Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վճռական կեցվածք չի ցուցաբերում Ուկրաինայի հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների՝ Ուկրաինայի խնդրին վերաբերող հարցերին, գրում է Ermenihaber.am-ը։

Խնդրի առնչությամբ Եվրամիության դիրքորոշման անդրադառնալով՝ Էրդողանը նշել է, որ այս պահին ԵՄ-ն և արևմտամետ շրջանակները լուրջ վճռական դիրքորոշում չեն ցուցաբերում: Ըստ նրա դիտարկման՝ բոլորն Ուկրաինային լիուլի խորհուրդներ են տալիս, որով հնարավոր չէ, ինչ-որ բանի հասնել: Նա նշել է, որ խորհուրդներից այն կողմ որևէ քայլ չի արվում: 

Այս համատեքստում անդրադառնալով փետրվարի 25-ին անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ Էրդողանը նշել է. «Գագաթնաժողովին քննարկելու ենք, թե ինչպիսի քայլերն են արվում, կամ պիտի անենք: Չպետք է լիուլի խորհուրդ տալ, դատապարտել և այս գործը վերածել Քարագյոզի ու Հաջիվաթ (թուրքական ստվերային թատրոնի կերպարներ) խնջույքի»:

Էրդողանը հույս է հայտնել, որ այսօր կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ավելի վճռական կեցվածք կլինի: Ըստ նրա՝ մինչև այս պահը դեռ հստակ դիրքորոշում և վճռականություն չի ցուցաբերվել, ինչը չի տեղավորվում ո՛չ բարեկամության և ո՛չ էլ համերաշխության տրամաբանության մեջ: