Աննա Հակոբյանը Շիրակի մարզ այցի ընթացքում հյուրընկալվել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 26-ին այցելել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ, հյուրընկալվել 44-օրյա պատերազմում անմահացած Հովհաննես Գրիգորյանի տանը:

Հովհաննեսը ժամկետային զինծառայող էր, ծառայել է նախ Գյումրիում, ապա Լեռնային Ղարաբաղում: 44-օրյա պատերազմի ժամանակ Հովհաննեսին 4 ամիս էր մնացել ծառայելու: Մայրը` Անժիկ Խաչատրյանը, վարչապետի տիկնոջը որդու կյանքից դրվագներ է պատմել: Հովհաննեսը մինչև ծառայության անցնելը սովորել է Ճգնաժամային կառավարման ազգային ակադեմիայում:

Անժիկ Խաչատրյանը պատմել է, որ տղայի հետ վերջին անգամ խոսել են 2020-ի հոկտեմբերի 1-ին, հետո համածառայակիցներից իմացել են, որ հոկտեմբերի 3-ին Հովհաննեսը շրջափակման մեջ է ընկել և զոհվել: Հովհաննեսի ընտանիքը որդու մարմինը կարողացել է հողին հանձնել 11 ամիս անց:

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ծնողներին հերոս դաստիարակելու համար և Հովհաննեսի արարքը անգնահատելի է համարել:

Վարչապետի տիկինն ապա այցելել է Սառնաղբյուր գյուղի եղբայրական պանթեոն, ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած զինվորականների շիրիմներին:

Սառնաղբյուրում Աննա Հակոբյանը այցելել է նաև Զաղա քարանձավ կամ Սբ Գրիգոր Լուսավորչի ճգնարան, որտեղ, ըստ ժողովրդի շրջանում տարածված պատմությունների, ճգնել է Սբ Գրիգոր Լուսավորիչը:

Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում Աննա Հակոբյանը այցելել է Գյումրիում բնակվող 82-ամյա Սեդա Յարալյանին, որի որդին` Արտյոմ Յարալյանը, անմահացել է 44-օրյա պատերազմում: Արտյոմը կամավոր է պատերազմ մեկնել 38 տարեկանում:

Աննա Հակոբյանը հետաքրքրվել է Սեդա Յարալյանի առողջական վիճակով, լսել նրա պատմությունը: Տիկին Սեդան երեք որդի է ունեցել, երկուսը մահացել էին ավելի վաղ, Արտյոմը երրորդ որդին էր:

Աննա Հակոբյանը առողջություն և համբերություն է մաղթել Սեդա Յարալյանին: