Քաղաքացիների նկատմամբ բռնությունները ստանում են շարունական բնույթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը

Քաղաքացիների նկատմամբ  բռնությունները ստանում են շարունական բնույթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
Քաղաքացիների նկատմամբ բռնությունները ստանում են շարունական բնույթ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
Հեղինակ MediaLab

ՀՀ ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի թանկացումների, Աֆրիկյանների տան ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառված ապօրինությունները հանդիսացան ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական կազմակերպված բռնությունների հերթական դրսևորումները:

Ոստիկանությունը կոպտորեն խախտում է, քաղաքացիների ազատ տեղաշարժի, կարծիքի արտահայտման, հավաքների ազատության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից, այդ թվում ֆիզիկական և հոգեբանական բռնություններից, զերծ մնալու իրավունքները:

Նշված ապօրինություններն ուղեկցվում են առանց օրինական պահանջներ ներկայացնելու և հիմնավորումների քաղաքացիներին ոստիկանության բաժիններ  ապօրինի բերման ենթարկելով, որը հանդիսանում է ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև որպես ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի անդամ պետություն ՀՀ-ի  վերցրած պարտավորություններով մարդու իրավուքների կոպտագույն խախտումներ:

Հերթական անգամ խաղաղ ցուցարարների նկատմամբ ապօրինությունները կատարվում են ոստիկանության այն աշխատակիցների կողմից, որոնք նախկինում նույնպես աչքի են ընկել քաղաքացիների նկատմամբ իրենց բռնություններով: Շարունակվող ապօրինությունները ոստիկանության օրինախախտ աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական չտալու և նրանց պատասխանատվության չենթարկելու հետևանքն են:

Արդյունքում ձևավորված անպատժելիության մթնոլորտի հետևանքով քաղաքացիների նկատմամբ  բռնությունները և նրանց իրավունքների խախտումները ստանում են շարունական և պարբերական բնույթ: Հերթական անգամ ՀՀ գլխավոր դատախազը մատնված է անգործության և չի իրականացնում  օրենքով սահմանված իր լիազորությունները:

Հաշվի առնելով ՀՀ  Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի ստացած վստահության մեծ քվեն, պահանջում ենք ՀՀ ԱԺ պատգամավորներից, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացիների կողմից ընտրվածներ

Պահանջել ՀՀ գլխավոր դատախազից կատարելու ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իր լիազորությունների պատշաճ իրականացում, և ՀՀ քաղաքացիների նկատմամաբ բնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ քրեկան գործերի հարուցում,

Կազմակերպել խորհրդարանական լսումներ «ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունների փաստերով ՀՀ գլխավոր դատախազի պատասխանատվությունը» թեմայով:  

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ