Ադրբեջանական կողմը պետք է վտանգ զգա հայկական կողմից, բանակցություններով նրանց բան հասկացնելն անարդյունք է. Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 

– Պարո՛ն Հակոբյան, երեկ կայացած Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում Արցախի Հանրապետության նախագահը ներկայացրե՞ց այն գործնական քայլերը, որ պատրաստվում են անել, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ ստեղծված իրավիճակից։

– Այս պահին որևէ առարկայական քայլի մասին չի խոսվել, կարծում եմ, նախապատրաստական աշխատանքներ, ինչ-որ բաներ արվելու են, ու, երևի, այդ մասին հանրությանը տեղյակ կպահեն, որովհետև խոսքը պաշտպանական շրջանների մասին է։ Բայց նիստի ժամանակ այդ մասին չի խոսվել, ընդհանուր քաղաքական դիրքորոշման մասին է խոսվել, որ ցանկացած այդպիսի երևույթներ մեզ համար չպետք է ո՛չ անսպասելի լինեն, ո՛չ մեզ հուսահատեցնեն, ընդհակառակը՝ այս ամենը պետք է ավելի ուժեղացնի մեր պայքարելու հաստատակամությունը։ ԱԽ նիստի ժամանակ գործնական քայլերի մասին չի խոսվել։ 

– Բայց արվո՞ւմ են գործնական քայլեր իշխանության կողմից։

– Իշխանությունը, համենայնդեպս, մեզ հավաստիացնում է, թե ամեն ինչ արվելու է, որպեսզի համարժեք պատասխան տրվի, որ նման դեպքերը բացառվեն, ու ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որ մեր պայքարին այլընտրանք չկա։

– Ստացվում է, որ մինչև հիմա այդ համարժեք պատասխանը չե՞ն տվել, որ Ադրբեջանը օրերս առաջ եկավ Արցախում, ու հիմա նո՞ր են որոշել համարժեք պատասխանել։

– Պաշտպանական առումով մեր պաշտպանության բանակը, ռուս խաղաղապահների հետ համատեղ, բավականին ծավալուն աշխատանքներ է կատարում, և նույն մարտի 5-ը դրա ապացույցն էր, որ մենք կարողանում ենք համարժեք պատասխան տալ։ Բայց նման դեպքերը, կարծում եմ, հնարավոր չէ բացառել, դրանք ամեն վայրկյան կարող են լինել։ 

– Պարո՛ն Հակոբյան, իսկ ռուսական կողմից ի՞նչ արձագանքներ են եղել, այդ մասով մանրամասներ ներկայացվե՞լ են, ռուսական կողմը պատրաստվո՞ւմ է այնպես անել, որ ադրբեջանցիները հետ գնան։

– Այս պահի դրությամբ ռուսական կողմն ակտիվ բանակցությունների մեջ է, որպեսզի ադրբեջանական կողմը վերադառնա ելման դիրքեր։ 

– Կարծում եք՝ բանակցություններն արդյունավե՞տ կլինեն, թե՞ կունենանք այն, ինչ ունենում ենք նման դեպքերում 2020-ից մինչ օրս։

– Ադրբեջանական կողմն ուղղակի պետք է վտանգ զգա հայկական կողմից, որպեսզի մենք կարողանանք նրանց պարտադրել որևէ գործողություն չանել, ուղղակի զուտ բանակցություններով, ռուս խաղաղապահների միջոցով նրանց ինչ-որ բան հասկացնելն անարդյունք է։ 

Ադրբեջանական կողմը պետք է տեսնի, որ իրենց ցանկացած գործողություն արժանանալու է մեր կողմից համարժեք պատասխանի ու մի բան էլ ավելի։ Մենք պետք է այնպիսի կեցվածք ընդունենք, որ ադրբեջանական կողմն իր կորուստներից վախենալով չդիմի նման քայլերի, այլ ոչ թե փորձենք դեպքը լինելուց հետո որոշակի հորդորների կամ պահանջների միջոցով վերականգնել նախկին իրավիճակը։

– Այսինքն՝ համակարծիք չե՞ք այն մարդկանց հետ, որոնք ասում են, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ ռուսական կողմն է պատասխանատու նման դեպքերը կանխելու համար։

– Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության պատասխանատուն միայն ռուս խաղաղապահ ուժերը չեն, այլ այն երեք պետությունները, որոնք ստորագրել են այդ թուղթը, իսկ դրանք, բացի Ռուսաստանից, նաև Հայաստանն ու Ադրբեջանն են։ 

Ադրբեջանն ու իր ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս ցույց են տվել, որ իրենք որևիցե միջազգային իրավունքի փաստաթուղթ կամ նորմ չեն պահպանում։ Իսկ Հայաստանի իշխանությունները վաղուց արդեն Արցախի հարցը տեղափոխել են ռուս-ադրբեջանական տիրույթ, ուստի պետք է հասկանալ, որ այս պարագայում ադրբեջանական որևէ գործողություն հնարավոր չէ կանխել։ 

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, կարծում եմ, որ նրանք հնարավոր սադրանքները կանխելու ու թույլ չտալու, որ դրանք վերաճեն ավելի մեծ գործողությունների իրենց պարտավորությունը կատարում են, բայց հիմնական պատասխանատվության բեռն ընկնում է Հայաստանի ու Արցախի Հանրապետության իշխանությունների վրա, որովհետև յուրաքանչյուր իշխանություն իր երկրի անվտանգությունը պաշտպանելու գործառույթն առաջինը պետք է անի, այսինքն՝ թիվ մեկ պատասխանատուն այս պարագայում հայկական կողմի իշխանություններն են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am