Ոչ թե Հայաստանն է դուրս եկել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից. Ալեն Սիմոնյան

Հայաստանի իշխանությունները այսօր ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չեն քննարկում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, եթե, ի վերջո, կազմակերպությունը հստակ դիրքորոշում չարտահայտի Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետությունը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին, և արձագանքն առնվազն այս փուլում պետք է լինի քաղաքական: Հետագայում, եթե պարզ դառնա, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը որոշել է դուրս գալ տարածաշրջանից, մենք, հնարավոր է, փաստի առաջ կանգնենք: Բայց Հայաստանի իշխանությունը այսօր նման հարց չի քննարկվում: Սպասում ենք գործողությունների, սպասում ենք արձագանքի»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե որքա՞ն են սպասելու ՀՀ իշխանությունները, Սիմոնյանը պատասխանեց, որ իրավիճակը ցույց է տալիս, որ ժամանակը շատ քիչ է մնացել: