«Կորոնավիրուսի հետ կապված Իրանի հետ սահմանը փակել ամենածայրահեղ քայլը կլինի և տնտեսական ահռելի վնասներ կտա Հայաստանին». Իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը

Պարո՛ն Վարդանյան, կորոնավիրուսի հետ կապված Իրանի հետ սահմանը մի շարք երկրներ փակել են։ Հաշվի առնելով առաջիկա Նովրուզը՝ արժի՞ փակել Իրանի հետ Հայաստանի սահմանը։

– Իմ կարծիքով՝ սահմանը չարժի փակել, որովհետև դա ամենածայրահեղ քայլը կլինի և տնտեսական ահռելի վնասներ կտա Հայաստանին։ Պետք է հաշվի առնել, որ մենք ընդամենը երկու երկրի հետ ունենք ցամաքային սահման և եթե Իրանի հետ սահմանը փակենք, միակ բաց սահմանը կունենանք Վրաստանի հետ: Սա շատ վատ կլինի մեզ համար և սխալ: Կարելի էր նման որոշում կայացնել մեկ դեպքում, եթե իրավիճակը ծայրահեղ ծանր լիներ, սակայն հիմա, կարծես թե, վերահսկում են իրավիճակը, և, բարեբախտաբար, Հայաստանում դեռևս կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել: 

Լուսանկարում՝ Թեհրանը։ (www.aljazeera.com)

– Սակայն հաշվի առնելով, որ Նովրուզին հազարավոր իրանցիներ են ժամանում Հայաստան, արդյոք սա ավելի չի՞ մեծացնում կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցելու ռիսկը: 

– Իհարկե, այդ վտանգը կա, բայց, իմ կարծիքով, սահմանը փակելը ամենածայրահեղ քայլը կլինի մեզ համար: Կարծում եմ՝ ամենալավ լուծումը կլինի սահմանին շատ խիստ հսկողություն սահմանելը: 

– Փետրվարի 21-ին Իրանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ կանխատեսումներ դուք ունեք, ի՞նչ նոր զարգացումներ են այնտեղ հնարավոր, ի՞նչ արդյունքներ կարող են գրանցվել: Պայքարը ռեֆորմիստների և պահպանողականների միջև՞ է:

– Դեռևս տվյալներ չեն հայտարարվել, բայց արդեն պարզ է, որ Մեջլիսում բարեփոխականների և պահպանողականների միջև հարաբերակցությունը շատ մեծ է լինելու՝ հօգուտ պահպանողականների, որովհետև այս անգամ Սահմանադրության պահապանների խորհուրդը բազմաթիվ բարեփոխական թեկնածուների ուղղակի չգրանցեց: 

Այնպես որ, ի սկզբանե պարզ էր, որ բարեփոխականները շատ մեծ ներկայություն չեն կարող ունենալ Իրանի Մեջլիսում: Հետևաբար, պահպանողականներն այս անգամ, բնականաբար, ավելի մեծ ներկայացվածություն կունենան Իրանի խորհրդարանում, և ճնշումները Ռոհանիի կառավարության վրա ապագայում ավելի շատ կլինեն: 

– Ընդհանրապես Ռոհանիի հեղինակությունը, վարկանիշը Իրանում որքանո՞վ են նվազել՝ հաշվի առնելով, որ ամերիկյան նոր պատժամիջոցները էլ ավելի են ծանրացրել երկրի վիճակը, նաև լարվածություն է առաջացել ԱՄՆ-ի հետ:

– Իհարկե Ռոհանին վարկանիշի բավական անկում է ունեցել, և դա պայմանավորված է նրանով, որ 2015-ի միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Իրանում չափազանց մեծ էր ոգևորվածությունը, մարդիկ սպասում էին, որ իրենց կյանքը կտրուկ կբարելավվի, սակայն դրական եղավ միայն առաջին մի քանի տարին, մինչև 2018 թվականը:

Իրանն այդ ընթացքում տնտեսական մեծ աճ ունեցավ, քանի որ պատժամիջոցների մեծ մասը հանվել էր, տնտեսությունն սկսեց շնչել, բայց Թրամփի կողմից միջուկային համաձայնագրից դուրս գալուց և դրան հետևած պատժամիջոցներից հետո, բնականաբար, իրանցիների կյանքը ահավոր վատացել է, որի հետևանքով բնակչությունը հիասթափվել է նաև բարեփոխական թևից և անձամբ Ռոհանիից:

Շատ կան հիասթափված մարդիկ, որոնք ընդհանրապես չեն գնացել ընտրատեղամասեր: Ապատիան Իրանում այսօր շատ է:

– Այս համատեքստում որքանո՞վ է հավանական Ռոհանիի այցը Հայաստան ընտրություններից հետո, քանի որ Նիկոլ Փաշինյանը նրան հրավիրել է Հայաստան:

– Ես կարծում եմ, որ առաջիկայում Ռոհանին չի գա Հայաստան, որովհետև նախ՝ երկու երկրների օրակարգում չկա հարցերի մեծ շրջանակ, երկրորդ՝ Իրանը շատ լուրջ խնդիրներ ունի այլ երկրների հետ հարաբերություններում: Հայաստանն այսօր, ցավոք սրտի, երկրորդական նշանակություն ունի Իրանի համար, Թեհրանի համար կան ավելի կարևոր հարցեր: 

Մանե Հարությունյան

MediaLab.am