«Պարոն Պապիկյան, այս տարի Սևանից 50 մլն խմ պակաս ջուր է բաց թողնվե՞լ»,- կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան Պապիկյանն ասաց՝ այո և հավելեց, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում կտեսնենք Սևանա լճի մակարդակի բարձրացում նախորդ տարվա համեմատությամբ:
«Հիմա լրիվ վստա՞հ ենք, թե՞ դեռ լրիվ վստահ չենք, որ օրենքով նախատեսվածից ավելի ջրառի կարիք չենք ունենա այս տարի»,- հարցրեց վարչապետը:
Սուրեն Պապիկյանն ասաց, որ ամեն ինչ տանում է դրան: Ըստ նրա՝ նախորդ տարի օգոստոսի 31-ից հավելյալ ջուր է բաց թողնվել Սևանից:
Փաշինյանն ասաց, որ ջրի պակաս բաթողնումը պայմանավորված է բարենպաստ եղանակային պայմաններով և ջրի կառավարման մեջ տեղի ունեցած փոփոխություններով:
«Բայց ուսումնասիրությունները բերում են նրան, որ ավելի շատ կառավարման փոփոխությունները կապ ունեն դրա հետ: Տարվա սկզբից և անցյալ տարվա վերջից, եկեք խոստովանենք, այն նյարդային աշխատանքը, որ արեցին կառավարությունը և իրավապահ մարմինները, պետական վերահսկողության ծառայությունը, արդյունք տվեց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ այս առիթներով հարուցված քրեական գործերն իրենց տրամաբանական ավարտին կհասնեն, և բացասական իրողություններն ի վերջո արմատախիլ կարվեն այս ոլորտից: