«17 կուսակցությունները ծրագիր չունեն, հիմնական թեզն էն է, որ Նիկոլը գնա, իրենք վեր ընկնեն աթոռներին». Նիկոլայ Ծատուրյան

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Ծատուրյանը

– Պարո՛ն Ծատուրյան, պատերազմից հետո երկիրն ի՞նչ վիճակում է։

– Անձամբ ես լավատեսորեն եմ տրամադրված։

Ինչո՞ւ մարդիկ դուրս չեկան փողոց, 17 կուսակցությունների կողքին չկանգնեցին, ովքեր պահանջում էին վարչապետի հրաժարականը։

– Ի՞նչ դուրս գան, մարդիկ գիտեն, որ էդ 17 կուսակցությունները գող-ավազակներ են, դավաճաններ։ Մի րոպե պատկերացրեք, որ Փաշինյանը հրաժարական տվեց, դուք պատկերացնո՞ւմ եք՝ դրանք իրար ո՞նց են գզելու, թե ով դառնա վարչապետ։

– Այսինքն՝ պարտությունից հետո մարդիկ կողմ են, որ այս իշխանությունը շարունակի պաշտոնավարե՞լ։ Արդյոք պարտված իշխանությունը չպե՞տք է հեռանա։

– Անձամբ ես կողմ եմ, որ մնա, բայց դեռ կողմ եմ։ Ինչո՞ւ դեռ, որովհետև եթե իր էդ «թավիշ» է, ինչ զահրումար է, չվերացնի, ոչինչ չի փոխվի։ Ու շատ եմ հավանում մի քոմենթ, որը պատահաբար աչքովս ընկավ՝ «Փաշինյան ջան, մի տարով Ստալին դարձիր»։ 

Դրանով ամեն ինչ ասված է։ Հերիք է, էլի, օրենք, զահլա տարար, նրանք օրենքո՞վ են աշխատում։ 

Մի խոսքով, մինչև էս դատական համակարգը չփոխի, էս դավաճաններին չպատժի, կախաղան չհանի, ոչինչ չի փոխվի։ Էնքան լավ է, Հալեպում կախաղանի հրապարակ կա, բոլոր դավաճաններին, գողերին բերում էին ու մարդկանց առաջ կախում։

– Բայց պատերազմից հետո երկիրը լուրջ անվտանգության խնդիրների առաջ է կանգնած։ Պետք է լինի իշխանություն, ով ի վիճակի կլինի ճիշտ արտաքին քաղաքականություն վարել, լուծել անվտանգային հարցերը։ Այս իշխանությունն ի վիճակի՞ է դիմակայելու այդ լուրջ մարտահրավերները։

– Մինչև երկիրը չմաքրես դրանցից, երկիրը կուռ ձևով առաջ չի գնա։ Դրանք շատ են խանգարում, Նիկոլը նրանց վրա է գործեր բացում, նրանք՝ Նիկոլի վրա են գործեր բացում։ 

Զբաղված են մանր-մունր բաներով, այնինչ, այո՛, լուրջ խնդիրներ կան։ Հետո ես հարցադրում եմ անում՝ լավ, էդ 17 կուսակցությունների ծրագիրը ո՞րն է։ Մի հատ ներկայացնեն՝ հասկանանք։ Կարող է լավ ծրագիր է, հանձնենք իրենց։ Բայց ծրագիր չէ, աթոռակռիվ է։

– Այսինքն՝ եթե մարդկանց ծրագիր ներկայացվի, նրանք կպահանջե՞ն իշխանության հրաժարականը։

– Հա՛, իմանանք՝ ի՛նչ են ուզում, ախր, իրենք էլ չեն իմանում։ Հիմնական թեզն էն է, որ Նիկոլը գնա, իրենք վեր ընկնեն աթոռներին։ Ինձ համար հեչ կարևոր չէ՝ Նիկոլը կնստի, ով կնստի, մարդ լինի, ով հայրենիքի մասին մտածի։

– Ի՞նչ խնդիրներ պետք է լուծվեն այսօր առաջնահերթ։

– Հեռահար ծրագիր պետք է մշակվի։ Լավ է անում Նիկոլը, որ ասֆալտապատում է փողոցները, լավ է անում, որ զինվորների սնունդն է շատացրել, բայց դրանք շատ ավելի փոքր հարցեր են։ 

Մեր թշնամիները կոնկրետ հեռահար ծրագրեր ունեն, մանավանդ թուրքերը, և այդ ծրագիրն աստիճանաբար իրականացնում են։ 

Իսկ մենք էդ ծրագիրը չունենք, դրա համար էլ գյուղեր ենք տալիս, պատերազմում ենք պարտվում։ Դրա համար էլ Նիկոլը գնում է Մոսկվա, ձայնը կտրած նստում է, որովհետև պարտված կողմ է։

Այս իշխանությունն ի վիճակի՞ է այդ հեռահար ծրագրերը մշակելու և իրագործելու։

– Ես ասացի՝ դեռ հույս ունեմ, որ ինչ-որ ձևով նա իրեն թափ կտա ու կսկսի շատ ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Իսկ իրականում ես շատ եմ ուզում, որ Եվրոպայից է, Ամերիկայից է, որտեղից է՝ իսկապես հայրենասեր, գիտակ ու «թափով» մարդ գա, ով իսկապես երկրի գլխին կկանգնի։ Այդ ժամանակ թող Փաշինյանը չլինի։ 

Ես հիշում եմ, որ ինտերվյու տվեց Փաշինյանը, հարցնում են՝ էս դատական համակարգը ե՞րբ եք «մաքրելու»։ Նա ասաց՝ «Ես չեմ կարող, նրանք առանձին օրգան են»։ 

Ո՞նց թե չես կարող, կարողացի՛ր, բա ժողովուրդը հույսը քեզ վրա է դրել։ Ժողովուրդն աստիճանաբար հուսախաբ է լինում, որովհետև անընդհատ թավիշ է, ի՞նչ թավիշ, ա՛յ ցավդ տանեմ։ Ինձ մեկ անգամ ասացին՝ դուք արվեստագետ եք, ո՞նց եք ռադիկալ միջոցների կողմնակից։ 

Ասացի՝ այո՛, բոլոր միջոցները կարող են լինել, եթե դրանք նպաստում են երկրի զարգացմանը, ընդհուպ մինչև ֆաշիզմը, միայն թե երկիրը հզորանա։ 

Մի տեղ կարդացի՝ 20 փամփուշտ է պետք, մի հատ՝ թշնամու համար, 19-ը՝ երկրի դավաճանների։ Դրանց տակի փողերը հանի՛ր, գնա ժամանակակից զենքեր առ, ոչ թե բահեր, որոնցով կռվում էին։ Ինքը կաբինետ չունի, սա է ամենավատը, չունի այն մարդկանց, ովքեր գործից իսկապես հասկանում են։

– Պարտությունից հետո երկրում տիրող անկումային տրամադրություններն ինչպե՞ս փոխել։

– Ինչ վերաբերում է ժողովրդին, ես հարցնում եմ՝ իսկ կա՞ մի պետություն, որ պարտված չլինի։ Ֆրանսիան չպարտվե՞ց, Գերմանիան չպարտվե՞ց և այսօր էլ հզոր երկիր է։ 

Պարզապես պետք է ուշքի գալ, անալիզ անել պարտության պատճառները ու զինվել՝ հույսով ու հավատով։ Ես ասել եմ՝ փառք Աստծո, կա կորոնավիրուսը։ Եթե սահմանները բացվեն, Հայաստանը մնալու է առանց հայերի։ 

Սաղ երազում են թողնեն-գնան։ Ո՞ւր եք գնում, ա՛յ մարդ, բա հայրենի՞քը։ Ախպե՛ր, թող իմ ընտանիքը լավ լինի, մնացածը՝ հե՛չ. այս մտածելակերպն է, որը պետք է փոխել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am