«Գազի սակագինը կարելի է մինչև 10 տոկոս իջեցնել, բայց ամենայն հավանականությամբ 3-5 տոկոս կիջեցվի». տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանը

– Պարո՛ն Թավադյան, այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը բում է ապրում: Իրատեսակա՞ն են արդյոք այս գնահատականները, երբ մեծ հաշվով կենսամակարդակի փոփոխություն չկա։

– Իհարկե տնտեսական բում է ապրել այն տեսանկյունից, որ մինչև տարեվերջ փակելու ենք երկնիշ տնտեսական աճով, իսկ երկնիշ տնտեսական աճ վերջին անգամ եղել է ավելի քան 10 տարի առաջ։

Սակայն պետք է ասել, թե որտեղի՛ցէ եկել այդ տնտեսական աճը։ Տնտեսությունը մարդիկ են, մարդկանց աշխատանքը, այսինքն՝ ինչքան մարդկանց աշխատանքը շատանա, մարդիկ շատանան, այնքան տնտեսությունն աճելու է։ Այս պարագայում ունենք մարդկանց ավելացում՝հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից միգրանտների շարժի տեսքով։ 

Եթե վիճակագրությունը նայենք, 21թվականից սկսած մինչև 22 թվականի կեսերը Հայաստան մուտք գործողների տարբերությունը մոտ 700․000 մարդ է, այսինքն՝ 700․000 մարդ եկել է Հայաստան և դուրս չի եկել Հայաստանից, և նրանց շարժը ապահովել է հավելյալ տնտեսական աճ։

Հիմա Հայաստանի տնտեսական աճը դրա հետ է կապված, նաև դրա հետ է կապված արտահանման ավելացումը, որովհետև 21թվականի տվյալներով՝դեպի Ռուսաստանի Դաշնություն ռեէքսպորտը մոտ 20 տոկոս է, այս պահին ունենք դեպի Ռուսաստանարտահանման ավելի քան երկու անգամ աճ, և այդ ցուցանիշի ռեէքսպորտը հատել է 50 տոկոսը։ Դրանով է պայմանավորված այդ ցուցանիշների աճը։ 

Հիմա պետք է հասկանալ՝ ինչպես այդ ցուցանիշները մեծացել են, այնպես էլ մարդկանց հետադարձ շարժով կարող են ցուցանիշները հետ գալ։ Այս աճը, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է մինչև 2023 թվականի կեսերը, որից հետո սպասվում են տնտեսական նույն միջին ցուցանիշները, որոնք կային մինչև 21 թվականը։

 Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը օրերս ասել է, որ քանի որ գազի, էլեկտրաէներգիայի սակագնի մեջ էական բաղադրիչ է արժութային բաղադրիչը, մենք ակնկալում ենք, որ դրանց սակագները ինչ-որ ժամանակ անց նվազելու են։ Քանի որ դոլարի փոխարժեքն իջել է, բնականաբար, որոշակի ճշգրտումներ կլինեն։ Ինչո՞ւ կարող է նվազել և ինչքա՞ն կարող է նվազել։

 Իհարկե, մենք փոխանցում ենք գազի դիմաց ռուբլով, բայց գինը ֆիքսված է դոլարով։ Այսինքն՝ դեֆակտո դոլարով ենք վճարում, և հասկանալի է, որ եթե դոլարի գինը ընկնում է, ապա մենք գազը ավելի էժան ենք գնում, և եթե ԿԲ-ն երկարաժամկետ հաշվարկել է, ապա ակնկալում է, որ փոխարժեքը չի բարձրանա, դրա համար էլ այսպիսի հայտարարություն է անում, որ այսպիսի քայլ անի։

 Ընդհանրապես, որքա՞ն կարող է նվազել գազի գինը։

 Գազի սակագինը որոշվել է 480 դոլարի դիմաց, իսկ այս պահին դոլարը 400-ից ավելի պակաս է։ Այսինքն՝ ըստ էության, կարելի է մինչև 10 տոկոս իջեցնել, բայց ես չեմ կարծում, որ այդպես լինի, որովհետև գազի գինը երկարաժամետ կտրվածքով է որոշվում, և մեր տնտեսությունը պետք է հաշվի առնի երկարաժամկետ գինը, որպեսզի ապագայում փոխարժեքի փոփոխության հետ գազը հետ չբարձրանա, դրա համար կարող ենք ակնկալել մինչև 20 տոկոս, բայց, ամենայն հավանականությամբ, մոտ 3-5 տոկոս է լինելու՝ հաշվի առնելով գազի գնի երկարաժամկետ հանգամանքը։

– ԿԲ նախագահը հայտարարել է, որ բանկերն այս տարի ունեն բավականին մեծ շահույթ, որի 90%-ը ոչ ռեզիդենտների հաշվին է։ Ի՞նչ է սպասում այս առումով բանկային համակարգին։

– Ինչպես ի սկզբանե նշեցի, տնտեսությունը մարդիկ են, և մարդկանց թիվն աճել է արտերկրից եկած միգրանտների հաշվին, որոնք իրենց հետ բերել են նաև դրամական միջոցներ և դրել բանկերում, և մեր բանկերը կարողացել են դրա հաշվին շահույթ ստանալ և այդ շահույթը կարողացել են ներարկել մեր տնտեսություն։ Բանկային համակարգն ընդհանուր տնտեսության հիմքն է, և բանկային համակարգի մեջ մտած գումարները պտտվում են և ապահովում տնտեսական աճ։

Եվ գերշահույթը, որը բանկային համակարգը ստացել է, ստացել է հիմնականում Ռուսաստանից եկած քաղաքացիների գումարներով։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ դոլարը մեծացել է, որի արդյունքում արտարժույթնարժեզրկվել է, և դրա հետ մեկտեղ փող է ավելացել բանկային համակարգում, որի հիման վրա բանկային համակարգն ունի գերշահույթ։ Տնտեսական աճի պայմաններում հիմնականում շահել են այն մարդիկ, որոնց հարստությունը կազմում է ՀՀ քաղաքացիների 20 տոկոսը, իսկ միջին խավը թեթևակի շահել է, իսկ անցած տարվա համեմատ գնաճի պարագայում ցածր խավի շահույթն այնքան էլ չի մեծացել։

Մանե Հարությունյան

MediaLab.am