Մարդկանց վերաբերյալ որոշում են կայացնում ու այդ մասին տեղեկացնում նրանց ամենավերջում, կասկածելի պայմաններում. Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի Բերձոր քաղաքում ու Աղավնո գյուղում ստեղծված իրավիճակը մարդու իրավունքների տեսանկյունից։ 

– Կատարվողն այնքան ցավալի է, որ դժվար է այդ մասին որևէ բան ասել։ Փակ դռների հետևում ի՞նչ են բանակցում, ի՞նչ են քննարկում համապատասխան մարմինները՝ հասարակությունն անտեղյակ է, ու այդ առումով, փաստացի, ամենախոցելին դառնում է շարքային քաղաքացին, որն ամեն վայրկյան գտնվում է իր տան, իր իրավունքի շրջանակներում խոցելիության վիճակում, այսինքն՝ մարդը, որը գտնվում է իր բնակարանում, ամեն վայրկյան կարող է զրկվել դրանից, ու այդ որոշման մասին նա տեղեկանում է ամենավերջում։ Այսինքն՝ այդ մարդկանց վերաբերյալ որոշում են կայացնում ու այդ մասին տեղեկացնում նրան ամենավերջում ու կասկածելի պայմաններում, ո՞վ, ե՞րբ ու որտե՞ղ է այդ որոշումը կայացրել՝ մինչև այժմ պարզ չէ։

– Ինչո՞ւ որոշում կայացնողները հանրության հետ ավելի սերտ ու թափանցիկ շփման մեջ չեն։

– Կարծում եմ՝ անկեղծության պակաս կա՝ կապված աշխարհաքաղաքական այն գործընթացների հետ, որ տեղի են ունենում։ 2018 թվականի այդ ամբողջ գործընթացները հենց հանրության մասնակցայնության վերաբերյալ էին, որ հանրությունը դառնար համամասնակից այն բոլոր հարցերի քննարկմանն ու լուծմանը, որոնք իրականացվում են տարբեր խնդիրների իրականացման տեսանկյունից, բայց մենք ակնհայտորեն տեսանք, որ 18 թվականի սպասելիքները չարդարացվեցին, և բոլոր որոշումները, այնուամենայնիվ, կատարվում են կուլիսներում, ու այդ փակ դռների հետևում կայացրած որոշումներին անմասն է մնում հանրության գրեթե ողջ հատվածը։

– Տեղահանված արցախցիներին տրվող պետական աջակցությունները, որոնք, ըստ նույն տեղահանված քաղաքացիների, բավարար չեն կեցության վայր գտնելու համար, որքանո՞վ են նպաստում այդ մարդկանց խախտված իրավունքների վերականգնմանը։ Պետությունն ի՞նչ պետք է անի այս իրավիճակում։

– Պետությունը երբևէ համարժեք չի գործել, ու մշտապես խախտվել են մարդու իրավունքները, նույնիսկ Երևանի կենտրոնում։ Հիշենք, օրինակ՝ ներկայիս Հյուսիսային պողոտայի բնակիչների տարհանումը, որն իրականացվեց ոչ պատշաճ, ոչ համարժեք հատուցումներով, ու որքան էին մարդիկ բողոքում, ընդվզում, ու այդ բողոքները հասան մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 

Հիմա էլ, ըստ էության, արվում է նույնը՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների համար մարդկանց զրկում են իրենց սեփականության, սոցիալական ապահովության հիմնարար իրավունքներից՝ առանց պատշաճ փոխհատուցման։ 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, այդ մարդիկ ո՞ւմ պետք է դիմեն իրենց իրավունքների պաշտպանության համար ու արդյունքի կհասնե՞ն։

– Հաշվի առնելով, որ այդ տարածքները նաև չճանաչված են, արդարադատության հասնելու շատ սուղ գործիքակազմ կա։ Բայց պետք է ահազանգեն պետական մարմիններին, Արցախի մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա բարձրաձայնի դրանց մասին ու փորձի համագործակցել այդ մարմինների հետ, ինչը, ես կասկածում եմ, որ կլինի համակարգված ու նպատակային։

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ Արցախից մինչ օրս, ներառյալ՝ նաև Բերձորի ու Աղավնոյի տեղահանվածների իրավունքները խախտվել են, որովհետև այդ մարդիկ կա՛մ վերջին պահին են իմանում, որ իրենց գյուղը կամ քաղաքը պետք է լքեն, կա՛մ մի քանի օր առաջ, տրված փոխհատուցումն էլ բավարար չէ նորմալ կեցավայր գտնելու համար։

– Իրականում 2020 թվականից սկսած այս ամբողջ ընթացքում բազմաթիվ արցախցիների իրավունքներ են խախտվել՝ անկախ նրանից, նրանք Հայաստանում իրենց առաջին օգնությունը ստացել են, թե ոչ, տեղափոխվել են անվտանգ, թե ոչ։

Նրանք իրենց ապագայի վերաբերյալ բացարձակապես պատկերացում չեն ունեցել, ու շատերը նույնիսկ չեն էլ վերադարձել իրենց բնակավայրերը, այսքանով, իհարկե, խախտվել են մարդկանց իրավունքները, որոնք տարհանվել են իրենց բնակավայրերից։ 

Հիշենք 2020 թվականի պատերազմական իրավիճակը, երբ մարդկանց ուղղակի չէին էլ նախազգուշացնում, որ պետք է վերցնել փաստաթղթերը, անհրաժեշտ իրերը, միգուցե գումար, նրանք ամբողջովին անգիտության էին մատնված, թե ինչ ծավալների է հասնում այդ զինված գործողությունը, և, ցավոք սրտի, Հայաստանի քաղաքացիները ևս բացարձակ անգիտության մեջ էին, որովհետև հեռուստատեսությամբ տրվում էր այլ տեղեկատվություն, իսկ իրականությունը լրիվ այլ էր։

Այսինքն՝ խախտվել են թե՛ հայաստանցիների, թե՛ արցախցիների իրավունքները՝ տեղեկացված լինելու մասով առաջին հերթին ու դրանից բխող բոլոր մնացած իրավունքները, որոնք կարող էին առավել նախապատրաստված լինել այս իրավիճակին։ 

Երբ ստորագրվեց նոյեմբերի 9-ի այդ հայտնի եռակողմ փաստաթուղթը, դրանից հետո ևս պատշաճ ժամանակ չտրվեց մարդկանց, որպեսզի նրանք տեղափոխեն իրենց իրերը, պետական որևէ լուրջ աջակցություն չեղավ, որպեսզի այդ մարդկանց տրամադրվեն ավտոմեքենաներ: Դ

ուք հիշում եք, թե ինչ խուճապ ու գնաճ էր նաև բեռնատար մեքենաների մասով, ու մարդկանց զգալի մասը չկարողացավ այդ գումարը գտնել, որ իր իրերը տեղափոխեր։ Շատ լավ տեսնում ենք, որ այդ նույն միտումը շարունակվում է․ առաջինը խախտվում է տեղեկացված լինելու իրավունքը։ Որևէ մեկը չգիտի, թե ինչ որոշումներ են կայացվում փակ դռների հետևում, ուստի մարդկանց իրավունքը խախտվում է իրենց ապագայի վերաբերյալ պատկերացումային դաշտում։

– Իսկ այդ իրավախախտումների պատասխանատուն ո՞վ է։ 

– Առաջին հերթին բանակցողներն են, որոնք ստեղծում են այդ իրավիճակը։ Երկրորդը, իհարկե, անմիջականորեն այդ պետության, ճիշտ է, Արցախի Հանրապետությունը չճանաչված է, բայց ունի ընտրված ղեկավարություն, որը անմիջական կապի մեջ պետք է լինի իր քաղաքացիների հետ, ու տեղեկատվություն տրամադրի իրավիճակի վերաբերյալ կամ անվտանգության։

Ուստի նաև պատասխանատու են Արցախի Հանրապետության իշխանությունները, Հայաստանի իշխանություններն այնքանով, որքանով իրենց հռչակել են որպես բանակցող ու խաղաղության դարաշրջանի երաշխավոր։

Մենք, սակայն, տեսնում ենք, որ այդ դարաշրջանը փաստացիորեն անհիմն է, որովհետև տվյալ մարդկանց իրավունքները խախտելով՝ խաղաղություն չի լինում։ Խաղաղությունը ենթադրում է սահմանային լարվածության թուլացում, ոչ թե ավելի շատ զինվածություն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am