Եթե Վերին Ոսկեպարի այսպես կոչված անկլավի տարածքը տեղափոխվի դեպի սահմանային գիծ, ստացվում է, որ պետք է զիջենք Ոսկեպար գյուղը. Քարտեզագիր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյանը 

– Պարո՛ն Շահինյան, թեև Նիկո Փաշինյանն ասում է, որ դեռ այսպես կոչված անկլավ-էքսկլավների շուրջ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա, այնուամենայնիվ նա առաջարկում է իր՝ գյուղերի «տեղաշարժման» տարբերակը. «Խոսքը, այո՛, Քյարքիի, Բարխուդարլուի, Սոֆուլու գյուղի, Ասկիպարա գյուղերի [ադրբեջանական անկլավների], այսինքն այդ միավորների ու Արծվաշենի [հայկական անկլավի] մասին է: Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն՝ բերվում մոտեցվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա»: Մասնագիտական տեսանկյունից Փաշինյանի առաջարկած այս տարբերակը հողի վրա կիրառելի՞ է:

– Անկլավների մասին խոսելիս միշտ պետք է մտապահենք, որ անկլավների իրավական հիմքի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չունենք, ու եթե դրանց մասին սահմանազատման գործընթացում քննարկում լինի, ապա շատ կարևոր է, որ առկա լինեն այդ իրավական հիմքերը: Երբ խոսվում է ընդհանուր սահմանազատման կոնտեքստում տարածքների փոխանակման վերաբերյալ, ապա դա կարող է լինել տարբեր եղանակներով: 

Եթե տեսականորեն պատկերացնենք, որ անկլավների գոյության իրավական հիմքերը կան, ու դրանց վերաբերյալ պետք է լուծումներ տրվեն, ապա կարելի է դիտարկել և՛ այդ անկլավների ամբողջական փոխանակումները, և՛ դրանց փոխանակումները տարբեր տարածքների հետ: Երբ ասում ենք, որ, օրինակ՝ անկլավում գտնվող գյուղը տեսականորեն կարող է տեղաշարժվել դեպի սահմանային հատված, խոսքն այն մասին է, որ այդ գյուղի տարածքը փոխանակվի մեկ այլ տարածքի հետ, որը սահմանին ավելի մոտ կամ հենց սահմանին կից կգտնվի: 

Խոսքը տարածքների պարզագույն փոխանակման մասին է, ուղղակի այս մեթոդով տարածքների փոխանակման մասին եթե խոսենք, հենց Փաշինյանի նույն օրինակի վրա, ապա եթե Արծվաշենի տարածքի փոխարեն Ադրբեջանին է փոխանցվում Գեղարքունիքի մարզի Արծվաշենին ամենամոտ գտնվող հողակտորը, ապա եթե նույն սկզբունքով խոսենք Վերին Ոսկեպարի այսպես կոչված անկլավի մասին, եթե այդ տարածքը տեղափոխվի դեպի սահմանային գիծ, ստացվում է, որ մենք պետք է զիջենք Ոսկեպար գյուղը, ինչը չգիտեմ թե որքանով է իրատեսական: Բացի այն, որ տարածքները փոխանակելիս պետք է հաշվի առնել դրանց մակերեսը, նաև պետք է հաշվի առնել դրանց տեղադիրքը, պետք է հաշվի առնել դրանց տնտեսական և ռազմավարական կարևորությունը: Այս բոլոր հարցերը սահմանազատման գործընթացում պետք է քննարկվեն: 

– Ձեր ասած այդ բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ Ադրբեջանում կա՞ն այնպիսի տարածքներ, որոնց հետ հայկական տարածքները կամ, ինչպես ասում են՝ անկլավները փոխանակելիս մենք կկարողանանք ասել, որ տեղի ունեցավ համարժեք փոխանակում՝ ռազմավարական, տնտեսական ու մյուս բոլոր նշանակություններով հանդերձ:

– Իհարկե կան ու դրանք բազմաթիվ են, պետք է հաշվի առնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խորհրդային սահմանը ժամանակին որ անցկացվել է, հիմնականում անցկացվել է ջրբաժաններով, այսինքն՝ կա՛մ լեռնագագաթներով, կա՛մ ձորերով, կա՛մ գետերով, այսինքն՝ դրանք բնական այնպիսի օբյեկտներ են եղել, որոնք ֆիզիկապես տեսանելի են եղել: Իհարկե կան գագաթներ, որ եթե ինչ-որ մի տարածքի դիմաց մի կողմը զիջի ինչ-որ մի լեռնագագաթ, որը թույլ է տալիս վերահսկել այնպիսի խորություն, որը տալիս է ռազմավարական նշանակություն, կամ այնպիսի մի օբյեկտ, որն ունի տնտեսական բարձր ազդեցություն: Իհարկե կան նման տարածքներ, բայց դրանք բավականին խոր ու երկար վերլուծության անհրաժեշտություն ունեն, թե ո՛ր տարածքը զիջելիս ինչ խնդիր է առաջանալու՝ արդյոք խնդիրը լինելու է մարզայի՞ն, լոկա՞լ, թե՞ հանրապետական մակարդակի: 

– Պարո՛ն Շահինյան, ասում եք, որ այսպես կոչված անկլավների իրավական հիմքերը դեռ հայտնի չեն, Նիկոկ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման հիմքում լինելու է Ալմա Աթայի հռչակագիրը: Այս հռչակագրով կա՞ն այդ իրավական հիմքերը, որ կողմերը խոսում են այսպես կոչված անկլավների փոխանակման մասին:

– Այս թեմայով մենք նաև ձեզ հետ բազմիցս ենք խոսել, ու այդ առումով դեռևս ոչինչ չի փոխվել: Ալմա Աթայի հռչակագիրը շատ փոքր փաստաթուղթ է, չի պարունակում մանրամասներ ու, առհասարակ, այն սահմանների տեղադիրքի, ձևի ու չափի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի պարունակում, այն ընդամենն ասում է, որ կողմերը Խորհրդային Միության փլուզումից հետո ճանաչում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները: 

Հենց այս ձևակերպումները բավականին խրթին են, ու բազմաթիվ մասնագետներ հենց դրա վրա հիմնվելով ասել են, որ հենց այդ նախադասությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի տարածքը պետք է ճանաչել՝ առանց Արցախի: Բացի այս, այդտեղ բաց է մնում այն հարցը, եթե իրենք առաջնորդվում են այդ հռչակագրով, ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո, երբ այդ հանրապետության հողերը ներառվեցին Խորհրդային Միության կազմում, ներառվելիս Հայաստանի մակերեսը եղել է ավելի մեծ, քան այն ժամանակ, երբ Հայաստանը դուրս է եկել Խորհրդային Միության կազմից: Սա Խորհրդային Միության տարիներին ստեղծված քարտեզների ոչ միանշանակության վառ ապացույցն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am