների, արդեն փոխում են ծրագիրը, լայնացնում են ճանապարհը, բայց դա մի 5 տարի կտևի։

– Ձեր նշած այդ փոփոխությունները հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ այս իշխանությունը հետ է նահանջում և, ըստ էության, շարժվում է ադրբեջանական կողմի պահանջներով։

– Պատերազմի ավարտից հետո՝ սկսած հենց այդ կապիտուլյացիոն թղթի ստորագրումից, մեր իշխանությունները նահանջի ճամփով են գնում, ինչի՞ մասին է խոսքը։

– Ադրբեջանական հենակետերի մոտ, որոնց մասին ասացիք, պարո՛ն Հակոբյան, կան նաև ադրբեջանական զորքե՞ր այս պահին։

– Այո՛, այնտեղ համատեղ ռուս-ադրբեջանական սահմանապահներն են կանգնած։

-Բայց ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարը հերքել է այդ լուրը, թե Գորիս-Կապան ճանապարհին տեղակայվել է ռուս ադրբեջանական անցակետ։ Հիմա դուք հաստատու՞մ եք, որ այնուամենայնիվ, կա տեղակայված ադրբեջանական անցակետ։

-Ձեզ մի փաստ ուղղակի ասեմ․ Որոտանի գյուղապետի տունը, որն անցավ Ադրբեջանին, որտեղ իրենց շտաբն է, դրա դիմաց՝ ճանապարհի երթևեկելի մասում, իրենք դրել են բետոնից ու քառակուսիներից բաղկացած մի քանի այդպիսի քարեր ու իրենք էլ դրանց կողքին կանգնած են։ Մեր մեքենաները չեն կանգնեցնում հիմա, բայց մեր սահմանապահները, երբ Գորիսից մեքենաները գալիս են, կանգնեցնում են, զգուշացնում, որ այնտեղ պետք է արագությունը քչացնել։ Իսկ երեկոյան՝ մթի ժամանակ, հարվածելու են այդ բետոնե քարերին։

-Այսինքն՝ այդ մի հատվածում ադրբեջանական հենակետ կա՞։

-Առնվազն այդ մի հատվածում կա, չորս տեղի ինֆորմացիան չի հաստատվում, էն մյուս կողմը չենք հասցրել մտնել, կմտնենք, լրացուցիչ ձեզ կասեմ, բայց Որոտանի գյուղապետի տան հենց դիմացը՝ երթևեկելի մասում, Մ2 մայրուղում իրենք դրել են երեք-չորս հատ այդ բետոնե քարերից։

-Բայց այդ հատվածը Հայաստանի մա՞ս է համարվում, թե՞ արդեն ադրբեջանական։

-Դա մեր, ոչ բարով վարչապետին է պետք հարցնել, այդպես էլ բան չհասկացանք այդ տարածքից։ Կոնկրետ այդ հատվածը ճանապարհը կիսում է, ձախ կողմը, եթե Գորիսով եք գնում, ադրբեջանական է, աջը՝ հայկական։ Ձախ կողմը, որտեղ 11 տուն մնաց ադրբեջանական կողմին ու իրենք հենց այդտեղ՝ փողոցի եզրին կանգնած են։

– Երեկ իշխանական պատգամավորն ուղիղ եթերում երթևեկում էր Կապան-Գորիս ճանապարհով՝ նշելով, թե այն բաց է ու անվտանգ։ Ինչո՞ւ նա չասաց այդ ադրբեջանական հենակետերի մասին, որոնց մասին դուք խոսեցիք։

– Իսկ իրենց ձեռնտո՞ւ է իրենց տանուլ տված ցանկացած բանակցության մասին խոսել։ Ցանկացած բանակցություն իրենք տանուլ են տալիս, որովհետև չեն կարողանում, ունակ չեն։

– Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը միասին աշխատելու ձեռք մեկնեց՝ ասելով, որ ներքին մարտահրավերներ չունեն, դրանք արտաքին են։ Ձեր խմբակցությունն ի՞նչ է պատրաստվում անել այս առումով։

– Նախ պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանրությանը ներկայանալ՝ որպես պուպուշ ու սպիտակ փիսիկ, իսկ տակից անում է այն, ինչ մտածել է, այսինքն՝ նենգաբար վրեժխնդրություն, ժողովրդի մեջքի հետևում թղթեր ստորագրել, զիջումների գնալ։ Դա նրա հերթական պոպուլիստական դրսևորումն է, իսկ եթե համադրեք փաստերը, կտեսնեք լրիվ այլ բան։

– Իշխանության բացթողումների, թերությունների մասին եք խոսում՝ չբացառելով, որ մաս-մաս հանձնվում է Սյունիքը, այ դուք՝ ընդդիմությունը, ի՞նչ է անում այդ ամենը կանխելու համար։ Արտախորհրդարանական ուժերը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում են ոչինչ չանելու մեջ՝ նշելով, որ իրար վրա գոռալով, շիշ նետելով ոչ մի հարց չեք լուծում։

– Այդ ուժերն ինձ համար ռեալ ուժեր չեն, քանի որ իրենք չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը, դրանք ի՞նչ ընդդիմություն։

– Լավ, այդ ուժերին մի կողմ թողնենք, ի՞նչ եք անում, որ կանխեք իշխանության այդ կարգի գործողությունները։

– Ընդդիմությունն այսօր պետք է ցույց տա բոլորին՝ անգամ նրանց, ովքեր չեն մասնակցել ընտրություններին և, ինչպես ասում են, մերժում են այս ամեն ինչը։ Իրենք չեն կարող մերժել այդ ամենը, որովհետև ի վերջո բոլորս կհայտնվենք մերժվածների շարքում, որովհետև մենք մերժվելու ենք միջազգային հանրության կողմից։ Մենք պետք է կոտրենք այդ անտարբերության մթնոլորտը, որը կա այսօր մեր երկրի ու հայրենիքի նկատմամբ։

– «Հայաստան» դաշինքին կհաջողվի՞ դա անել ։

– Համենայնդեպս, մենք կանենք ամեն ինչ, ամեն ինչ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am