50-55 հազար կրճատվող պետաշխատողների մասին տեղեկություններն իրական չեն

50-55 հազար կրճատվող պետաշխատողների մասին տեղեկություններն իրական չեն
50-55 հազար կրճատվող պետաշխատողների մասին տեղեկություններն իրական չեն

ԱԺ ընտրություններից հետո կառավարության օպտիմալացման հարցը լայն քննարկումների թեմա դարձավ՝ հատկապես, երբ սկսեց խոսվել նախարարությունների թվի կրճատման մասին: Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով նախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։

Թեման արդեն հասցրել է բավականին շահարկվել մամուլի և տարբեր փորձագետների կողմից, ինչի արդյունքում էլ ի հայտ են եկել 50-55 հազար պետական աշխատողների կրճատման մասին տեղեկությունները։

Նախ, դիտարկենք այն հինգնախարարությունները, որոնք իրականում ոչ թե վերացվելու են, այլ՝ կցվելու մյուս նախարարություններին։ Դրանք են՝ Գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի և Սփյուռքի նախարարությունները։

Այս հինգ գերատեսչությունները միասին, 2018 թվականի բյուջեի համաձայն, ունեն ընդամենը 630 աշխատող՝ քաղաքացիական ծառայող։ 2019 թվականի բյուջեով այստեղ նախատեսված է 631 քաղծառայողի հաստիք, այսինքն՝ մեկով ավելի։ Այս թվի մեջ, սակայն, ներառված չեն այս նախարարությունների ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ), ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) և հիմնադրամների աշխատակիցները։

ՀՀ-ում, ըստ Ազգային վիճակագրական ծառայություն 2017թ․ տվյալների, կա 247,600 պետական աշխատակից, որոնց մեջ են մտնում բոլոր քաղծառայողները, այդ թվում՝ ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի և պետական հիմնադրամների աշխատակիցները։

Պետական վիճակագրությունը մանրամասն տվյալներ չի ներկայացնում բոլոր ոլորտներում պետական աշխատողների թվի մասին, բայց, օրինակ, «օպտիմալացվող ոլորտներից», թերևս ամենախոշորում՝ գյուղատնտեսությունում, կա ընդամենը հազար պետական աշխատող, որից նախարարության աշխատակիցները մոտ 130-ն են, իսկ մյուսները՝ ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի և հիմնադրամների աշխատակիցներ։

Վերը նշված հինգ նախարարություններում ներգրավված ՊՈԱԿ-ները և ԾԻԳ-երը, սակայն, այլ նախարարությունների համեմատ ավելի քիչ են և դրանցում աշխատողների քանակը ենթակա է շարունակական փոփոխությունների։ Ինչ վերաբերում է պետական հիմնադրամներին, ապա ըստ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանի, ՀՀ-ում կա մոտավորապես 70 պետական հիմնադրամ, որոնցում, ընդհանուր առմամբ, աշխատում է 3,500 մարդ։

Օրինակ՝ Մշակույթի նախարարության ենթակայության տակ են գտնվում մոտ հինգ տասնյակ թանգարաններ, թատրոններ և գրադարաններ, որոնք գործում են որպես ՊՈԱԿ-ներ և որոնց կրճատման մասին խոսք չի եղել։ Իսկ, օրինակ, Սփյուռքի նախարարությունն ունի ընդամենը մեկ ՊՈԱԿ՝ «Հայրենիք-Սփյուռք կենտրոն», գրանցված մոտ 30 աշխատակցով։

Այս ամենից պարզ է դառնում, որ վերոնշյալ հինգ նախարարությունների ընդհանուր աշխատակիցների թիվը չի կարող հասնել 50-55 հազարի։ Այսինքն՝ նույնիսկ եթե այս բոլոր նախարարությունները վերացվեին, չէր կարող դրա արդյունքում գործազուրկ դառնալ այդպիսի մեծ թվով մարդ։

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am