ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց նախագահին որպես վկա հրավիրելու Հրայր Թովմասյանի միջնորդությունը

Սահմանադրական դատարանը խորհրդակցության ֆորմատով քննարկման արդյունքում որոշեց երկրորդ անգամ ևս մերժել ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը, որը ներկայացրել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդակցությունից հետո հայտնեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

«Թովմասյանի միջնորդությունը՝ ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու և ցուցմունքը լսելու, դատարանը որոշեց մերժել»,-ասաց Դիլանյանը:

Թովմասյանի մյուս միջնորդությունը, սակայն, ՍԴ-ն որոշեց բավարարել և Դատական դեպարտամենտից պահանջել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի բովանդակությանը դատական պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ տեղեկատվություն` կցելով համապատասխան դատական ակտերի պատճենները:

Հուլիսի 9-ին Հրայր Թովմասյանը միջնորդել էր նիստին հրավիրել հանրապետության նախագահին, որպեսզի նա ներկայացնի, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին: Այս միջնորդությունը ՍԴ-ն քննարկել է աշխատակարգային կարգով՝ խորհրդակության ֆորմատով և որոշել էր մերժել միջնորդությունը: Թովմասյանը, սակայն, հուլիսի 10-ի նիստում կրկին ներկայացրել էր նախագահին որպես վկա հրավիրելու միջնորդություն՝ մեկ այլ հոդվածով:

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: