Ականի պայթյունի դեպքը, որն ավարտվեց ողբերգությամբ, հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի զինված ուժերում տիրող անփութությունը. փորձագետներ

Ականի պայթյունի դեպքը, որն ավարտվեց ողբերգությամբ, հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի զինված ուժերում տիրող անփութությունը. փորձագետներ
Ականի պայթյունի դեպքը, որն ավարտվեց ողբերգությամբ, հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի զինված ուժերում տիրող անփութությունը. փորձագետներ

Առաջնագծում ականի պայթյունի դեպքը, որն ավարտվեց ողբերգությամբ, հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի զինված ուժերում տիրող անփութությունը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած միջադեպին:

«Եթե անգամ դիպուկահարի կրակոցի հետևանքով ենք զոհ ունենում, դա ևս անփութության հետևանք է, էլ չենք խոսում ականի պայթյունի կամ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհերի մասին: Սա ցույց է տալիս բանակում կարգապահության և կազմակերպչական առումով առկա անփութությունը»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակատանկային ականի պայթյունից մահացել էր երեք, ծանր վիրավորվել՝ մեկ զինծառայող: Դեպքը տեղի էր ունեցել ինժեներական աշխատանքներ կատարելիս:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել էր, որ դեպքով ծառայողական քննություն է անցկացվում, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն քննությունից հետո: «Ցավոք, այո՛, առաջնագծում լինում են նաև նման դեպքեր: Մենք պետք է խորամուխ լինենք խնդրի մեջ, որից հետո պարզ կլինի՝ արդյոք որևէ մեկի մեղքո՞վ է եղել դա, թե՞ անզգույշ գործողությունների հետևանք էր»,- ասել էր փոխնախարարը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում է, որ բոլոր նմանատիպ դեպքերում պետք է պատասխանատուներ լինեն:

«Եթե նույնիսկ զոհեր չլինեին, բայց անփութության հետևանքով նման դեպք է եղել, պետք է պատասխանատու մարդիկ լինեն: Սա ամենակարևոր խնդիրն է, որը պետք է լուծվի: Դա նշանակում է, որ ականապատ դաշտերի քարտեզագրումը կամ ականազերծումը ճիշտ չի արվել, դրա հետևանքով պայթյուն է եղել»,- ասաց իրավապաշտպանը:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը սա ցավալի ու արտառոց դեպք է որակում, քանի որ միանգամից երեք զոհ ու մեկ ծանր վիրավոր ունենք: Ըստ Պապյանի՝սա հերթական անգամ ցույց է տալիս, որ այդ սահմանին, որը 1995 թվականից կա, աշխատանքները ճիշտ չեն կազմակերպվում:

«Ղեկավարությունը միշտ մեղադրում է զոհերին, ասելով, թե իրենց անզգուշության հետևանքով է եղել դեպքը: Ամեն դեպում միշտ կարելի է արդարանալ ու ասել, թե զոհի անզգուշության հետևանք է դա, բայց այդպես չպետք է լինի, հատկապես Հայաստանի պարագայում, քանի որ դա արդեն տասնամյակներ շարունակ կայացած սահման է»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Նա մի շարք հարցադրումներ է առաջ քաշում այս դեպքով: «Սահմանին ամեն ինչ պետք է հստակ լինի: Ի՞նչ է նշանակում՝ զինծառայողները չեն իմացել, որ այդտեղ ական կա, շփոթվել են: Դա նշանակում է, որ ինչ-որ մեկի սխալն է՝ սակրավորների, ինժեներական կազմի կամ մեկ ուրիշի: Ինչո՞ւ համապատասխան նշաններ չեն եղել այդ վայրում: Ամեն ինչ պետք է ճիշտ կազմակերպել՝ ելնելով այն հիմնադրույթից, որ զինվորը կարող է անգամ անզգույշ լինել կամ ոչ խելամիտ»,- ասաց նա:

Ըստ Պապյանի՝ բանակի ղեկավարությունը պետք է կարողանա ապահովել զինծառայողների անվտանգությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինծառայողը կարող է նաև ուշադիր չլինել: Բնական է, որ մարդիկ ամիսներ շարունակ նույն վայրում ծառայելով, հոգնում են, կորցնում զգոնությունը, այնպես պետք է արվի, որ անվտանգությունը բարձր մակարդակի վրա լինի:

Արա Պապյանը բարձրացնում է նաև նման դեպքերում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Ըստ նրա՝ նմանօրինակ դեպքերում լուրջ պատիժներ չեն լինում, ինչը սխալ է:

«Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում լուրջ հետաքննություն չի լինում, և մեղադրում են զոհերին, ասում՝ իրենք չպետք է այնտեղ գնային: Իսկ մենք չգիտենք, թե այդ պահին ի՛նչ հրահանգ է տրվել զինծառայողներին: Միգուցե պետք է արագ ինչ-որ ինժեներական աշխատանքներ կատարվեին, և նրանք ստիպված անզգույշ են եղել: Զգուշավորությունն ավելի երկար ժամանակ է պահանջում: Այսինքն՝ այդ ամենը պետք է ուսումնասիրվի, որպեսզի նման դեպքեր չլինեն»,- հավելեց Պապյանը:

Հիշեցնենք, որ այս դեպքով մի շարք հարցադրումներ էր առաջ քաշել նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր, որ հանրությունը պետք է ճիշտ պատասխան ստանա, թե ինչու են տղաներն ականի վրա պայթել:

«Նրանք անկարգապահություն են արել և պայթյունի պահին գտնվել այնտեղ, որտեղ չպե՞տք է գտնվեին: Եթե այդպես է, ո՞վ է նրանց հրամանատարը և ինչո՞ւ չի կարողացել կարգ հաստատել իրեն ենթակա կազմի շրջանում: Սա վերաբերում է նաև այն դեպքին, երբ պայթյունը տեղի է ունեցել ականի հետ անզգույշ վարվելու դեպքում: Տարածքը գտնվել է թիկունքո՞ւմ, այդ դեպքում ինչո՞ւ ականազերծված չի եղել կամ ինչո՞ւ զգուշացնող նշաններ տեղադրված չեն եղել»,- հարցադրում է անում Փաշինյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am