Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ակցիաները, իսկ արհմիությունների և կազմակերպված այլ խմբերի օրինական երթերի համար կառաջարկվեն այլընտրանքային երթուղիներ՝ բիզնեսներին հնարավոր վնասներից պաշտպանելու նպատակով։
Հայտարարությանը նախորդել է Մակրոնի հանդիպումը հետախուզական ծառայությունների ղեկավարների և նախարարների հետ, որի ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։
Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած անկարգությունների և թալանի համար պատասխանատվությունը վերագրել է ծայրահեղ ձախ խմբերին և վանդալներին։
Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ կես միլիոն մարդ։ Ցույցերի ընթացքում արձանագրվել են իրավապահների հետ բախումներ, անկարգություններ և թալանի դեպքեր։
Ներկայացված տվյալներով՝ ձերբակալվել է շուրջ 2400 մարդ, տուժել՝ մոտ 1000 իրավապահ։ Երկրի որոշ քաղաքներում սահմանվել է մասնակի պարետային ժամ։



















