ՀԱԿ. Դատապարտում ենք մամուլի դեմ ակնհայտորեն մեկ կենտրոնից կազմակերպված արշավանքը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է վերջերս մի շարք ԶԼՄ-ների դեմ սկսված դատական պրոցեսներին:
«Իշխանության կողմից չվերահսկվող մի քանի անուն թերթերի վրա պարբերաբար շարունակվում են զանազան ճնշումները։ Այս պահին դատարաններում քննվում են «Հայկական ժամանակ», «Ժամանակ» եւ «Առավոտ» թերթերի նկատմամբ «բարոյական վնասների» ֆինանսական փոխհատուցման ընդհանուր հաշվով մոտ 20 միլիոն դրամի հայցեր։ Մամուլի հիշյալ միջոցների նկատմամբ հայցերն ակնհայտորեն ապօրինի են»,- գրված է հայտարարության մեջ։
Կոնգրեսի հայտարարության մեջ նշվում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ երեք օլիգարխների հայցը հիմնազուրկ է, քանի որ համապատասխան տեղեկատվությունը «Հայկական ժամանակը» հրապարակել է՝ հստակ մատնանշելով իր աղբյուրը։

Ավելին՝ մատնանշված աղբյուրը եւս մեկ անգամ հաստատել է նույն տեղեկատվությունը եւ «վիրավորված արժանապատվությամբ» օլիգարխներին առաջարկել է իր հետ գործ ունենալ։

«Եւ այնուամենայնիվ, դատի է տրվել «Հայկական ժամանակը», որի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը վարչախմբի դեմ մղած իր պայքարի հետեւանքով այսօր որպես քաղբանտարկյալ անազատության մեջ է։

«Ժամանակ» օրաթերթին դատի տված Ռ. Քոչարյանի ընտանիքի հայցը նույնպես անօրինական է, քանզի թերթը իր հաղորդած տեղեկատվության համար սահմանված կարգով հերքում է տպագրել, իսկ հայցը ի սկզբանե ենթակա էր մերժման վաղեմության հիմքով։ Հիշենք, որ որպես քաղբանտարկյալ ավելի քան երեք տարի անազատության մեջ էր նաեւ այս թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը»,- գրված է ՀԱԿ հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության, նույն բնույթի են «Առավոտի» դեմ հարուցված դատական երեք հայցերը։

«Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է մամուլի դեմ ակնհայտորեն մեկ կենտրոնից կազմակերպված այս արշավանքը, հույս է հայտնում, որ այն կարժանանա միջազգային պատկան կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ-ի, ԺՄԻԳ-ի, Հայաստանում ԵՄ երկրների դեսպանների, ԱՄՆ-ի ուշադրությունը»,- գրված է հայտարարության մեջ։

Կոնգրեսը նաեւ իր տարակուսանքն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից ժողովրդավարության զարգացման համար Հայաստանին 45,5 միլիոն դոլար հատկացնելու փաստի առիթով:

«Ինչպես ցույց է տալիս Հայաստանի վերջին 10 տարիների փորձը, ժողովրդավարական իրավիճակը ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում հետեւողականորեն վատանում է եւ այդ վատացումը գուցեեւ ուղիղ համեմատական է այդ նպատակով հատկացված գումարի չափին»,- գրված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

© Medialab.am