Ամեն ինչ նոր է միայն սկսվում. «Լրագիր»

Ամեն ինչ նոր է միայն սկսվում. «Լրագիր»
Ամեն ինչ նոր է միայն սկսվում. «Լրագիր»

ՀՀԿ Խորհրդի փետրվարի 12-ի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը ոչ այլ ինչ էր, քան ամպրոպ խաղաղ երկնքում: Թեեւ Հայաստանի ներքաղաքական երկինքը ամենեւին էլ հնարավոր չէր խաղաղ համարել, հատկապես վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին, այդուհանդերձ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի բովանդակության ֆոնին մինչ այդ տեղի ունեցած զարգացումները հավասարազոր էին գրեթե անվնաս խաղի: ԲՀԿ-ի վերջին շրջանի ակտիվացումներին Սերժ Սարգսյանը փաստորեն տվեց չափազանց […]

ՀՀԿ Խորհրդի փետրվարի 12-ի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը ոչ այլ ինչ էր, քան ամպրոպ խաղաղ երկնքում: Թեեւ Հայաստանի ներքաղաքական երկինքը ամենեւին էլ հնարավոր չէր խաղաղ համարել, հատկապես վերջին շրջանի իրադարձությունների ֆոնին, այդուհանդերձ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի բովանդակության ֆոնին մինչ այդ տեղի ունեցած զարգացումները հավասարազոր էին գրեթե անվնաս խաղի:

ԲՀԿ-ի վերջին շրջանի ակտիվացումներին Սերժ Սարգսյանը փաստորեն տվեց չափազանց կտրուկ արձագանք, որը հավասարազոր է Գորդյան հանգույցը մեկ հարվածով քանդելուն: Սակայն, նաեւ անկասկած է, որ դրանով ոչ թե ամեն ինչ ավարտվում է, այլ երեւի թե նոր է միայն սկսվում: Պարզապես սկսվում է այլեւս լիովին այլ տրամաբանությամբ: Սերժ Սարգսյանը փաստորեն մերժեց կոալիցիա կազմելու Գագիկ Ծառուկյանի առաջարկը, հարցը դնելով ամեն ինչ կամ ոչինչ շեշտադրումով: Ավելին, Սերժ Սարգսյանը ոչ միայն կոալիցիայի առաջարկն է մերժել, այլ նաեւ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունն ընդհանրապես, հայտարարելով այդ գործունեությունը չեզոքացնելու «ճանապարհային քարտեզի» մասին:

Ինչ պետք է անի Գագիկ Ծառուկյանը: Եթե նա վերջին մի քանի օրերին առավելագույնս հստակեցրել էր իր մոտեցումներն ու անելիքները, ապա Սերժ Սարգսյանն ընդհանրապես քաշեց գիծը, Գագիկ Ծառուկյանին ստիպելով անցնել կոնկրետ անելիքի: ԲՀԿ առաջնորդի անելիքի առումով ներկայում ընտրություն չի մնացել: Նա հայտարարում էր, որ եթե Սերժ Սարգսյանը մերժի կոալիցիայի առաջարկը, ապա կմնա հանդես գալ արտահերթ ընտրությունների պահանջով:

Գագիկ Ծառուկյանին կարծես թե այլ բան չի մնում, քան ներկայացնել այդ պահանջը: Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը ներկայացրել է, թե ինչ գին կարող է վճարել Ծառուկյանն այդ պահանջի համար՝ հարկային պարտավորություններ, քրեական պատմությունների ուսումնասիրություն, ինչը փաստացի կարող է հանգեցնել նաեւ ԲՀԿ-ում այն երեւույթի ձեւավորմանը, որը կոչվում է «առնետավազք»:

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է հանուն հասարակության վստահության կորցնել իր ունեցվածքը: Մինչ այդ նա չի հայտնվել այդպիսի ռեալ ռիսկի առաջ: Ներկայում ԲՀԿ առաջնորդը կանգնում է հենց այդ իրավիճակի առաջ: Ինչ է անելու Ծառուկյանը, բնականաբար պարզ կլինի առաջիկայում: Դժվար է ասել նաեւ, թե արդյոք սպասելի էր նրա համար Սերժ Սարգսյանի այդօրինակ կոշտ եւ նույնիսկ կոպիտ արձագանքը:

Վերջին օրերին, այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանի անձնական պատասխանատվությունը տեղի ունենալիքի համար մատնանշել էր նրա խնամին՝ Հովիկ Աբրահամյանը, նա կարծես թե խուսափում էր կտրուկ գործողություններից: Ավելին, նա այսօր այցելել էր ոստիկանապետ Վովա Գասպարյանին՝ իր կուսակցի հանդեպ բռնության գործով, նաեւ խոստացել էր 100 հազար դրամ նրան, ով տեղեկություն կհայտնի այդ բռնության կապակցությամբ:

Հատկանշական է, որ Գագիկ Ծառուկյանը նոր էր վերադարձել մոսկովյան այցից, որտեղ ընդունելության էր արժանացել Եդինայա Ռոսիայի պատգամավորների մակարդակով, միաժամանակ հանդիպել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ըստ մամուլի հրապարակումների: