«Եթե Միացյալ Նահանգներում ցանկանան, նույնիսկ կարող են պատժամիջոցներ էլ կիրառել Ադրբեջանի դեմ». Սուրեն Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան։ Արդյոք սպասելիքները ԱՄՆ-ից ուռճացվա՞ծ են, թե՞ ոչ։

Նախ սկսենք նրանից, որ այդ ակնկալիքները շատ մեծ չէին և հիմա էլ շատ մեծ չեն։ Կարծում եմ՝ մենք ինքներս պետք է այս ամենից կարողանանք օգուտ քաղել և մենք ինքներս պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակի կողմից տրված մեսիջներն օգտագործենք ի նպաստ մեր շահերի՝ աշխարհին ապացուցելու և ցույց տալու, որ իրականում ագրեսիվ գործողություններ մեր դեմ կիրառում է Ադրբեջանը, այլ ոչ թե հակառակը։ Սա, կարծում եմ, ամենակարևորն է, և սա մենք պետք է անենք։

Որքանո՞վ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը այս փուլում կարող է դառնալ Ադրբեջանին զսպելու գործիք։

Ադրբեջանին կարող է զսպել ոչ թե Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցությունը, այլ Միացյալ Նահանգների քաղաքականությունը՝ ուղղված Ադրբեջանին։ Եվ եթե Միացյալ Նահանգներում ցանկանան, նույնիսկ կարող են պատժամիջոցներ էլ կիրառել Ադրբեջանի դեմ, օրինակ՝ 907-րդ բանաձևը նորից կյանքի կոչելու տարբերակով։ Կարծում եմ՝ դա հնարավոր է, և այդ ուղղությամբ մեր լոբբիստները կարող են աշխատանք տանել։ Սա կարող է Ադրբեջանի ախորժակի համար զսպող մեխանիզմ լինել։

– Հատկապես կարևորվեց պաշտպանության նախարարի հետ հանդիպումը, քանի որ, ինչպես նշվում էր, այդ հանդիպումը չկար օրակարգում։

– Պաշտպանության նախարարի հետ հանդիպումը, իհարկե, կարևոր էր։ Պաշտպանության նախարարն առիթ ունեցել էր լինել Միացյալ Նահանգներում, բայց չէր կարողացել հանդիպել պաշտպանության քարտուղարի հետ, այսինքն՝ բարձր մակարդակի հանդիպում չէր ունեցել։ Եվ հիմա այդ հնարավորությունն ընձեռվեց։ Կարծում եմ՝ նաև ցույց տվեց, թե իրականում ինչ իրավիճակում է Հայաստանը, փաստեր ներկայացվեցին։ Եվ այս առումով կարևոր էր պաշտպանության նախարարի հետ հանդիպումը։

– Պարո՛ն Սարգսյան, որքանո՞վ Հայաստանի կողմից ճիշտ մեսիջներ գնացին ԱՄՆ։ Արդյոք Հայաստանը հստակեցրե՞ց՝ ինչ է ակնկալում ԱՄՆ-ից։

– Հանրային դաշտի մեսիջների մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև հանրային դաշտում մեսիջներից մենք տեղեկություններ չունենք, շատ բան չիմացանք, բայց թե կուլիսների հետևում ինչ հարցեր են քննարկվել, սրանց մասին դեռևս տեղեկություններ չկան։ Համենայն դեպս, ավելի շատ պետք է ընկալենք, թե ինչ մեսիջներ էր մեզ տալիս Միացյալ Նահանգները։

Կարծում եմ՝ Հայաստանը չի հստակեցրել, թե ինչ է ակնկալում, որովհետև Միացյալ Նահանգները մեզ ասաց՝ գնացեք մտածեք, թե ի՛նչ եք ուզում մեզնից, հետո եկեք ձեր մտածածը քննարկենք, հասկանանք, թե ի՛նչ կարող ենք ձեզ առաջարկել։ Բայց առաջինը մենք պետք է քայլ անենք, հասկանանք, թե ի՛նչ ենք ուզում Միացյալ Նահանգներից ստանալ։

– Պարո՛ն Սարգսյան, պարզ դարձավ, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։ Սրանք այս հանդիպման առաջին այսպես ասած պտուղները կարո՞ղ ենք համարել։

Չեմ կարծում, որ սա պայմանավորված էր Փելոսիի այցով, պրոցեսը առավելապես կարելի է պայմանավորել ռազմական գործողություններով։ Եվ բնական է, որ Միացյալ Նահանգների միջնորդությունը այս առումով պետք է առաջ տարվեր։ Եվ սա ես առավելապես կկապեի այդ հանգամանքի հետ։

– Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ ենք ուզում մենք Միացյալ Նահանգներից ստանալ, և արդյոք ԱՄՆ-ն պատրա՞ստ է վճարել այդ «գինը»։

Ի՞նչ ենք ուզում մենք Միացյալ Նահանգներից ստանալ՝ դա այն լեգիտիմ հարցն է, որ տվել է մեզ նաև Նենսի Փելոսին, նա ասում է, մտածեք՝ ի՛նչ եք ուզում մեզնից ստանալ, հետո եկեք մեզ մոտ, հասկանանք՝ ի՛նչ կարող ենք ձեզ տալ։ Այսինքն՝ մեծ հաշվով նա ասում է, որ դուք պետք է առաջարկեք, և մենք կարող ենք ձեր առաջարկը քննարկել։ Այսինքն՝ խնդիրն ամբողջությամբ մեր դաշտում է։

Մանե Հարությունյան

MediaLab.am