Ճահճացած խնդիրներ. Սեւանի մակարդակի բարձրացումը` պատուհաս ափամերձ շինությունների, կառավարության որոշումը` լճի համար (ֆոտոպատմություն)

Ճահճացած խնդիրներ. Սեւանի մակարդակի բարձրացումը` պատուհաս ափամերձ շինությունների, կառավարության որոշումը` լճի համար (ֆոտոպատմություն)
Ճահճացած խնդիրներ. Սեւանի մակարդակի բարձրացումը` պատուհաս ափամերձ շինությունների, կառավարության որոշումը` լճի համար (ֆոտոպատմություն)

Սևանի մակարդակի բարձրացման հետևանքով լիճը շրջապատող ծառերը և բուսականությունը, ինչպես նաև բազմաթիվ ափամերձ շինություններ հայտնվել են ջրի տակ՝ ստեղծելով ճահճացման վտանգ:
1933-2002 թթ.-ին լճի մակարդակը իջել էր 19 մետրով, ինչը մեծ վնաս էր պատճառել Սևանի էկոհամակարգին:
Իսկ վերջին տաս տարիների ընթացքում լճի մակարդակը բարձրացել է մոտ չորս մետրով՝ նոր հոգսեր ստեղծելով պետության, բնության և ափամերձ վայրերում շինությունների սեփականատեր հանդիսացող մարդկանց համար, ովքեր մեծ գումարներ են վճարել կառույցները ափին մոտիկ կառուցելու համար:

«Լավանդա Սիթին» մեկն է այն բազմաթիվ տարածքներից, որոնք հայտնվել են ջրային գոտում:

Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհու ափին հանգստացողները այլև չեն կարող ապրել այս տնակներում:

«Լավանդա Սիթին» 2006-2008 թվականներին Սևանի ափին վաճառել է 232 տնակ, սակայն դրանից հետո ջուրը հասել է տնակներին՝ դարձնելով դրանց ոչ պիտանի բնակության համար, իսկ գնորդները հայտնվել են տուժողի կարգավիճակում:

2008-ին «Լավանդա Սիթիի» սեփականատեր Արայիկ Հայրապետյանը մի շարք խնդիրներ ունեցավ օրենքի հետ կապված (սակայն դրանք այդպես էլ ընթացք չստացան: Ըստ հայկական մամուլի՝ Հայրապետյանը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմներից է):

Մասնավապես, Հայաստանի նախագահի կից Վերահսկիչ պալատը ստուգումների արդյունքում հայտնաբերեց, որ Սևան ազգային պարկի հողերից Հայրապետյանին տրամադրված 47 հա տարածք շինարարությունը իրականացվել է 1908 մետր նիշից ցածր:

Կառավարության որոշմամբ 1908 մետր նիշից ցածր կարող է կառուցվել միայն ոչ կապիտալ շինություն, այսինքն կարել է կառուցել միայն շարժական շինություններ:

Ստացվում է, որ եթե «Լավանդա Սիթին» կառուցողները հարգեին օրենքը և ՀՀ կառավարության որոշումները, ապա շինությունները կարող էին ջրի գոտում չհայտնվել:

Սակայն «Լավանդա Սիթին» միակը չէ, որ ամենաթողության շնորհիվ մնացել է ջրի մեջ. ՀՀ նախագահին կից Սևանի հարցերով հատուկ հանձնաժողովի տվյալների՝ 1905 մետր նիշից ներքև հաշվառվել է 1697 շենք-շինություն, որի 74,2 տոկոսը շարժական է, իսկ մնացած 25 տոկոսը կապիտալ շինություններ են:

Հունիսին կառավարության նախաձեռնությամբ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներով փոփոխության ենթարկվեց Սեւանից բաց թողնվող ջրի առավելագույն քանակը սահմանվելով 170 միլիոն խմ-ի փոխարեն 320 միլիոն:

Ջրի բացթողման գրեթե կրկնակի ավելացումը կառավարությունը չնայած կապեց Արարատյան դաշտի ոռոգման խնդիրների հետ, սակայն բնապահպանների համոզմամբ պատառը ափամերձ տարածքում գտնվող շինությունները` լճի հաշվին այս ճանապարհով «փրկելն է»:

«Սևանից ոռոգման համար ջուր բաց թողնելու որոշումն ինձ համար անսպասելի էր: Ես դրա հիմնավորումը դեռ լիարժեք չեմ տեսնում»,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում վերոնշյալ որոշումը` ասել է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցացիայի» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am