«Հայամետ որևէ որոշում այդտեղ ընդունվել չի կարող. ՀԱՊԿ-ը կառույց է, որում Հայաստանի շահերը տեղ չունեն». Արմեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

 – Պարո՛ն Հովհաննիսյան, գործադիրի երեկվա նիստին, այսօր էլ՝ թվիթերյան գրառմամբ, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահին մեղադրել է Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման համար, ասել, որ Ադրբեջանը նոր ցեղասպանական ծրագրեր է նախապատրաստում արցախահայության դեմ։ Փաշինյանի նման գնահատականների պատճառը ո՞րն է։

– Համաձայն չեմ գնահատականի հետ, որ նոր ցեղասպանական գործողություններ է նախապատրաստում, դեռ պատերազմից առաջ էին նախապատրաստվել՝ աշխարհայացքային հիմք է դրվել դրա համար, բնակչության շրջանում քարոզչություն է իրականացվել, ու դա դարձել է պաշտոնական քաղաքականություն Ադրբեջանում։ Կառավարությունը հիմա է այդ փաստը ճանաչում։

Խնդիրն այն է, որ Ալիևը որոշակի նյարդային հոգեվիճակում է գտնվում և որոշակի նյարդայնություն է դրսևորում, որ չի կարողացել դեռ իր պլանները լիովին իրականացնել։ Իսկ այդ պլաններն Ալիևի համար Արցախի ամբողջական կլանումն է, բնականաբար, էթնիկ զտումը դրա մի մասն է, և Ադրբեջան-Թուրքիա Հայաստանի միջով հայտնի «միջանցքի» ստացումն է։ Գոնե սրանցից մեկն Ադրբեջանը պետք է ստանար։

Ռուսաստանը կարծես թե Արցախի մասով շահագրգռված չէր, որ այս պահին այդ էթնիկ զտումն իրականացվեր, որովհետև այդ դեպքում իր մնալն Արցախում ավելորդ էր դառնում, բայց «միջանցքի» հարցում աջակցում էր, բայց Ռուսաստանը թուլանում է, և ինքը չի կարողանում «միջանցքը» ստանալ Ռուսաստանից։

Արևմուտքը, փաստորեն, երկու հարցում էլ ոչ, ոչ է ասում․ բացառում է Արցախում էթնիկ զտումը, կարգավիճակի մասով տարբեր կարծիքներ են հայտնվում՝ մեզ համար հաճելի ու ոչ հաճելի, բայց դուք տեսե՞լ եք, որ արևմտյան որևէ գործիչ հանկարծ նույնիսկ ակնարկի, որ Ադրբեջանն իրավունք ունի էթնիկ զտման և գենոցիդիալ գործողությունների, չկա՛ նման բան։ Եվ մերժվում է արտատարածքային կամ Հայաստանի կողմից չվերահսկվող ցանկացած ճանապարհի տրամադրումը, ինչի մասին բազմիցս հայտարարել են։

Իրանը ևս երկու հարցում էլ շահագրգռված չէ։ Ստացվում է, որ Ալիևը, մեծ հաշվով, ոչինչ չի ստանում, ու ինքը, ոտքը գետնին խփելով, ասում է՝ եթե ինձ հետ այսպես վարվեք, ապա ես կգնամ ագրեսիայի Հայաստանի դեմ ու էթնիկ զտման Արցախում։ Սա է, որ նկատի ունի Փաշինյանը՝ ելնելով իրողություններից։

– Իրողություններից ելնելո՞վ, թե՞ դիրքորոշման փոփոխության հետ գործ ունենք։

– Դիրքորոշումն այն է, որ Փաշինյանն Ալիևի հետ միասին բոլոր հարթակներում ներկայացավ, քննարկեցին առաջարկները, բայց եթե հիմա Ալիևը շարունակում է պնդել իր ասածը, նշանակում է, որ ինքն իրեն միջազգային իրավունքից դուրս է դնում։ Փաշինյանի ասածի իմաստն էլ այն է, որ Ալիևն իրեն պահում է միջազգային համակարգից դուրս գտնվող մեկի նման։

– Պարո՛ն Հովհաննիսյան, միջնորդական այդ հարթակները կկարողանա՞ն շոշափելի արդյունքների հասնել։ Հայաստանն ավելի շատ ո՞ր հարթակին է հարում, ըստ ձեզ։

– Կարծում եմ, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը ռուսական հարթակին է հարում, բայց Ռուսաստանն ի վիճակի՞ է այդ հարթակում արդյունքի հասնել՝ շատ լուրջ կասկածի տակ է։ Ապրել այնպես, որ ռուս-ուկրաինական պատերազմ չկա, չնկատել երրորդ խոշոր պարտությունը չի կարելի, Հայաստանը պետք է հաշվի նստի փաստերի հետ, որ Ռուսաստանի կարողությունները սահմանափակ են, ինչը նշանակում է, որ անկախ պարոն Փաշինյանի անձնական համակրանքից, Հայաստանը ուզած-չուզած պետք է այլ միջազգային հարթակներում կարողանա կարգավորել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։

– Որո՞նք են այդ այլ հարթակները։

– Դրանք հայտնի են արդեն՝ Արևմուտքն է, Պրահան, Բրյուսելը, ԱՄՆ-ի հովանավորումն այդ գործընթացներին։

– Նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովից ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ։

– Այն սպասելիքները, որ ամբողջ աշխարհը կիմանա, որ պատերազմական հանցագործ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն, վերջինս նաև՝ ապօրինի, որի պաշտոնավարումը բազմաթիվ երկրներ օրինական չեն ճանաչում, գալու են Հայաստան, ու նրանց այստեղ պաշտոնական մակարդակով ընդունելու են։ Սա Հայաստանի միջազգային իմիջին, մեղմ ասած, որևէ դրական բան չի տալու։ Հայամետ որևէ որոշում այդտեղ չի կարող ընդունվել, ՀԱՊԿ-ը կառույց է, որում Հայաստանի շահերը տեղ չունեն։

– Եթե այդպես է, Հայաստանն ինչո՞ւ է անդամակցում այդ կառույցին։

– Հայաստանն ուզած-չուզած պետք է անի քայլեր, որոնք որոշվում են այնտեղ, եթե դուրս չի գալիս, իսկ ինչո՞ւ դուրս չի գալիս, իշխանությունը պետք է պատասխանի։

– Պարո՛ն Հովհաննիսյան, իշխանության ներկայացուցիչները, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով, ՀԱՊԿ-ի մասին հակասական հայտարարություններ էին անում՝ չբացառելով, որ կառույցից դուրս գալու հարցը կքննարկեն, հետո ասացին, թե ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից, հիմա էլ համագործակցում են։ Նման գործելաոճն ինչո՞վ եք բացատրում, ու դրա հնարավոր հետևանքները որո՞նք են լինելու կամ եղել են։

– Այս կառավարության գործելաոճով, այսինքն՝ մեկ քայլ անել, երկու քայլ հետ գնալ, Արևմուտքի հետ համագործակցել, հետո վախվորած վազել Մոսկվա, որ հանկարծ ռուսները դրա համար չզայրանան, հետո հասկանալ, որ Պուտինի հետ համագործակցությունն Արևմուտքի համար այնքան էլ ընդունելի չէ, վազել Բրյուսել։ Իրենց թվում է, թե դա իմաստության, հաշվենկատության գագաթնակետն է, որ իրենք օրինակելի դիվանագետներ ու քաղաքական գործիչներ են, բայց ներկայիս իրողությունը ցույց է տալիս, որ դա սխալ պահվածք է, հատկապես պատմական այսպիսի սուր պահերին։

– Գործողությունների ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Դժվարանում եմ ասել, եթե Ալիևի այս վերջին ճառը ու Փաշինյանի պատասխանը դրան չլինեին, կարող էի ասել, որ մասամբ հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքումը, բայց այս սրացումը, թեկուզ բանավոր, ուր կտանի ու որքան առաջ կգնա, դեռ չեմ կարող ասել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am