37-ամյա տղամարդու դանակահարություն Թաիրով գյուղում․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը․ Տեսանյութ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 37-ամյա տղամարդ է Երևանի բժշկական կենտրոններից մեկը տեղափոխվել։ Ըստ ուղեկցողների՝ վնասվածքը ստացել էր Արմավիրի մարզի Թաիրով գյուղում։
Նրան դանակահարել էին։ Անհրաժեշտ էր ճշտել՝ գյուղի որ հատվածում էր կատարվել դեպքը, պարզել կասկածյալի ինքնությունն ու հայտնաբերել նրան։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր համագյուղացին՝ Թաիրով գյուղի 25-ամյա մի բնակիչ։

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 8-ին կասկածվողը ներկայացավ Վաղարշապատի բաժին։
Նա տվել է խոստովանական ցուցմունք, նաև ներկայացրել է դանակը։
Հանգամանքները պարզվում են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։