Եթե Սահմանադրական դատարանի կողմից կասեցվել է կենսաթոշակային կուտակային վճարներ չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկելու հոդվածը, ի՞նչ իրավունքով է կառավարությունը գործատուներին պարտադրում աշխատողների աշխատավարձերից պարտադիր վճարներ կատարել: Այս հարցը խորհրդարանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին տվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ մամուլի հրապարակումների համաձայն, հարկային մարմիններն արդեն ասել են, որ պարտադիր կենսաթոշակային վճարներ չկատարած գործատուները տուգանվում են այլ օրենքներով:
«Օրենքի դրույթների կատարումը չպետք է պայմանավորված լինի դրանց չկատարման համար համապատասխան սանկցիաներ կիրառելու հանգամանքով: Հիմա պարտադիր կուտակային վճարումները կատարվում են, և համակարգին կամավոր միացած քաղաքացիներն էլ ըստ էության այս ժամանակահատվածում իրավունք ունեն կատարելու վճարումներ կենսաթոշակային ֆոնդերին»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Նիկոլ Փաշինյանը նախարարին խնդրեց ուղիղ պատասխանել հետևյալ հարցին՝ մարդը կարո՞ղ է չկատարել պարտադիր վճարումներ, և եթե գործատուն հաշվետվությունները ներկայացնի առանց պարտադիր վճարների կատարման, այլ օրենքով կտուգանվի՞, թե ոչ:
«Իմ պատասխանը շատ հստակ էր: Գործատուներն ունեն օրենքով սահմանված պարտավորություն՝ կատարելու պարտադիր վճարներ այն անձանց համար, ովքեր պարտադիր կուտակային համակարգի մասնակից են: Երկրորդ, այն անձինք, ովքեր կամավոր միանում են պարտադիր կուտակային համակարգին, պարտավոր են կատարել պարտադիր կուտակային վճարներ: Եթե օրենքով սահմանված պատասխանատվության միջոցը կասեցված է, դա չի նշանակում, որ պարտաճանաչ գործատուները, որոնք կատարում են իրենց օրենսդրական պարտավորությունները, պետք է դա պայմանավորեն սանկցիաներ լինելով կամ չլինելով: Սա կարծում եմ՝ շատ հստակ պատասխան է»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Կարդալ ավելին