«Արժեքի մեջ մտնում են ոչ միայն բուն տոնածառը, այլև նրա տեղափոխման ծախսը, մոնտաժային աշխատանքները, լույսերը, խաղալիքները». Հակոբ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

– Երևանն Ամանորը դիմավորում է նոր տոնածառով։ Ե՞րբ էր այն վերջին անգամ փոխվել, և արդյոք կա՞ր նորի անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն քննադատությունները, որոնք հնչում են օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում։

– Վերջին անգամ Երևանի գլխավոր տոնածառը փոխվել էր 2005 թվականին։ Նախկինը, բացի նրանից, որ բարոյապես էր արդեն մաշված, ու տարեցտարի ավելի մեծ էր դառնում ցանկությունը, որ փոփոխվի երկրի գլխավոր տոնածառը, նաև ֆիզիկապես էր մաշված բավականին, մետաղական կոնստրուկցիան մաշվել էր ու ժանգոտել։ Նոր տոնածառը գնվել է բավականին բարձրակարգ մոսկովյան մասնագիտացված ընկերությունից, որը ոչ շատ օրինակներով տոնածառեր է պատրաստում։ Իր բոլոր մնացած առավելություններով հանդերձ՝ Ռուսաստանից արված գնում է և հարմար է նրանով, որ դուրս են գալիս մաքսային ծախսերը։ Տոնածառի արժեքը կազմել է մոտ 71միլիոն դրամ։ Արժեքի մեջ մտնում են ոչ միայն բուն տոնածառը, այլև նրա տեղափոխման ծախսը, մոնտաժային աշխատանքները, լույսերը, խաղալիքները։ Տոնածառի բարձրությունը 35 մետր է, այն զարդարվելու է 1550 խաղալիքներով։

– Խոսվում է 220 կմ լույսերի մասին, իսկապես այդպե՞ս է։

– Դա չափազանցություն չէ, իսկապես այդքան է։ Ուղղակի պետք է հասկանալ, թե դրանք ինչպիսի լույսեր են։ Մանր լույսեր են, մանր լարեր, որոնք համապատասխանաբար թեթև են կշռում։ Համեմատությունները, որ այդ լույսերով կարելի էր ճանապարհներ լուսավորել և այլն, և այլն, այդքան էլ իրական չէ, դրանք մանր լույսեր են։

– «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերը քննադատելով նշում են, որ այդ գումարով կարելի էր մի քանի բնակարան գնել Գյումրիում անօթևանների համար։

– Տոնածառը փոխելու անհրաժեշտություն կար։ Հիմա կարող են հնչել ամենատարբեր կարծիքներ, որոնց ես մոտենում եմ ամենայն հարգանքով։ Հնարավոր է նաև այն կարծիքը լսել, որ ընդհանրապես մեզ տոնածառ պետք չէր, և դա էլ ընկալելի կարծիք է։ Այսինքն՝ ցանկացած ծախս, որ արվում է տոնական միջոցառման վրա, կարելի է ավելորդություն համարել, կարելի է նաև չհամարել։

– Արդյո՞ք տոնածառը գնվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունից խնայված միջոցներով և վճարվել է այդ ֆոնդի՞ց։

– Այո՛, սա ուղղակիորեն Երևանի բյուջեից չի ծախսվել, սրանք խնայված միջոցներ են։ Ցանկացած բյուջե, ցանկացած գումար, որ տնօրինում է Երևան համայնքը՝ ի դեմս քաղաքապետարանի, հանրային ռեսուրս է։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am