«Ադրբեջանում համարում են, որ 44-օրյա պատերազմի արդյունքներն Արևմուտքը զրոյացրեց,ու, ըստ էության,այդպես էլ կա». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի երկու տարբերակ գոյություն ունի՝ ռուսական ու ադրբեջանական, նրա խոսքով՝ արևմտյան տարբերակ չի եղել ու չկա: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մինչ օրս հրապարակային տիրույթում մենք չենք տեսել որևէ առաջարկ, որը հնարավոր կլիներ քննարկել, ու այդ առումով ես որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ն պնդում է, որ խաղաղության հասնելու համար հարկավոր է, որ Ռուսաստանի զինված ուժերը դուրս բերվեն Արցախից, հավանաբար, ԱՄՆ-ի գլխավոր պնդումը սա է: Քանի որ կողմերը դրան համաձայն չեն, ենթադրում եմ, որ որևէ շարունակություն, այդ առումով, ամերիկյան դիրքորոշումը ստանալ չի կարող:

– Ձեր գնահատմամբ՝ բանակցությունները ո՞ր փուլում են, արդյոք փակուղային իրավիճա՞կ է, եթե հաշվի առնենք, որ նույն Արմեն Գրիգորյանի մեկ այլ հայտարարություն, որ «Վաշինգտոնում համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա», այսօր հերքվել է ադրբեջանական կողմից:

– Այստեղ Արմեն Գրիգորյանն ինքն իրեն հակասում է, որովհետև եթե չկա ամերիկյան խաղաղ կարգավորման պլան, ապա ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Վաշինգտոնում միջազգային մեխանիզմների վերաբերյալ: Իշխանության ներկայացուցիչներն իրենք չեն կարող տրամաբանորեն բացատրել՝ ի՛նչ է այսօր կատարվում Արցախի խնդրի կարգավորման ու խաղաղության պայմանագիր կնքելու հարցում:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հերքմանը, ապա պետք է ենթադրել, որ Ադրբեջանը հրաժարվում է հրապարակային ընդունելուց, որ առհասարակ նման հարց կա: Ադրբեջանն իրեն շատ ծանր վիճակի մեջ դրեց այն հայտարարությամբ, թե Արցախի հարցը լուծված է: Իրականում այդ հարցը լուծված չէ, ու, ըստ էության, Արևմուտքը պահանջում է Հայաստանից ու Ադրբեջանից հայտնել դիրքորոշում՝ իրենք Արևմուտքի, Եվրամիության հետ մտադի՞ր են համագործակցել, եթե պատրաստ են՝ պետք է կարգավորեն Արցախի խնդիրն ու հասնեն խաղաղության պայմանագրի կնքմանը:

Սա է պատճառը, թե ինչու և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ստիպված են Եվրամիության հրավերով Բրյուսել գնալ ու Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու պաշտոնատար անձանց հետ քննարկել հայ-ադրբեջանական խնդիրները: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կարող հրաժարվել Եվրամիության հետ համագործակցությունից, բայց չեն էլ կարող իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ զոհաբերել այդ համագործակցության համար: Տեսանելի է, որ երկու կողմն էլ փորձում է բոլոր տեսակի քաղաքական, դիվանագիտական հնարքներ կիրառել, որ այդ բանակցությունները տեղի չունենան, հետաձգվեն:

– Պարո՛ն Ղուկասյան, բայց գոնե հայկական կողմը քանիցս հստակ հայտարարել է, որ ընդունում է ռուսական առաջարկը: Սրանից հետո կա՞ անհրաժեշտությունը ձեր նշած հարթակներում բանակցություններ անցկացնելու, կամ այդ կողմերը շահագրգիռ կլինե՞ն միջնորդի դեր ստանձնելու:

– Խոսքն ինչ-որ մեկի շահագրգռության մասին չէ, այլ հստակ դիրքորոշումների բացահայտման հարց է: Ադրբեջանը Եվրամիության պետություններին, մասնավորապես, Իտալիային, վաճառում է գազ ու դրա դիմաց ունի պարտավորություններ իր քաղաքականությունը համադրել Եվրամիության արտաքին քաղաքականության հետ: Եվրամիությունը հիմա, ըստ էության, հակադրված է Ռուսաստանի հետ, ունի մի քանի կարևոր պահանջ, օրինակ՝ ռուսական զորքերի դուրսբերում Աբխազիայից, Հարավային Օսիայից ու, իմ կարծիքով, նույն դիրքորոշումն ունի նաև ղարաբաղյան հարցում:

Ղարաբաղը վիճելի տարածք է, վեճի էությունը այդ տարածքում ապրող մարդկանց ինքնորոշման իրավունքն է, ու այս տեսանկյունից և՛ ադրբեջանական, և՛ ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախի տարածքից: Միջազգային օրենքի պահանջը սա է. ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը չեն ընդունում այդ պահանջը, հակադրվում են միջազգային օրենքին, փորձում են առաջ տանել քաղաքական այլ դրույթներ՝ սահմանների վերանայման անհրաժեշտության, ուժի կիրառման հիմնավորման վերաբերյալ, ու, ըստ էության, այստեղ Հայաստանը, որն աջակցում է Ռուսաստանին արտաքին քաղաքականության մեջ, հայտնվել է շատ հակասական վիճակում:

Հայաստանի այսօրվա պաշտոնական դիրքորոշումը հակասում է ազգային շահերին: Հայ ժողովրդի ազգային շահերն ամբողջությամբ արտահայտված են Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունած բանաձևերում: Հայաստանում ոչ մի խորհրդարանական քաղաքական ուժ ի վիճակի չէ նման դիրքորոշում արտահայտելու, որովհետև երկընտրանքի առաջ կանգնած քաղաքական ուժերը՝ ի՞նչն է մեզ համար ավելի կարևոր՝ Արցա՞խը, թե՞ Ռուսաստանի հետ հարաբերությունները, ընտրում են վերջինը:

Պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը գնում է դեպի պարտություն Ուկրաինայում, ու հեռու չէ այն օրը, երբ հավաքական Արևմուտքի ու Ուկրաինայի հետ կկնքի կապիտուլյացիայի պայմանագիր, ու այդ ժամանակ Արևմուտքը ո՛չ Փաշինյանին, ո՛չ Ալիևին չի դիտարկելու որպես գործընկերոջ, այլ պարզապես թելադրելու է իր պայմանները Ռուսաստանին, ու առանց Հայաստանին ու Ադրբեջանին հարցնելու՝ ընդունելու և իրականացնելու է այն որոշումները, որը ճիշտ է համարում:

Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները տեսնում են այսպիսի ապագայի հավանականությունը ու պարզապես փորձում են ժամանակ շահել այն հույսով, որ ռուսական իշխանության փլատակների տակ իրենք ինչ-որ ձևով չեն մնա ու կկարողանան Ռուսաստանի տապալումից հետո Արևմուտքի հետ հարաբերությունները կառուցել:

Ադրբեջանը նաև այդ հեռանկարին նայելով՝ տեսնում է, որ իրեն շատ ցավոտ լուծումներ են սպասում՝ ադրբեջանական զորքերի դուրսբերում Արցախի տարածքից, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում: Ադրբեջանում այս ամենն արդեն հասկացել են ու շատ դժգոհ են, որովհետև համարում են, որ 44-օրյա պատերազմի արդյունքներն Արևմուտքը զրոյացրեց, ու, ըստ էության այդպես էլ կա: Բոլորի հույսն այն է, որ ինչ-որ կերպ Պուտինին կհաջողվի աշխարհի հետ այս հակամարտությունը գոնե ոչ-ոքի ավարտել ու չպարտվել:

– Այսինքն՝ ընթացող բանակցություններից էական արդյունք չպե՞տք է ակնկալել, քանի դեռ ուկրաինական պատերազմը չի հանգուցալուծվել: Ձեր միտքը ճի՞շտ հասկացա:

– Այստեղ ևս իրավիճակն այդքան էլ հարթ չէ, որովհետև դասական այն պատկերացումը, որ եթե մերժում ես Արևմուտքի առաջարկները՝ հետևանքներ չկան, այդպես չէ: Մենք տեսանք, որ Ֆրանսիան ու Եվրամիությունը ունեցան հստակ լծակներ, որպեսզի հարկադրեն և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, որ Հայաստանում տեղակայվի քաղաքացիական դիտորդների խումբ:

Կողմերը նման որոշում առանց ճնշման չէին ընդունի, որովհետև այդ որոշումն առնչվում է Ռուսաստանի շահերի հետ: Թե ի՛նչ լծակներ կկիրառի Արևմուտքը հետագայում, հստակ չեմ կարող ասել, բայց եթե այս բանակցությունները ինչ-որ ժամկետներում չամփոփվեն, հետևանքները և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Իլհամ Ալիևի համար կարող են շատ վատ լինել, որովհետև իրենք ոչ թե կմնան Պուտինի իշխանության տապալման փլատակների տակ, այլ կարող են տապալվել մինչ այդ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am